Սեպտեմբերի 29-ին Եվրոպական միությունը պաշտոնապես մեկնարկեց EU4Culture II ծրագրի ակտիվ իրականացման փուլը։
Երեւանի Կոմիտասի թանգարան ինստիտուտում «Ստեղծագործ էկոհամակարգերը Հայաստանում. տեղական ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» խորագրի ներքո անցկացված ցանցային համագործակցության եւ քաղաքականության շուրջ երկխոսության միջոցառումը համախմբել էր մշակութային եւ ստեղծագործական կազմակերպությունների, փորձագետների եւ ինստիտուցիոնալ գործընկերների։
Միջոցառումը բացվեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի եւ Վրաստանի Գյոթե ինստիտուտում EU4Culture II ծրագրի ղեկավար Անատոլի Բայֆերթի ելույթներով։
Դեսպանն ընդգծեց մշակույթի դերը ինքնության ձեւավորման, սոցիալական եւ տնտեսական կյանքին նպաստելու, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ամրապնդելու գործում։
Կարդացեք նաև
Երկխոսության կենտրոնական թեման ԵՄ ֆինանսավորման իրական գործառնական ազդեցությունն էր Հայաստանի մարզերում։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց երկարաժամկետ, ինքնաբավ մշակութային կենտրոններ կառուցելու համար նախատեսված հիմնական նախաձեռնություններին։
EU4Culture II – «Կայուն ստեղծագործական էկոհամակարգեր» ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի #CultureCompassEurope նախաձեռնության շրջանակներում իրականացվող առաջատար գործողություններից մեկն է: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Գյոթեի ինստիտուտի կողմից իրականացվող նախաձեռնությունը հզորացնում է մշակութային գործիչներին, ամրապնդում տարածաշրջանային տնտեսական դիմակայունությունը եւ նպաստում է Հայաստանում ավելի ուժեղ, փոխկապակցված եւ կայուն մշակութային ու ստեղծագործական ոլորտների ձեւավորմանը։



















































