Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Հոկտեմբեր 05,2001 00:00

ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ Ամերիկացիները շարունակում են ապրել անընդհատ վախի ու ահի մթնոլորտում։ Անձեռնմխելիության միֆը ցրվելուց հետո նրանք վախենում են սեփական ստվերներից։ Եվ դա բնական է, քանի որ անընդհատ խոսվում, գրվում, ցուցադրվում է ահաբեկչության մասին։ Մի քանի մեքենաներ են հայտնաբերել՝ թունավոր գազերով բեռնված։ Ահաբեկչական ակտից հետո անցած երեք շաբաթների ընթացքում մի քանի խոշոր ընկերություններ սնանկացան, այդ թվում՝ որոշ հայտնի ավիաուղիներ։ Մոտ 60 հազար մարդ կորցրել է իր աշխատանքը՝ տարբեր ավիաընկերություններում, քանի որ թռիչքների դադարեցման պատճառով օրական միջինը 30 մլն դոլար են կորցնում ավիաուղիները։ Բացի այն, որ մարդիկ վախենում են օդանավ նստել, եւ շատ թռիչքներ են հետաձգվում, կա օդաչուների մեծ պակաս, քանի որ Բուշը պահեստային օդաչուներին հետ է կանչել։ Կտրուկ ընկել է մեքենաների գինը։ Տները չեն վաճառվում, հյուրանոցները գրեթե դատարկ են։ Սնանկացել են զբոսաշրջիկությամբ զբաղվող մի շարք ծառայություններ։ Ֆլորիդայի հայտնի Մայամի ծովեզերքը դատարկ է։ Դատարկ են նաեւ մյուս լողափերը։ Մարդիկ չեն մեկնում հանգստանալու, չեն ցանկանում իրենց բնակարաններից դուրս գալ։ Երկնաքերների վերին հարկերում բնակվողները ցանկանում են վաճառել տները եւ մի որեւէ ցածր հարկում տուն գնել։ Կտրուկ աճել է հակագազի եւ նմանատիպ ապրանքների արտադրությունը եւ պահանջարկը։ Վիճակագրական տվյալներով, վերջին երեք շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում ամենաշատը վաճառվել են ամերիկյան դրոշներ, հակագազեր եւ անտիբիոտիկներ։ Թեեւ վերջիններիս, մասնագետների պնդմամբ, տեռորի դեպքում որեւէ օգուտ չեն կարող տալ։ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ Նյու Յորք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել