Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավոր

Դեկտեմբեր 01,2001 00:00

«Փառատոն՝ առանց բյուջեի» «Մասնավոր հայացք-2001» կինոփառատոն-սիմպոզիումը զերծ է մնալու փառատոներին բնորոշ փայլից, աստղերի՝ Երեւան ժամանումից, հրավերների հետ կապված ամբիցիաներից»,- փառատոնի բացման նախօրեին լրագրողներին հայտնեց Հովհաննես Գալստյանը։ Որպես կինոփառատոնի կազմակերպիչ եւ տնօրեն՝ նա խոսեց փառատոնի հիմնական նպատակների (ազատ շուկայի պայմաններում ֆիլմարտադրության եւ աուդիո-վիզուալ արվեստների արտադրության օպտիմալ եղանակների մշակման, աուդիո-վիզուալ արվեստների կառավարման եղանակների՝ նորանկախ երկրների փորձի փոխանակման, կովկասյան տարածաշրջանում մշակութային կապերի եւ ժողովրդավարական ավանդույթների ամրապնդման, ինչպես նաեւ՝ քաղաքական, կրոնական, էթնիկական պատճառներով սեփական հայացքի ազատ արտահայտման սահմանափակումների վերացման) մասին։ «Անում ենք այն, ինչ վաղուց պիտի աներ պետությունը, ուզում ենք ստեղծել բարենպաստ մթնոլորտ անկախ ֆիլմարտադրության համար»,- հայտարարեց Հովհ. Գալստյանը, որն անկախ ստուդիաների համար ակնկալում է նույնպիսի պայմաններ, ինչպիսիք նախատեսված են, ասենք, «Հայֆիլմի» համար։ Ի դեպ, Հայաստանում ներկայումս գործում է 55 անկախ կինոստուդիա, որոնցից 16-ի արտադրանքը (վավերագրական, խաղարկային ֆիլմեր, սոցիալական թեմաներով նկարահանված տեսահոլովակներ) ներկայացված են հայկական ծրագրում։ Կինոփառատոնին, Հայաստանից բացի, մասնակցում է 5 երկիր՝ Վրաստանը, Ռուսաստանը, Լատվիան, Ֆրանսիան եւ Թուրքիան։ Միջոցների բացակայության պատճառով չի հաջողվել Երեւան հրավիրել իրանցի կինոարտադրողների, այն դեպքում, երբ իրանյան կինոն տարածաշրջանում բուռն ծաղկում է ապրում, իսկ Իրանի «Երիտասարդ կինոգործիչների միությունը» դեռեւս անցած տարվանից էր սպասում հրավերին։ Պրոբլեմներ կան նաեւ անցյալ տարվա փառատոնի գլխավոր մրցանակակիր Էդգար Բաղդասարյանի «Սրբազան ծեսերի երկիրը» ֆիլմը՝ Մոսկվայից Երեւան տեղափոխելու հետ։ Պատճառներից մեկն էլ գլխավոր պրոդյուսերի մեծ պարտքերն են։ Այս տարի «Մասնավոր հայացք» կինոփառատոնի խորհրդանիշն է 1 ֆրանկանոց մետաղադրամը, իսկ հիմնական առանձնահատկությունը, ըստ կազմակերպիչների՝ որ այն «փառատոն է առանց բյուջեի»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել