Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հանգամանքներ ի հայտ չեն գալիս

Սեպտեմբեր 21,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը դատարան բերվեցին բոլոր 7 ամբաստանյալները։ Նախորդ նիստում ընթերցվել էր ամբաստանյալ Կարեն Հունանյանի դիմումը, բնականաբար, դատարանը նրան հնարավորություն տվեց (երրորդ անգամ) միջնորդություն անելու։ Առանձնապես նոր բան չասաց ամբաստանյալը։ Նա խոսեց ԱԱՆ քննչական մեկուսարանում իր եւ իր հարազատներին ճնշումների ենթարկելու մասին՝ մասնավորապես ծնողների։

Մինչեւ երեկ մեզ հայտնի չէր, թե արդյոք նրա ծնողները ճնշման ենթարկվելու առիթով դիմել են որեւէ իրավապահ մարմնի կամ արդյոք ճնշման ենթարկվել են։ Ընդհակառակը, հանրապետությունում գտնվող նրա հայրը, կարծես թե, ակտիվ լրագրողական որոնումների մեջ է։ Կարեն Հունանյանը սպառնալիքներից մեկը համարեց Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ԱԱ նախարարի հետ իր հանդիպման պահանջը. «Ինձ սպառնացել են նախագահի մոտ տանել՝ պայթեցնելու նպատակով»։ Հավանաբար, ինչպես դուք, այնպես էլ մենք, չհասկացաք, թե ինչ պայթեցնելու մասին էր խոսքը, ում կողմից եւ ինչու։

Ամբաստանյալը, ինչպես իր շատ մտքեր, այս միտքն էլ չավարտեց։ Մի միջնորդություն էլ արեց իրեն եղբոր հարցաքննության փուլում դատարան բերելու մասին։ Նա ասաց. «Մեկուսարանում թերթեր ընթերցելուց պարզ է, թե Նաիրի Հունանյանը ոնց է հարցերին պատասխանում։ Որոշակի երանգ եմ տեսնում»։

Ահա սա պատճառ դարձավ, որ մեղադրող Արմեն Հարությունյանը հարց ուղղեր Կարեն Հունանյանին. «Ո՞ր թերթերն եք ստանում մեկուսարանում, ի՞նչ հաճախականությամբ»։

Ամբաստանյալը նախ կմկմաց, թե ամբողջ նախաքննության ընթացքում՝ դեկտեմբերի կեսից, իրեն որեւէ թերթ չի տրվել, հետո ուղղեց, դեկտեմբերի վերջից ստացել է «ՀՀ» օրաթերթ, մայիսի 4-ից՝ իր գրած դիմումից հետո, թերթ չի տրվել։ Նա հայտնեց, որ որոշակի հաճախականությամբ իրեն տրամադրվում է «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» եւ «Հայոց աշխարհ» թերթերը։

Ըստ էության, նրա միջնորդությունը, ճնշումների հետ կապված, ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու, դատարանը որոշեց դատական նիստի քաղվածքը ուղարկել գլխավոր դատախազությանը։ Երբ դատական առաջին ընդմիջումը պետք է հայտարարվեր, մեղադրողները հանդես եկան կարճ հայտարարությամբ։ Նրանք ասացին, որ իրենք հետեւում էին ամբաստանյալներ Նաիրի Հունանյանի եւ Համլետ Ստեփանյանի վարքագծին. «Նկատվում են Ն. Հունանյանի եւ Հ. Ստեփանյանի միջեւ խոսակցություններ, հենց նոր, մեր առաջին հայտարարությունից հետո։ Հ. Ստեփանյանի մոտ կար ծալված թուղթ, եթե դժվար չէ՝ ստուգեք»։ Խնդիրը չհասավ ստուգման։

Ամբաստանյալ Ստեփանյանը ցույց տվեց ծալված թուղթը. անձեռոցիկ էր՝ նստատեղին սրբելու համար…

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, որը իր իսկ հայտարարությամբ, երեկ պետք է դադարեցներ փաստաբան Աշոտ Սարգսյանի հարցերին պատասխանելը, պատրաստակամություն հայտնեց եղբոր կորցրած ժամերի փոխհատուցումն անել՝ երկու ժամ ավել պատասխանել փաստաբանի հարցերին։ Փաստաբան Սարգսյանին հետաքրքրում էր լրագրող Նաիրի Բադալյանի հետ անցագրայինից ԱԺ դահլիճ ճանապարհին նրանց խոսակցությունը, մասնավորապես, կարմիր թղթապանակը Ն. Բադալյանին, զուգարանի մոտ, հանձնելու դրվագը։

Փաստաբանը հիշեցրեց, որ այդ պահին Հունանյանի կողքին էին Վռամ Գալստյանը, Կարենը եւ, սակայն, ամբաստանյալը գերադասել էր հանձնել «չգիտես որտեղից քեզ կպած» Նաիրի Բադալյանին։ Ամբաստանյալը իր արարքը հիմնավորեց այսպես. «Իմ անմիջական ձախ կողմից քայլում էր Նաիրի Բադալյանը։ Ընդհանրապես, ես Բադալյանից որեւէ վտանգ չէի տեսնում»։

Երբ փաստաբանը հարցրեց, թե ամբաստանյալը մտավախություն չի՞ ունեցել, որ իր լրագրող գործընկերն ավելորդ հետաքրքրասիրություն կցուցաբերի թղթապանակում առկա իշխանափոխության կոչերի, փաստաթղթերի նկատմամբ եւ որն էր իր այդ արարքի տրամաբանությունը, ամբաստանյալ Հունանյանը պատասխանեց այսպես. «Տրամաբանությունը ոչ մի բանի մասին չմտածելն էր»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930