Լրահոս
Օրվա լրահոսը

Ժապավենը կտրվեց

Փետրվար 06,2002 00:00

Ժապավենը կտրվեց Ինչպես Հայաստանի բոլոր գյուղերը՝ այնպես էլ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղն ունի բազում խնդիրներ։ Նույնիսկ ճանապարհները, որոնք առատ ձյան պատճառով անանցանելի են, խոչընդոտ չհանդիսացան ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին՝ այցելելու վերը նշված մարզի գյուղն ու այնտեղ արժանանալու երկու բնակելի շենքերի ժապավենը կտրելու պատվին։ Երկրաշարժից մինչեւ այս օրը՝ բազմաթիվ ընտանիքներ մնացել են անօթեւան եւ բնակվում են վագոն-տնակներում, դրանցից 48 ընտանիք այդ օրը դարձավ բնակարանի տեր։ Սակայն գյուղացիների բողոքներից տեղեկացանք, որ 48 բնակարաններից մոտավորապես 15-ը բաժանվել է անարդարացի, քանի որ այդ 15-ը նրանք են ստացել, ովքեր ունեն տուն, ավտոտնակ, բավական հողատարածություն։ Բայց այս ամենից պարզ է դառնում, որ եւս 15 ընտանիք այս տարի նույնպես ցուրտ ձմեռը կանցկացնի վագոն-տնակներում։ Բացի երկու շենքերից, վերակառուցվելու են եւս երկուսը, որոնք էլ կլուծեն տնակներում բնակվող ընտանիքների հարցը։ Գյուղն ունի նաեւ խմելու եւ ոռոգման ջրի խնդիր, որն էլ պարոն Մարգարյանը խոստացավ լուծել։ Գյուղն ունի կինոտուն՝ «Արագած» անվանումով, բայց գյուղացիները չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են այդտեղ կինո դիտել, կա նաեւ մշակույթի տուն, որտեղ վերջին անգամ համերգ եղել է մոտավորապես երկու ամիս առաջ։ Ծաղկահովիտ գյուղում հեռարձակվում են միայն Հայաստանի հանրային եւ Մոսկվայի «ՀՁՀ» հեռուստաալիքների հաղորդումները։ Գյուղի բնակչության մեծ մասը՝ հիմնականում երիտասարդ ընտանիքները, անգործության եւ գյուղում ոչ մի հետաքրքիր բան չգտնելու պատճառով մեկնում են մայրաքաղաք կամ հայրենիքից դուրս՝ կյանքը հետաքրքիր դարձնելու եւ գոյատեւման միջոցներ հայթայթելու։ Անցյալ տարի ազգովի, մեծ շուքով տոնեցինք քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, բայց արի ու տես, որ գյուղերում, օրինակ, վերը նշված գյուղում երկրաշարժից առաջ եւ հետո չի գործել եւ չի գործում եկեղեցին, որը ամեն քրիստոնյա ընտանիքի համար կարծում ենք կարեւոր է։ Սակայն գյուղացիները վերջին մի քանի տարիների ընթացքում իրենց իսկ միջոցներով ստեղծել են մի փոքրիկ ուխտատեղի՝ սրբավայր «Թուխ Մանուկ» անվամբ։ Ինչպես հանրապետության մյուս գյուղերում, այս գյուղը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն այստեղ առաջնայինը համարում են ջրի պրոբլեմը, որը բազմաթիվ պատկան մարմիններ եւ նախընտրական արշավին մասնակցող պատգամավորության թեկնածուներ խոստացել են լուծել, բայց սայլը տեղից դեռ չի շարժվել։ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Մանկավարժական համալսարան, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել