Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում թանգարանները այցելուներ չեն ունենա

Փետրվար 06,2002 00:00

Մարզերում թանգարանները այցելուներ չեն ունենա 2002թ. փետրվարից մեր թանգարանների առանց այդ էլ քիչ այցելուների բացակայությունը պատճառաբանված կլինի, քանի որ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանով փետրվարի 1-ից գրեթե բոլոր թանգարանների տոմսերը բազմակի թանկանալու են՝ այսինքն Հայաստանում 100 դրամանոց թանգարանային տոմս այլեւս չենք ունենալու։ Օրինակ՝ եթե Ազգային պատկերասրահում տոմսն այսօր արժե 100 դրամ, ուրեմն փետրվարի 1-ից այն արժենալու է 800 դրամ։ Եթե տոմսն այդքան արժենա, պարզ է, որ ոչ ուսանողները, ոչ էլ մի կերպ իրենց գոյությունը պահպանող մարդիկ ի վիճակի չեն լինի թանգարան այցելելու եւ գումար վճարելու՝ իրենց պատմությունը գիտենալու համար։ Իսկ մարզերում գտնվող թանգարանները երեւի թե այցելու չեն էլ ունենա, որովհետեւ բնակիչներն անգամ հացի փող չունեն։ Թանգարանների տնօրենները մտահոգված են, որ նախարարության հաստատած այս գնացուցակից թանգարանների այցելուների թիվը կնվազի։ Այս ամենից բացի, նախարարությունը որոշակի արտոնություններ է սահմանել։ Ամեն ամսվա 2-րդ եւ 4-րդ ուրբաթ օրերին անվճար թանգարան մուտք գործել կարող են մինչեւ 18 տարեկան անձինք, իսկ զինծառայողների եւ թոշակառուների համար ընդհանրապես մուտքն անվճար է, բայց դժվար թե որեւէ զինծառայող իր ծառայության ընթացքում այցելի թանգարան։ Իսկ եթե այցելուն ցանկություն ունի թանգարանում շրջել էքսկուրսավարի ընկերակցությամբ, ապա ստիպված պետք է վճարի 2000-2500 դրամ։ Հայաստանի պատմության թանգարանը 2000թ. ունեցել է 30 հազար 365, իսկ 2001-ին՝ ընդամենը 28 հազար 453 այցելու։ Անցյալ տարի քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հոբելյանական տարում բոլոր թանգարանները միասին ունեցել են 130 հազար այցելու։ Այս ամենը դեռ ոչինչ, գոնե հույս ունենանք, որ թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը տոմսերի արժեքների նման կբազմապատկվեն եւ 7500-ից զգալի բարձր կլինեն, ժամանակին կտրվեն։ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Մանկավարժական համալսարան, 2-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել