Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՄՈՌԱՑԿՈՏՆԵՐԸ

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՄՈՌԱՑԿՈՏՆԵՐԸ Գուրգեն Եղիազարյանը ԱԳՆ եւ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի կողմից կազմակերպված «Տնտեսական դժվարությունների ազդեցությունը Հարավային Կովկասի անցումային շրջանում գտնվող պետությունների անվտանգության վրա» սեմինարում այս պատգամավորը, ի զարմանս ատլանտիստների եւ արեւմտյան դիվանագետների, հեծնեց իր սիրած ձիուկը եւ սկսեց խոսել «ՀՀՇ-ի հանցագործությունների» մասին: Հասկանալի է. եթե մարդն ունի սեւեռուն գաղափար, ապա կարող է իր նախընտրած թեմայից խոսել նույնիսկ հոմեոպատների համագումարում: Պարզապես, պրն Եղիազարյանը երբեմն մոռանում է, որ այդ հանցագործների օրոք նա աշխատում էր Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ: ՀՅԴ-ն Անցած շաբաթ այդ կուսակցությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ գտնվում է Ռոբերտ Քոչարյանի գրպանում: Դաշնակցականներն անմիջապես հաշտվեցին, որ իրենց կուսակցության անդամ Պողոս Պողոսյանին սպանած թիկնապահին առաջադրեցին ընդամենը «անզգույշ սպանություն» մեղադրանքը: Մոռանալով իրենց բարձրագոչ հայտարարություններն այն մասին, որ պահանջելու են գործի բացահայտումը, նրանք անտեսեցին այն ակնհայտ փաստը, որ թիկնապահները շատ էլ միտումնավոր ձեւով են ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Պ.Պողոսյանին՝ այնպիսի վնասվածքներ, որոնք մահվան պատճառ դարձան: Ռոբերտ Քոչարյանը Նախագահը անցած շաբաթ խորհրդակցության ժամանակ «խստորեն պահանջեց» օլիգարխներից՝ վճարել իրենց ձեռնարկությունների ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց: Պրն Քոչարյանը ակնհայտորեն տարվեց իր նախագահական պարտականությունների կատարումով՝ մոռանալով, որ էլեկտրաէներգիայի վարձը չվճարողները հենց այն բիզնեսմեններն են, ովքեր ընկած են իր պոչից՝ իր տնտեսական այցերի ժամանակ, եւ հենց նրանց փոքր ու մեծ «օբյեկտներն» է նախագահը «օծում» իր մկրատով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել