Պատուհասը միացրեց ողջ աշխարհը Երեւանցիներն այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկ անգամ էլ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին: Հուշ-միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, բարձաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, հոգեւորականներ: Հավաքվածների առջեւ կարճ ելույթներ ունեցան ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը: «Պատուհասը միացրեց ողջ քաղաքակիրթ աշխարհը: Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցեց, որ այս սպառնալիքը ոչ միայն ուղղված է Միացյալ Նահանգների դեմ, այլ՝ ողջ մարդկության դեմ: Այսօր մենք հավաքվել ենք հիշելու առաջին հերթին այդ անմեղ զոհերին, եւ երկրորդ՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»,- իր ելույթում ասաց Վարդան Օսկանյանը: Ջոն Օրդուեյը ասաց, որ այս պահին աշխարհով մեկ հավաքվել են հնչեցնելու իրենց ազգային օրհներգը: Նրա խոսքերով, ամբողջ աշխարհը հիշատակում է սեպտեմբերի 11-ի զոհերին, որոնց մեջ 5 հայեր կային: «Միեւնույն ժամանակ աշխարհին ցույց է տրվում, որ մենք միասնական ենք ահաբեկչության դեմ պայքարում: Փորձում ենք գործընկերներ գտնել, որ միասին կարողանանք պաշտպանել մեր ընդհանուր արժեքները: Ես կարծում եմ, որ ցանկացած երկիր՝ մեծ թե փոքր, որոշակի կարողություններ ունի այս գործում իր լուման դնելու համար»: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասաց, որ եթե ԱՄՆ-ի կառավարության խնդրանքը չլիներ անգամ, Հայաստանում նման հիշատակում կլիներ՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը այս ահաբեկչության դեմ պայքարին: «Շատ լուրջ ազդանշան է սեպտեմբերի 11-ը, եւ իրոք քաղաքակիրթ աշխարհը եկել է այն համոզմունքին, որ պետք է արմատախիլ անել միջազգային ահաբեկչությունը… Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, անհրաժեշտ է համախմբվածություն,- ասաց Վարդան Օսկանյանը:- Հայաստանն ամբողջությամբ կողմնակից է հակաահաբեկչական միջոցառումներին: Եվ մասնակից ենք, որովհետեւ դա համարում ենք սպառնալիք ոչ միայն մեծ տերությունների համար, այլ նաեւ՝ փոքր տերությունների, հատկապես՝ Հայաստանի համար: Մեր մասնակցությունն անպայման կշարունակենք բերել այս պայքարում»: ԱՄՆ-ի ժամանակով ճիշտ այն պահին, երբ ահաբեկիչների առեւանգած օդանավը մխրճվեց Համաշխարհային առեւտրի կենտրոնի առաջին շենքի մեջ, Երեւանում հնչեցին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների օրհներգերը: «Ազատություն» ռ/կ


















































