«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է.
«Շաքիում այսօր տեղի ունեցածը բազմաշերտ ու խիստ մտահոգիչ խնդիրներ է նորից վեր հանել, որոնք եթե չքննվեն՝ հետագա բարդություններից խուսափելն անհնար կլինի։
Բայց նաև պետք է բացառել քաղաքական շահարկումները՝ ի շահ բոլորիս (չնայած արդեն իսկ լիուլի շահարկվել է)։
Սահմանի պատշաճ վերահսկողություն, զինվորին հայտնաբերելու ԱԱԾ գործիքակազմ, լուրջ միջոցների ձեռնարկում վնասազերծելու և այլնի մասով թերացումների գնահատական տվողը ես չեմ, սա իմ մասնագիտական ոլորտը չէ, չնայած ակնհայտ է, որ խնդիրները եղել են ու եթե արվել է՝ ապա խիստ անարդյունավետ։
Կարդացեք նաև
Բայց կանխարգելման մի կարևոր շերտ բավական արագ ու հեշտ հնարավոր էր լուծել և կարծես հենց այդտեղ էլ թերացել են պատկան մարմինները՝ կանխարգելիչ և ճգնաժամային հաղորդակցումը։
ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դեռ սեպտեմբերի 29-ին՝ այսինքն երկու օր առաջ, տեղյակ են եղել, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։
Եթե կար նման տեղեկություն և կար թեկուզ չնչին հավանականություն, որ զինված զինծառայողը գտնվում է Հայաստանի տարածքում, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ հնարավոր վտանգի գոտում գտնվող բնակավայրերի բնակիչները պատշաճ կերպով չեն իրազեկվել։
Գուցե մտածել են՝ խուճապ չառաջացնել, բայց ռազմավարական հաղորդակցությունը խուճապ տարածելը չէ։
Ճիշտ հակառակը՝ դա խուճապը կանխելու գործիք է։
Այն, որ այսօր չունենք զոհ՝ զուտ երջանիկ պատահականություն է, կարող էին հետևանքներն անդառնալի լինել ու գուցե հենց զգոնություն չունենալու պատճառով։
Հատկապես սահմանամերձ համայնքներում անվտանգության համակարգի մաս է նաև ժամանակին, պատասխանատու և ճշգրիտ հաղորդակցությունը բնակչության հետ։
Ու հենց նման տեղեկատվական վակուումի վրա էլ կառուցվում են ապատեղեկատական բուրգերը, վախերն ու խուճապը և, ի վերջո, պետության նկատմամբ անվստահությունը, նման պայմաններում էլ այլ երկրներից հիբրիդային հարձակումներ պետք էլ չեն, ներսի թերացումները լրիվ բավարար են»։



















































