Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՋԱՎԱԽՔ՝ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՅՈՒՆ

Փետրվար 02,2002 00:00

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՋԱՎԱԽՔ՝ ԴԱՐՁԵԼ Է ԿԱՅՈՒՆ Այս տարվա խստաշունչ ու ծանր ձմեռը առանձնակի է դժվարացրել մինչ այդ էլ բազմաթիվ պատճառներով դժվարանցանելի Հայաստան-Ջավախք ճանապարհը։ Առատ ձյան պատճառով համարյա անընդմեջ փակ է Ղուկասյան-Բոգդանովկա հատվածը։ Հայաստանի տարածքում մաքրման աշխատանքները բավական լավ են կազմակերպվում։ Մինչդեռ Վրաստանի տարածքում, մոտ 30 կմ հատված, որ մտնում է Բոգդանովկայի շրջանի մեջ, անընդհատ փակվում է, նույնիսկ երբ չկան տեղումներ՝ քամին է ձյուն բերում։ Տեղական իշխանությունները փորձում են ինչ-որ բան անել, սակայն ֆինանսական պատճառներով նրանց ուժերից վեր է մաքրման աշխատանքների անընդմեջ ապահովումը։ Եվ այդ անխնամ, վտանգավոր ճանապարհն անցնելու համար դեռ 40-50 դոլար էլ պետք է վճարել որպես տուրք։ Մի մասը՝ մեզ մոտ, մի մասը՝ Վրաստանում։ ՀՀ մաքսային վարչությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ իրենք օրենսդրական փոփոխությունների նախագիծ են մշակում եւ այդ հարցին անպայման կանդրադառնան։ Հուսով ենք, որ անդրադարձը դրական կլինի։ Իսկ այն, որ այդ տուրքը պիտի հանվի՝ միանշանակ է։ Եթե մենք դա չանենք, հարեւան երկրից ակնկալիք չենք կարող ունենալ։ Նրանց մոտ մի ժամանակ դա չնչին գումար էր, իսկ այժմ դարձել է մոտ 20 դոլարին համարժեք։ Հիմնահարցերը բավականին շատ են եւ երբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն Հայաստանում էր, ինքն է անդրադարձել Ջավախքի պրոբլեմներին։ Սակայն կարգավորման փուլերն առայժմ պառլամենտի նիստերի ելույթների տեսքով են հնչում։ Հիմնականում վերանայվում են սահմանային ծառայության եւ մարզային կառույցների հստակեցման խնդիրները։ Ստեղծվել է հանձնաժողով, որը պիտի ծրագիր մշակի Ջավախք նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Այն խոստացել են կազմել մինչեւ ապրիլ։ Գարնանը հավանաբար կկայանան տեղական ընտրությունները, որոնք էլ կորոշակիացնեն անելիքը։ Ու մինչ Ջավախքում սպասում են, թե ե՞րբ իրականություն կդառնան ծրագրերը, էներգիան, որի առկայությունը հույս ու հավատ է ներշնչում մարդկանց, Բոգդանովկայի շրջանում տրվում է շուրջօրյա, Ախալքալաքում՝ 12-13 ժամ։ Դեռեւս թերի են գումարների հավաքման կազմակերպչական աշխատանքները, այլապես մարդիկ կարող են լույս ունենալ նաեւ շուրջօրյա։ Պատրաստ են վճարել, քանի որ օգտագործվում է ընդամենը ամսական 1-2 դոլարի հոսանք։ Նրանք իրենց անլույս տարիներին հետ են վարժվել էներգիա օգտագործելուց եւ մշակել են կենցաղավարության անլույս մեթոդներ։ Ինչեւէ։ Մեզ հասած լուրերի համաձայն, նոր տարվա առաջին 3-4 օրը հոսանքը ողջ մարզում մատակարարվել է շուրջօրյա։ Մարդկանց ոգեւորությունը անսահման է եղել։ Նույնիսկ բակերում տեղադրված եղեւնիները զարդարվել են լույսերով։ Որոշ գյուղերում միասին են նշել Ամանորը՝ զարդարելով գյուղամիջի տոնածառը։ Երկար տարիներ նրանք նման հնարավորություն չէին ունեցել։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել