Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանցից ինչքան հեռու՝ էնքան լավ»

Հոկտեմբեր 18,2001 00:00

«Դրանցից ինչքան հեռու՝ էնքան լավ» Լոռու մարզում արդեն սովորույթ են դարձել կադրային պարբերական փոփոխությունները կառավարման միջին օղակներում։ Ընդ որում, այդ առիթով որեւէ պաշտոնական պարզաբանում չի լինում, ընդամենը չոր տեղեկատվություն, թե այսինչ պաշտոնում նշանակվել է այնինչը, ու ժողովուրդը փորձում է մտաբերել, թե իսկ մինչ այդ ո՞վ է եղել այդ պաշտոնում։ Ի դեպ, կարծիքներ կան, թե «փող աշխատելու» տեղերը մայրաքաղաքի կադրերին են նշանակում, իսկ տեղացիներին մնում է միայն «մեղր ուտողներին» «կողքից նայողի» դերը։ Այդուհանդերձ, պետք է նկատել, որ տեղական «զոռբաներն» էլ «խեղճ» չեն, ինչպես փորձում են ոմանք ներկայացնել իրենց։ Մինչերկրաշարժյան տարիներին ժողովուրդը անուն-ազգանունով գիտեր, թե ո՞վ է քաղկոմի քարտուղարը, գործկոմի նախագահը, դատախազը, դատավորն ու միլպետը, սակայն ներկայումս, եթե սոցիոլոգիական հարցում կատարենք, ապա բավականին տխուր պատկեր կստացվի։ Լավագույն դեպքում, սոցիալապես անապահով խավը լավատեղյակ կարող է լինել սոցիալական ծառայության (կամ՝ «ապահովության») զանազան ստորաբաժանումների ոչ միայն պետերի, այլեւ՝ նրանց… ենթակաների մասին, քանի որ նրանցից է կախված իրենց «լինել-չլինելու» հարցը, «օրախնդիր» ապագան, մի կտոր հացը։ Եթե հարցը վերաբերի իրավապահներին ճանաչելուն, ապա կարելի է լսել այսպիսի պատասխան. «Աստված ոչ անի՝ իմանանք ովքեր են. դրանցից ինչքան հեռու՝ էնքան լավ»։ Ոչ միայն մարզային ու քաղաքային կառույցները, այլեւ մարզպետին ու քաղաքապետին հնարավոր է առհասարակ շփոթել՝ պաշտոնները չտարբերակելով։ 1997թ., երբ Վանաձորի երաժշտական ուսումնարանի դահլիճում ընթանում էր Լոռու մարզխորհրդի նիստը, բողոքավոր առեւտրականների խումբը «գրոհելով» դահլիճ, դիմում է այն ժամանակվա մարզպետին ու ասում. «Քանի որ մենք ձեզ ընտրել ենք, դրա համար էլ եկել ենք դիմենք ձեզ»։ Ակնհայտ է, որ վերջիններս շփոթել էին մարզպետին քաղաքապետի հետ, որին էլ «ընտրել» էին։ Կամ՝ առավել զավեշտական մի դեպք. Վանաձորի մոտակա գյուղերից մեկում գրանցված մի կին հետաքրքրվում է, թե արդյո՞ք իրենց գյուղի գյուղապետարանը մարզպետարանում չի գտնվում։ Սա կարելի է նույնիսկ անեկդոտ համարել՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ քաղաքացիների տեղեկացվածության մասին։ Իսկ ընդհանրապես, դիտարկումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեջ առավել հաճախ շրջանառվող արտահայտություններից են՝ «Հարկայինն եկել էր», «Մարզպետարանից եկան», «Կըղհ-ն գլխին կանգնել էր» եւ այլն։ Ի դեպ, ժողովուրդը ոչ միշտ է չարությամբ խոսում իշխանությունների մասին։ Երբեմն չարությունը փոխարինվում է նաեւ բարեհոգի կատակներով։ Բանջարեղեն դատարկող առեւտրականներից մեկն, օրինակ, իր գործընկերոջը դիմելով կատակում է. «Վարչապետի ու նախարարի գործն էլ ենք մենք անում»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել