Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄՏՆԻ ԱԼՅԱՍԿԱ

Հոկտեմբեր 20,2001 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋԱՀՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄՏՆԻ ԱԼՅԱՍԿԱ Ձմեռային օլիմպիական խաղերի ջահի մուտքը Ալյասկա կլինի Խաղերից առաջ դրա ճամփորդության գլխավոր իրադարձություններից մեկը։ Եկող տարվա հունվարի 24-ին, ջահը, առանց որի ներկայության չի կարող անցկացվել եւ ոչ մի օլիմպիադա, պատմության մեջ առաջին անգամ կհատի Ամերիկայի այս նահանգի սահմանը։ Ալյասկան լինելու է Յուտայից առաջ ջահի վերջին հանգրվաններից մեկը։ Ասենք, որ ջահը ԱՄՆ-ում իր շրջագայությունն սկսելու է դեկտեմբերի 4-ին՝ Ատլանտայից (Ջորջիայի նահանգ)։ Հնագույն Օլիմպոսում վառած ջահը, որն այստեղ է հասցվելու օդանավով, ԱՄՆ-ի տարածքում ընդհանուր առմամբ հաղթահարելու է 13,5 հազար մղոն ճանապարհ։ Այս տարածության մեծ մասը ջահը կտանեն 11,5 հազար վազորդներ, այդ թվում ե՛ւ ճանաչված ամերիկացիներ, ե՛ւ հասարակ քաղաքացիներ։ Ծննդյան տոների գիշերը (դեկտեմբերի 25) ջահը կանցկացնի Նյու Յորքում, որտեղ սեպտեմբերի 11-ին կազմակերպվել էր ահաբեկչական ամենակործանիչ հարվածը։ Կազմակերպիչները ծրագրում միայն մեկ ուղղում են կատարել. այստեղ ջահը տանելու են ահաբեկչության զոհերի հարազատները։ Դրանից չորս օր առաջ՝ դեկտեմբերի 21-ին օլիմպիական ջահը կլուսավորի Վաշինգթոնի փողոցները, 29-ին այն կժամանի Լեյք Փլեսիդ, որտեղ կայացել են 1980թ. ձմեռային օլիմպիական խաղերը։ Նոր տարվա գիշերը այն կմտնի Կանադային սահմանակից Բաֆոլո։ 2002թ. առաջին մեծ կանգառը նախատեսված է հունվարի 8-9-ին՝ Սենթ Լուիսում։ Դրանից հետո օլիմպիադայի խորհրդանիշը կդիմավորեն Լոս Անջելեսի եւ Սքվո Վելլիի բնակիչները։ Այս երկու քաղաքները նույնպես տարբեր ժամանակներում հյուրընկալել են օլիմպիական խաղերը։ Այնուհետեւ ջահը կմեկնի Ալյասկա։ Յուտայի նահանգում այն կլինի փետրվարի 4-ից, իսկ արդեն փետրվարի 8-ին ջահից կբռնկվի երրորդ հազարամյակի առաջին օլիմպիական խաղերի կրակը։ Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել