Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի անօրինական որոշմամբ՝ ասպիրանտուրայի վճարովի համակարգ ընդունված մ

Դեկտեմբեր 12,2001 00:00

Զորակոչից չեն խուսափում, բայց բանակ չեն գնում ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի անօրինական որոշմամբ՝ ասպիրանտուրայի վճարովի համակարգ ընդունված մոտ 3 տասնյակ ասպիրանտները դեռ մի քանի շաբաթ առաջ էին սպառնում դատարան դիմել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Երեկ Փաստաբանների միջազգային միության գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացանք, որ ասպիրանտները դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, արդեն դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ Հանրապետական զինկոմիսարիատի դեմ հայցով։ Երեկվա ասուլիսում միակ նորությունը թերեւս սա էր, իսկ ընդհանրապես ասպիրանտները ու նրանց ներկայացուցիչները կրկնեցին նախկինում բերած իրենց բոլոր փաստարկները։ Հիշեցնենք, որ այդ ասպիրանտներին բանակ են զորակոչում, քանի որ նրանք ասպիրանտուրա են ընդունվել բանակ գնալու պայմանով։ Այժմ ասպիրանտները պնդում են, որ իրենք տեղյակ չէին այդ մասին՝ թեեւ բուհերի ռեկտորներն էլ հավաստիացնում են, որ բոլորին տեղյակ են պահել։ Ասպիրանտները երեկ հանդես եկան հայտարարությամբ։ Դրանում մեկ անգամ եւս շեշտվում է, որ իրենք պետք է օգտվեն ասպիրանտուրայում սովորողներին տրվող տարկետման իրավունքից, քանի որ դա երաշխավորված է օրենքով։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այդ կապակցությամբ մեր բազմաթիվ բողոքները, ուղղված համապատասխան պաշտոնական ատյաններ, բնութագրվեցին որպես զինվորական ծառայությունից խուսափելու փորձ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մեր նպատակը զորակոչից խուսափելը չէ։ Պարզապես չենք ուզում դադարել հավատալ, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում, այնպիսի երկրում, որտեղ օրենք խախտելը, անօրինական որոշումներ ընդունելը եւ այդ ամենը «պետական շահերին» ծառայեցնելը հնարավոր չէ։ Եվ քանի որ, ոչ միայն չի կատարվում օրենքը, այլ նաեւ ոտնահարված են մարդու իրավունքները, մենք՝ ասպիրանտներս, հայտարարում ենք, որ իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք մեր իրավունքների եւ ՀՀ-ում օրենքի գերակայության համար»։ Ասպիրանտների ներկայացուցիչ, փաստաբան Անժելա Կարապետյանը միջնորդագրով դիմել է հայցը քննող դատավոր Էդիկ Ավետիսյանին, որպեսզի մինչեւ հարցի լուծումը ասպիրանտներին բանակ չզորակոչեն։ Թեեւ ասուլիսի մասնակիցները հստակ չէին տիրապետում թվերին, թե քանի ասպիրանտ է համաձայն բանակ զորակոչվել, քանիսն է պատրաստ պայքարել դրա դեմ, սակայն արդեն կան ասպիրանտներ, որոնք ինքնակամ բանակ են գնացել, իսկ քաղհայցով դատարան դիմած ասպիրանտների թիվը 8-ն է։ Իր վերջին մամուլի ասուլիսում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ կառավարության հաստատած տեղերից դուրս ասպիրանտուրա ընդունվածները պետք է զորակոչվեն բանակ, ինչպես եւ եղել է պայմանավորվածությունը։ Բայց քանի որ այս ամենը տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածության եւ նախկին նախարարի գրության հիման վրա, ասպիրանտներն այժմ կարող են հայտարարել, որ նման պայմանավորվածություն չի եղել։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն իր ասուլիսում այս առնչությամբ նկատեց, որ եթե ասպիրանտները չհարգեն այդ պայմանավորվածությունը, ինքը չեղյալ կհայտարարի ասպիրանտների ընդունելությունը, քանի որ այն տեղի է ունեցել ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ ԿԳ նախարարի գրության հիման վրա, ինչն անօրինական է։ Նման լուծման դեպքում ասպիրանտները համ կզրկվեն ասպիրանտի կարգավիճակից, համ էլ բանակ կզորակոչվեն։ Հավանաբար, ասպիրանտների մի մասը շատ լավ է հասկանում սա եւ կնախընտրի չարյաց փոքրագույնը՝ գնալ բանակ, բայց պահպանել ասպիրանտի կարգավիճակը։ Դեռ հայտնի չէ դատական նիստի օրը, սակայն «Առավոտը» կհետեւի հետագա զարգացումներին։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել