Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ

Հոկտեմբեր 04,2001 00:00

Ճապոնիան հրաշք է, բայց իրենց համար է Հայ կերպարվեստի ժամանակակից ներկայացուցիչներից Հենրիկ Վարդենիկցու ստեղծագործություններն ունեն հարուստ կենսագրություն։ Սկսած 1983 թվից, ներկայացվել են հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների: Հայ գեղանկարչական դպրոցի լավագույն ավանդույթները շարունակողի վրձնահարվածներին վերջերս ծանոթացան նաեւ Ճապոնիայում։ – Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել։ – Անմեկնելի, Ճապոնիան մի երկիր է, ուր լուծված են բոլոր հարցերը (անգամ բոմժ չունեն), խենթանում էինք անաղմուկ վերելակներում, գնացքներում, ջրի, գետնի տակով ու վրայով ճանապարհորդելիս, ավտոճանապարհներին, բազմահարկ կամուրջներով անցնելիս։ Ամենուրեք մաքուր էր (Եվրոպայի նման չէր եւ պատերին ավելորդություն չկար), փոշու հատիկ գոյություն չուներ։ Գոյություն չուներ նաեւ վճարովի զուգարան (միակ վճարովին Ֆուձիյամայում էր) եւ, ի հակառակ մեր վճարովիների, նրանց անվճարները փայլում էին մաքրությունից։ Ճապոնացիներն անվերջ ձգտում են օգտագործել բարձրությունը եւ հանճարեղ իմպրովիզատորներ են, նրանք վերցրել են անգլիական կառավարման համակարգը՝ իրենց ազգայինը չվնասելով։ Զարմանալի էր նաեւ այն, որ 13 տարի մանկավարժական ստաժ ունեցողը գնում է վաստակած հանգստի՝ բարձր թոշակով (Ճապոնիայում նվազագույն թոշակը քառանիշ թիվ է կազմում)։ – Ամենամեծ անակնկալը ո՞րն էր։ – Երբ ցուցահանդեսի մի անկյունում դրված սեղանին տեսա Հայաստանին ու հայերին նվիրված տարբեր տարիների Ճապոնիայում տպագրված գրքեր, հանգամանք, որ չունեին ոչ վրացիները, ոչ էլ ադրբեջանցիները։ Անակնկալ էր նաեւ, երբ Մելանյա անունով հայուհին մեզ տարավ Տոկիոյի մերձակա քաղաքներից մեկի գերեզմանատուն, ուր ննջում էին Հայաստանի Առաջին Հանրապետության կին դեսպանը (թող ներվի՝ անունը չեմ մտապահել)՝ ամուսնու եւ երկու երեխաների հետ։ Ժամանակին նա մեծ աշխատանք էր տարել Ճապոնիայում 1915թ. գաղթականներին տեղավորելու գործում եւ այդ իսկ պատճառով նշանակվել դեսպան։ – Ճապոնիայում հայկական համայնք կա՞։ – Որպես այդպիսին՝ չկա, բայց կան հայեր ու ճապոնացիներ, որ զբաղվում են հայ մշակույթի խնդիրներով (Մելանյայի ճապոնացի ամուսինն էր գրքերի ցուցադրության հեղինակը)։ – Ի՞նչ տվեց ցուցահանդեսին մասնակցությունը, եւ արդյո՞ք ճապոնացիները գիտեն հայ նկարիչներին։ – Ի զարմանս ինձ, ճապոնացիները լավ ինֆորմացված էին, գիտեին հայ նկարիչների ու քանդակագործների։ Մի կոլեկցիոներ խոստացավ չորս նկարչի հրավիրել Ճապոնիա։ Վաճառվեցին իմ մի շարք աշխատանքներ։ Դրանք գնեցին բարձրաստիճան պաշտոնյաներ։ – Հատկանշական ի՞նչ տարբերություն կա մեր եւ ճապոնացիների միջեւ։ – Հայերս ասում ենք՝ ես, ճապոնացիները՝ մենք, նրանք նվիրյալներ են: Նմանություն էլ ունենք, երկուսիս հարստությունն էլ մարդն է, պետք է գնահատենք մարդը։ – Հիացած եք Ճապոնիայով, ու Ձեզ գնահատեցին այնտեղ, առաջարկի դեպքում կմնայի՞ք։ – Առաջարկեցին, ասացի՝ ոչ, այնքան լավ եք սարքել Ճապոնիան, որ այդ ամենը տիրոջ համար է եւ ոչ օտարի, ես այնտեղ չունեմ իմ փակվելու տեղը։ – Սովորաբար ժամանակակից նկարիչներն այլ կերպ են նայում Վերածննդի դարաշրջանին, համարելով նրանց գործերը ֆոտոնկար, իսկ Դո՞ւք։ – Ինձ համար կան դասականներ՝ Լեոնարդո դա Վինչի, Էլ Գրեկո, Ռեմբրանդտ եւ այլք, ժամերով կարելի է նայել ու հիանալ։ – Ի՞նչն է կարեւոր նկարչի համար։ – Որ նկարչին էլ խոսեցնեք, կասի՝ միջոց ունենալը, ցուցադրվելն ու արարելը։ Հայաստանում նկարչությամբ ապրելը տրված է քչերին։ Ցանկալի կլիներ, որ «Վերնիսաժին» փոխարիներ մի տարածք՝ «գալերեայի» ձեւով, լիներ գործող համակարգ, որ գնորդը կարողանար ճիշտ ընտրություն անել։ Նավթ չունենք, բայց նկարչություն ունենք, հարկ է արժանին մատուցել, եւ այս խնդրում անելիք ունի քաղաքապետարանը։ Զրուցեց ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել