Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՜Վ ԾՈՐԱԿ

Հոկտեմբեր 05,2001 00:00

ՁԱՅՆ ՏՈՒՐ, Ո՜Վ ԾՈՐԱԿ Արդեն երեք ամառ, երկու ձմեռ մենք մեր ծորակի ձայնին ենք սպասում։ Ամիսներ առաջ գոնե խիղճ ուներ, մեկ-մեկ զգացնել էր տալիս, որ կա, գոյություն ունի։ Հիմա դա էլ չկա, մեր ծորակը մոռացել է մեզ։ Լավ, մենք՝ Դավիթաշեն թաղամասի (գյուղի) 5-րդ փողոցի բնակիչներս, սկսած Կարապետ Սահակյանի, վերջացրած Տիգրան Ոսկանյանի տներով, ինչ մեղք ենք գործել, որ այն երես է թեքել մեզնից։ Ինչ անենք, երեւի թե կազմենք մեր փողոցի աղջիկների ցուցակը, անցկացնենք վիճակահանություն եւ որոշենք նրանց ջրի վիշապին հանձնելու հերթականությունը։ Բայց երեւի թե մեղք ունենք, որ մեր փողոցը ներքեւում է։ Այդ դեպքում, ավելի լավ, մեր ջուրն ավելի առատ պետք է լիներ։ Սակայն ջուրն առատ է մեզնից մեկ փողոց վերեւի բնակիչների համար, որտեղ հին դպրոցն է, հենց այստեղ, խաչմերուկում, խմելու ջրի լյուկում, որի կափարիչը բացելիս ջրի ուժգնությունից դժվարանում ես այն ամրացնել։ Բայց այդ առատությունը մեզ համար չէ։ Մենք էլ ստուգել ու ճշտել ենք, որ այդտեղից դեպի մեր փողոց իջնող ջրի խողովակում գնալով մեծանում է «անհայտ» մարդկանց կողմից խցկած քարերի թիվը։ Մենք էլ փողոցի բնակիչներով խելք ու միտք ենք անում, թե եկեք հավաքվենք, տեխնիկա վարձենք, քանդենք, մի տասը մետրի չափով էլ խողովակը փոխենք, որ մեր վիճակը կարգավորվի։ Բայց մեր խոսք ու զրույցը դրանից այն կողմ չի անցնում։ Մտավախություն կա. ի՞նչ երաշխիք, թե այդ ծախս ու չարչարանքից հետո նույնը չի կրկնվի։ Օրինականությունից եւ կարգուկանոնից շատ հեռու այսօրվա պայմաններում մեկն իր քեֆին ինչ ասես անում է ի վնաս մյուսների, վերջիններս էլ հայտնվում են անորոշ վիճակում։ Եթե այսօր հեռու-հեռվից խմելու ջուր ենք մի կերպ հայթայթում՝ ժամանակ եւ ուժեր վատնելով, ի՞նչ ենք անելու ձմռանը։ Իսկ ջրի ծորակը համառորեն չի արձագանքում մեր թախանձանքներին։ Ծորակն էլ է դարձել անխիղճ՝ որոշ մարդկանց նման։ Տեսնես Ջրմուղ-կոյուղին ի՞նչ կասի։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել