Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ կրթության եւ գիտության նախարարությունում կրքերը շիկացել են։ Դա այս նախարարությունում պատահու

Հոկտեմբեր 05,2001 00:00

Կադրային ջարդ՝ ԿԳՆ-ում Դարձյալ կրթության եւ գիտության նախարարությունում կրքերը շիկացել են։ Դա այս նախարարությունում պատահում է կա՛մ բուհերի ընդունելության քննությունների, կա՛մ հերթական կառուցվածքային-կադրային փոփոխությունների ժամանակ։ Այս անգամ վերջին դեպքն է։ Մի երկու շաբաթից ԿԳ նախարարն իր աշխատակազմի լուծարման հրամանը կարձակի, իհարկե, երկու ամսվա աշխատավարձի պահպանումը երաշխավորելով։ Անհանգիստ են նախարարության թե՛ ներքին օղակների աշխատակիցները, թե՛ փոխնախարարները։ Նախատեսվում է նախարարության աշխատակազմը կրճատել 30%-ով, իսկ չորս փոխնախարարներից թողնել միայն երկուսին։ ՀՀ կառավարությունը որոշել է «կառուցվածքային բարեփոխումներ» անցկացնել մի քանի նախարարություններում, այդ թվում՝ ԿԳՆ-ում։ Եվ այս հերթական «բարեփոխման» պատճառով կրկին անորոշ ժամանակով կազմալուծվել է նախարարության աշխատանքը, որն առանց այդ էլ փայլուն չես գնահատի։ Աշխատակիցներից ոչ ոք դեռեւս տեղյակ չէ, թե ի՞նչ սկզբունքների եւ չափանիշների հիման վրա է կատարվելու նոր կադրերի ընտրությունը եւ ո՞վ կընկնի 30% կրճատման մեջ։ Բնականաբար, ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը հարմար առիթը կօգտագործի իր համար ոչ ցանկալի աշխատակիցներից ազատվելու համար։ Մասնավորապես հայտնի է, որ ԿԳ նախարարը վաղուց է երազում ԿԳ փոխնախարար Վարդան Գրիգորյանին ազատել այս պաշտոնից։ Դեռեւս ամիսներ առաջ միավորվել էին Արտաքին կապերի եւ Սփյուռքի վարչությունները, սակայն մինչ օրս ԿԳ նախարարը միացյալ վարչության պետ չի նշանակել։ Պաշտոնակատար է նշանակված փոխնախարար Վարդան Գրիգորյանը եւ չի բացառվում, որ Էդուարդ Ղազարյանը նրան առաջարկի հենց այդ պաշտոնը, փոխնախարարի աթոռից հրաժարվելու պայմանով։ Նախատեսվում է նաեւ միավորել բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության վարչությունները։ Միացյալ վարչության պետ, հավանաբար, կնշանակվի ԿԳ նախարարին հավատարիմ մեկը, քանի որ սա ամենակարեւոր վարչություններից է։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի թիկունքին ՀՀ վարչապետն է ու նրա հարազատ կուսակցությունը։ Այնպես որ, այս փոխնախարարն իր աթոռը դժվար թե կորցնի։ Ֆինանսատնտեսական հարցերով փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը Էդուարդ Ղազարյանի մտերիմ ընկերն է, ու հնարավորության դեպքում նախարարը պիտի աշխատի նրան պահել։ Թեեւ չի բացառվում, որ պարզապես այդ հաստիքը կրճատվի եւ պրն Զարգարյանը վարչության պետի պաշտոն ստանա կամ խորհրդականի, ինչը մի անգամ արդեն եղել է։ ԿԳ նախարարն առանձնապես բարյացակամ չէ միջնակարգ կրթության հարցերով փոխնախարար Աիդա Թոփուզյանի նկատմամբ եւ դեռեւս իր պաշտոնավարման առաջին օրերից նրան պաշտոնանկ անելու ցանկություն ունեցել է։ Սակայն ամենայն հավանականությամբ Աիդա Թոփուզյանն այս անգամ էլ բարեհաջող կանցնի կառուցվածքային փոփոխությունները։ Նախարարության աշխատակիցներն այժմ իրենց ծանոթ-բարեկամների շրջանակն են «թափ տալիս»՝ կրճատման արհավիրքը շրջանցելու ցանկությամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել