Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժող կողմը տարանջատվեց մեղադրողից

Փետրվար 02,2002 00:00

Տուժող կողմը տարանջատվեց մեղադրողից Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը դատավարության ժամանակ հայտարարեց. «Մենք մեզ տարանջատում ենք մեղադրող կողմից։ Այսինքն՝ բաժանվում ենք երկու մասի։ Օրենքով մեղադրող կողմի կազմի մեջ են մտնում մեղադրողը եւ տուժողը, տուժողի իրավահաջորդը, նրանց ներկայացուցիչները։ Մենք տարանջատվում ենք»։ Նման տարանջատման պատճառն այն էր, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշեց մերժել «Պապլավոկում» տեղի ունեցած սպանության ժամանակ սրճարանում գտնվող վկաներից Ստեֆան Նյուտոնին եւ Ռոման Բալայանին եւ նրա ընտանիքին։ Ռուբեն Սահակյանը եւ Պողոս Պողոսյանի եղբայրը կրկնակի միջնորդությամբ հանդես եկան եւ ասացին, թե քանի որ դատարանը, ԱԳՆ եւ ՆԳՆ նախարարությունները «անզոր» են գտնվել հայտնաբերել եւ դատարան հրավիրել օտարերկրացի Ստեֆան Նյուտոնին (նա, ով սպանության պահին բղավել է մարդ սպանելու եւ ջազ լսելու մասին), ապա իրենք պատրաստ են այդ բանն անել։ Դատարանը երկու անգամ մերժելուց հետո, ի վերջո, հարգեց միջնորդությունը։ Օտարերկրացուն գտնելու համար տուժողին տրվեց 17 օր։ Երեկ դատարանը կրկին մերժեց Ուկրաինայում բնակվող կինոռեժիսոր Ռոման Բալայանին եւ նրա ընտանիքին հրավիրելու եւ հարցաքննելու մասին միջնորդությունը։ Պետական մեղադրող Էդիկ Սարինյանը զարմանալի հանդարտությամբ դատախազության ֆունկցիաները փորձեց դնել տուժող կողմի վրա։ Նախորդ նիստում որոշում կայացվել էր Ստեֆան Նյուտոնին հայտնաբերելու մասին, սակայն դա պետք է անեին պետական ատյանները։ Վերջիններիս անգործության կամ միտումնավոր անգործության պայմաններում, երբ տուժող կողմը առաջարկեց սեփական ուժերով հայտնաբերել, մեղադրող Սարինյանը պարզապես մոռացավ իր բուն ֆունկցիան եւ զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ տուժողը այդ բանը ավելի վաղ չի արել։ Իսկ ի՞նչ իմանար տուժող կողմը, որ պետական մարմինները (այս դեպքում՝ ԱԳՆ, ՆԳՆ) «անզոր» էին լինելու Հայաստանում երկար ժամանակ գտնվող եւ աշխատող մարդուն գտնելու գործում։ Պետական մեղադրողը սկսեց մեղադրել տուժող կողմին՝ դատավարությունը միտումնավոր ձգձգելու մեջ։ Իրոք՝ առնվազն շատ տարօրինակ մեղադրանք։ Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել