
«ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԻԺ»՝ ԸՍՏ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ «Պապլավոկում» «քաշքշուկի» հետեւանքով տեղի ունեցած սպանության առիթով հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալով եւ գործը քննելուց հետո, Երեւանի դատախազության ավագ քննիչ Հ. Ենոքյանը մեղադրանք է առաջադրել։ Եվ բոլորովին զարմանալի չէ, որ մեղադրանքը չափազանց համահունչ է «քաշքշուկի հետեւանքով մարդ է սպանվել» տրամաբանությանը։ Հակիրճ ներկայացնեմ քննիչի որոշումը Աղամալ Հարությունյանին մեղադրանք ներկայացնելու մասին։ Նախագահի թիկնազորի աշխատակիցը (ի դեպ, որոշման մեջ ոչ մի անգամ չի նշվում սույն փաստը, ասվում է միայն, որ Ա. Հարությունյանը ԱԱ նախարարության աշխատակից է) «Առագաստ» սրճարանից ՀՀ նախագահին եւ վերջինիս հյուրերին ուղեկցելու ընթացքում լսելով սրճարանի հաճախորդ Պողոս Պողոսյանի անպարկեշտ արտահայտությունները, քիչ անց վերադարձել է այնտեղ եւ, տեսնելով, որ վերջինս վիճաբանել է իրեն կարգի հրավիրող նույն նախարարության աշխատակից Գուրգեն Արսենյանի եւ այլ քաղաքացիների հետ, մոտեցել է նրան, կարգի հրավիրել, ապա նրա հետ մտել սրճարանի զուգարան, որտեղ փոխադարձ քաշքշուկի եւ հարվածների ընթացքում ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետեւի մասով հարվածվել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետեւանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է՝ այսինքն՝ Աղամալ Անանի Հարությունյանը դրսեւորել է հանցավոր անփութություն, չի նախատեսել այդպիսի հետեւանքների առաջանալու հնարավորությունը, թեեւ պարտավոր էր եւ կարող էր նախատեսել դրանք, որով եւ կատարվել է անզգույշ սպանություն՝ հանցանք, որը նախատեսված է ՀՀ Քրօրի 103 հոդվածով»։ Առայժմ որեւէ գնահատական չտանք վերոհիշյալ որոշմանը, թեպետ, նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ աչքով էլ բազմաթիվ հարցեր են մնում անպատասխան։ Սպանվածի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց մեղադրանքի առնչությամբ։ Անդրանիկ Պողոսյանը վստահ է, որ մեղադրանքը «կեղծ է, ծաղր է մեր իրավական համակարգին, մեր պետությանը, ապտակ է մեր ժողովրդին, բացահայտ սուտ է։ Պատկերացրեք, ստացվում է, որ եղբայրս ընկել է զուգարանում, գլուխը խփել է հատակին եւ մահացել է։ Սա ցույց է տալիս, որ մեր երկիրը անունով է ժողովրդավարական։ Սա ժողովրդավարություն չէ, բռնապետություն է։ Այսինքն՝ ով ինչ ցանկանա, կարող է անել։ Կուզի՝ կսպանի, կուզի՝ կներեք, կբռնաբարի եւ անպատիժ կմնա։ Անունը կդնեն՝ անզգույշ սպանություն»։ Մեր հարցին՝ պրն Պողոսյանը ինչ-որ սպասելիք ունի՞ դատարանից, վերջինս պատասխանեց հետեւյալ կերպ. «Սկզբնական շրջանում, երբ երկրի նախագահը որոշեց թիկնազորի այդ աշխատակցի աշխատանքը կասեցնել, հրահանգեց, որ ՆԳ-ն, դատախազությունը զբաղվեն գործով, հույս ու հավատ ներշնչում էր, որ մեր նախագահն ուզում է գործի բացահայտումը։ Չէ՞ որ կատարվածը առաջին հերթին մեզ է առնչվում, մեր եղբայրը չկա, եւ երկրորդը՝ նախագահի պատվի հարցն էր, որովհետեւ իր աշխատողի անունն էր շոշափվում։ Առաջին հերթին նախագահն ինքը պետք է շահագրգռված լիներ ճշմարտության բացահայտման համար»։ Պրն Պողոսյանը հիշեց, որ երբ ինքը մեկ ամիս առաջ զրուցում էր քննիչ Ենոքյանի հետ եւ հարցրել է, թե ինչո՞ւ ոչ մեկը գործով ձերբակալված չէ, քննիչը պատասխանել է՝ «մարդ գտիր, բեր, որ ասի, թե տեսել է՝ սպանությունն ինչպես է կատարվել, ես էլ ձերբակալեմ։ Դուք պատկերացնո՞ւմ եք։ Բա քննիչներն ու ՆԳ աշխատակիցներն ինչո՞վ են զբաղված, որ սպանվածի հարազատները պետք է վկա գտնեն»։ Ըստ Անդրանիկ Պողոսյանի, գործում առկա թերեւս կարեւոր ցուցմունքներից մեկը՝ Ստեփան Նալբանդյանի ցուցմունքը, փոփոխության է ենթարկվել։ Հիշեցնեմ, որ միայն սպանվածի ընկեր Ստեփանն էր որպես վկա ցուցմունք տվել իր տեսածի մասին։ Ի դեպ, վերջինիս եւս ծեծի չափաբաժին էր հասել։ Այս շրջադարձը Ա. Պողոսյանը բացատրում է հանրապետությունում տիրող վախի մթնոլորտով. «Սա է ամենավատը, հասարակության մեջ վախն է նստած»։ Ա. Պողոսյանն ասում է, թե ճշմարտությունը գիտեն ոչ միայն իրենք, այլեւ՝ իրավապահ մարմինները. «Իրենք էլ գիտեն, իրավապահ մարմիններն ամբողջ ճշմարտությունը գիտեն։ Ստեփանն ասել է՝ դաժանաբար ծեծը եւ սպանությունը կատարվել է հենց Ռոբերտ Ամիրխանյանի սեղանի առաջ։ Բայց Ռոբերտ Ամիրխանյանը ցուցմունք չի տվել, ոչ էլ ասել է, թե տեսել է։ Եթե մեր մտավորականության կարկառուն ներկայացուցիչն է վախենում, ԱԺ-ի պատգամավորը, Կոմպոզիտորների միության նախագահն է վախենում, բա մյուսներից ի՞նչ սպասենք։ Եվ մեր հույսը էդ մտավորականությունը պետք է լինի՞»։ Անդրանիկ Պողոսյանը գտնում է, որ այս ամենին առաջին հերթին պետք է երկրի նախագահն ուշադրություն դարձնի. «Ասեր՝ ամոթ է, այ տղաներ։ Թեկուզ ձեւական պատժեին։ Նախ, մի հոգով չեն ծեծել, շատ են եղել, 6-7 հոգի, մինիմում։ Բայց մեղադրանքի մեջ ի՞նչ է գրված։ Իբրեւ թե եղբայրս հարբած է եղել եւ մահացել է։ Իմ եղբայրը ինչքան էլ խմեր, երբեք հարբած չէր լինում, երկրորդը՝ քաշը 90-95 կգ էր, պարապած տղա էր եւ բռնցքամարտիկ էր եւ ծանրամարտիկ, ֆիզիկապես ուժեղ տղա էր եւ բոլորը դա գիտեն»։ Անդրանիկ Պողոսյանը եւս ՀՅԴ անդամ է, եւ կուսակցության դիրքորոշման մասին խոսելով ասաց, որ ՀՅԴ նախնական դիրքորոշումը իրեն լիուլի բավարարում էր, երբ կուսակցությունը անմիջապես պահանջեց գործի օբյեկտիվ բացահայտումը. «Եթե Դաշնակցությունը չլիներ, եղբորս սպանությունը կձեւակերպվեր որպես ինֆարկտ։ Իսկ թե հիմա ի՞նչ դիրքորոշում ունի կուսակցությունը, ես էլ չգիտեմ։ Բայց այստեղ նաեւ Դաշնակցության պատվի գործն է։ Ընկեր Վահանը եղբորս գերեզմանին ասաց, որ խստագույն պատիժ է լինելու, ընկեր Հրաչը քառասունքին է ասել, եւ շատերն են ասել։ Հիմա, եթե սա է խստագույն պատիժը, չգիտեմ թե մեղմը որը կլինի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


















































