Լրահոս
Օրվա լրահոսը

Համամիութենական

Հոկտեմբեր 18,2001 00:00

ԿԻԹԱՌԸ «ՊԼՅԱԺՆԻ» ԳՈՐԾԻՔ ՉԷ Համամիութենական երրորդ փառատոնի (Ուկրաինա, 1982թ.) դափնեկիր, Հայաստանի ֆիլհարմոնիայի մենակատար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի արվեստին ծանոթ է ոչ միայն հայ, այլ նաեւ ֆրանսիացի, իտալացի, հույն, գերմանացի, լեհ, բելգիացի, էստոնացի, վրացի… ունկնդիրը։ Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունեցած մենահամերգում երաժիշտը հնչեցրեց իսպանական ֆլամենկո երաժշտության ընտիր նմուշներ եւ նույնիսկ հայ կոմպոզիտորի երկ։ Կիթառահարը մենահամերգը «վարեց» բուռն թափով։ Այսպես՝ արեւի քնքուշ ճառագայթները երբեմն պատվում էին ամպրոպի ամպերով։ Մտրակում էին կայծակի շեղբերը, ճայթում էր ամպը… մի խոսքով՝ հնչում էր իսպանական կրքոտ, դասական ֆլամենկոն։ Մոտավորապես այսպես կարելի է նկարագրել երաժշտի ինքնատիպ կատարումը։ Ամեն մի երկ, սկսած առաջին իսկ տակտերից մինչեւ վերջին ակորդները, ենթարկվում էր միայն մի բանի՝ երաժշտականությանը։ Նա խորությամբ բացահայտում է յուրաքանչյուր ստեղծագործության բովանդակությունը եւ ընդգծում հուզական միտքը։ Զարմանալի է նրա պրոֆեսիոնալիզմը, որը բացահայտվում է գործիքային ճշգրտության եւ դինամիկ կոնտրաստների մեջ։ Այսօր, երբ հանրապետությունում ասում ենք կիթառահար, հասկանում ենք՝ Հակոբ Ջաղացպանյան եւ հակառակը։ Այս առիթով կիթառահարն ասում է. «Հիանալի կիթառահարներ ունեինք, որոնք 10-13 տարի առաջ գնացին ու գնացին… Ճիշտ է, Կոնսերվատորիայում գործում է կիթառի դասարան, բայց այսօրվա կիթառահարների երաժշտական գիտելիքները սահմանափակ են։ Երբ նվագում ես ունկնդրի առաջ, հենց այնպես չես նվագում, պատմում ես։ Իսկ պատմելու համար պետք է իմանաս, թե ի՞նչ ես պատմում։ Գալիս է պահ, երբ վրդովված ասում ենք, թե հայ կոմպոզիտորները չեն գրում կիթառի համար, բայց նրանք պետք է իմանան, չէ՞, որ հանրապետությունում պրոֆեսիոնալ կիթառահարներ կան»։ Հասկանում ենք, որ ժամանակ է հարկավոր, եւ կգա այն պահը, երբ կոնսերվատորիական կրթություն ստացած կիթառահարը զինված կլինի եւ ընդհանուր երաժշտական գիտելիքներով։ Այսօր արդեն հատուկ ստեղծագործություններ են գրվում կիթառի համար։ Հ. Ջաղացպանյանը այս առիթով հիշում է. «Երբ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ առաջին անգամ փորձում էի կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Սկերցոն», անգամ նվագախմբի երաժիշտները հետո հիացմունքով հարցնում էին, թե էս կոմպոզիտորը ո՞վ է, կա՞, թե՞ չկա… Գուցե փոքր-ինչ չափազանցնում եմ, բայց կիթառը այսօր էլ դիտվում է լայն մասսաների կողմից որպես «պլյաժնի» գործիք։ Ասածս այն է, որ դեռ ընտելացած չէ մեր ունկնդիրը կիթառի հնչողությամբ լսել Պագանինի, Բախ, Վիվալդի, Ալբենիս, Գրանադոս, ասել է թե՝ դասական կոմպոզիտորների գործեր։ Կրկնում եմ, այս ուղղությամբ Կոնսերվատորիայում աշխատանք է տարվում եւ մեծ աշխատանք»։ Ըստ հավաստի տեղեկությունների, Սիրիայում կիթառահարի համերգին ունկնդիրը եկել է լոլիկներով, իսկ հետո զարմացել են ու շշմել երաժշտի բարձրարվեստ ու բարձրակարգ կատարումներով։ Հ. Ջաղացպանյանը պատմեց Դամասկոսի կոնսերվատորիայի կիթառի դասարանի ցածր մակարդակի մասին, ուր նա հրավիրված էր դասավանդելու։ Իր բառերով՝ «Լկստված դասարան էր, որտեղ մինչ իմ մեկնելը դասավանդել էին կիթառահարներ Ռուսաստանից, Բեյրութից ու Հունաստանից։ Առաջին իսկ դասերից, երբ լսեցին, թե ինչ գործիք է կիթառը, ինչպես է հնչում Բախը… եւ այլ դասականներ, ամեն ինչ փոխվեց, ամենակարեւորը՝ փոխվեց վերաբերմունքը կիթառի նկատմամբ։ Իմ թիվ 1 նպատակն է՝ «պլյաժնի» գործիքից կիթառը գրավի իր տեղը։ Մեծ մտածողի խոսքերով. «… արվեստում միայն հուզիչն է գործում անդիմադրելի»։ Իսկ կիթառը հուզելու բոլոր հնարավորություններն ունի»։ Լրացնենք երաժշտի միտքը՝ միայն պրոֆեսիոնալ կիթառահարի շնորհիվ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել