Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոկտեմբեր 26,2001 00:00

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Այս օրերին Իսպանիայում ընթանում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը (աղջիկներ եւ տղաներ), որին մասնակցում են 10, 12, 14, 16, 18 տարեկան շախմատիստ-շախմատիստուհիները։ Հայաստանն այստեղ ունի իր ներկայացուցիչները։ Արդեն կայացել է չորս տուր։ Առավել հաջող են հանդես գալիս Հրայր Սիմոնյանը (10 տարեկաններ) եւ Տիգրան Գարամյանը (18)։ Երեկ Հրայրը սեւերով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 3,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։ Իսկ Տիգրանը պարտության է մատնել Ալեքսանդր Միստային (Լեհաստան) եւ նույնպես 3,5 միավորով բաժանում է 3-8-րդ հորիզոնականները։ 12 տարեկանների մրցավեճում Զավեն Անդրիասյանը հաղթելով ադրբեջանցի Այքամ Սաֆարլիին՝ իր անվան դիմաց գրանցեց 2,5 միավոր եւ 34-րդ տեղում է։ Վարդան Մովսիսյանը (14 տարեկաններ) նույնպես հաղթական միավոր վաստակեց պորտուգալացի Էնրիկե Կաստրոյից եւ 40-66-րդ տեղերը բաժանող խմբի մեջ է։ Չորրորդ տուրն անհաջող էր աղջիկներից Հայկուհի Ալեքսանյանի համար, որը պարտվեց գերմանուհի Լարա Ստոկին եւ 1,5 միավորով հայտնվեց 47-51-րդ տեղերը բաժանողների խմբում։ Դրա փոխարեն Աննա Հայրապետյանը սեւերով հաղթեց բուլղարուհի Բեատրիսա Ավրամովային։ Աննան 2.0 միավորով երրորդ տասնյակում է։ Մրցաշարային աղյուսակում մեր աղջիկներից ամենանպաստավոր դիրքն ունի Լիանա Աղաբեկյանը (16 տարեկաններ)։ Նա սեւերով հաղթելով Մոնիկա Սեպսին (Շվեյցարիա)՝ մտավ 7-18-րդ հորիզոնականները գրավողների մեջ։ Իսպանիայում Չեխիայի թիմից խաղում է (տղաների կրտսեր տարիքային խումբ՝ 10 տարեկաններ) Արգամ Ալավերդյանը։ 4-րդ տուրից հետո նա ուներ 2.0 միավոր եւ ընթանում էր աղյուսակի միջնամասում։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել