Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները նաեւ… դատավորնե՞ր են

Փետրվար 08,2002 00:00

Իրավապաշտպանները նաեւ… դատավորնե՞ր են «Դատարանների երկիր Հայաստանս» շարքից «Դատական ալիք» հեռուստահաղորդման հեղինակ Ջուլյա Ամիրխանյանին երեկ երբ հարցրի, թե «Լուսաբանե՞լ է երբեւիցե որեւէ հասարակական կազմակերպությանն առընթեր ստեղծված դատարանի նիստ», ասաց. «Դու կատակո՞ւմ ես»։ Դիմեցի արդարադատության նախարարության լրատվության պատասխանատու Արա Սաղաթելյանին. «Հայաստանում քանի՞ հասարակական կազմակերպություն կա գրանցված, որոնք իրենց առընթեր ունեն դատարաններ»։ ԱՆ մամլո խոսնակը հայտնեց, որ 1000-ից ավելի հասարակական կազմակերպություններ կան, իսկ վերջին «դեպքի» կապակցությամբ անկեղծորեն զարմացավ. «Աչքերս կլորացան»։ ՀՀ դատավորների միության մամլո պատասխանատու Գնունի Բալայանին նույնպես հարցրել եմ վերոնշյալ դատարանի գոյության մասին։ Նա ասաց, որ սովետների օրոք էին ստեղծվում նման «կառույցներ», որոնք փափուկ անվանում ունեին. «Գողականով շարժվող ինստիտուտներ», ուր դիմում էին փողային-ապրանքային վեճերով, բայց «դա հասարակական կազմակերպություն չէր, այլ… անլեգալ դատարան»։ Հետաքրքիր էր իմանալ նաեւ Սահմանադրական դատարանի մամլո պատասխանատու Հովհաննես Պապիկյանի կարծիքը. «Այս պահին չունեմ նման ինֆորմացիա։ Մեր դատարանների վիճակը, սակայն, այնպիսին է, որ հնարավոր է եւ լավ կլինի հասարակական դատարաններ լինեն»։ Սակայն ինչո՞ւ հանկարծ ես այս հարցով դիմեցի իմ գործընկերներին, մամուլի պատասխանատուներին (ի դեպ, գործող լրագրողների գերակշիռ մեծամասնությունն առաջին անգամ էր իմանում, որ, այո, փաստորեն, մեզանում կա այդպիսի դատարան)։ Մի արտառոց փաստաթուղթ առիթ դարձավ սույն հրապարակմանը։ Երեկ ծանոթացա մի փաստաթղթի հետ, որն իրենից ներկայացնում էր վճիռ։ Այն «վավերացրել» էր «Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնին առընթեր միջնորդ դատարանը»։ Անշուշտ, գլխի ընկաք, որ խոսքն այս դեպքում իրավապաշտպան մի կազմակերպության մասին է։ Հայաստանում գործող, հերթական։ Որ իրավապաշտպան կազմակերպության պատասխանատուները կարող էին լինել այս կամ այն կուսակցության առաջնորդներ եւ իրավապաշտպանությունն էլ լիներ կուսակցականամետ, մենք այլեւս չենք զարմանում (եթե զարմանայինք, ապա պիտի հարցնեինք, թե նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահը ինչպես է, որ նաեւ ԻՄ կուսակցության առաջնորդն է…)։ Մենք զարմանում ենք, որ իրավապաշտպանները ստանձնել են դատարանի դեր, դուրս գալով իրենց իրավասության շրջանակներից։ Հայաստանում 1000-ից ավելի հասարակական կազմակերպություններ են գործում եւ սակայն մեզ հայտնի չէ, որ որեւէ կազմակերպությանն առընթեր դատարան եւ առընթեր դատավոր «գրանցված» լիներ։ Դեռ ավելին, առընթերներն էլ վճիռ կայացնեին սեփականատիրոջը իր սեփական բնակարանից վտարելու մասին։ Վճռի տակ դրված կնիքը հուշում էր, որ մենք գործ ունեինք ոչ թե դատարանի հետ, ինչպես իրենք վճռի նախաբանում ավետել էին, այլ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի»։ Որքան տեղյակ ենք, դատավորների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու համար օրեր առաջ ավարտված քննություններին այս «դատարանից» որեւէ «դատավոր» չի մասնակցել։ Եվ դատավոր, ասենք, «Ի. Բեգլարյան» անուն-ազգանունով որեւէ մեկին հայտնի չէր։ «Միջնորդ դատարանների» մասին գործող օրենքով «միջնորդ դատարաններ կարող են ստեղծվել առեւտրաարդյունաբերական պալատներին, բորսաներին, հրապարակային սակարկություններ իրականացնող կազմակերպություններին, ՀՀ բանկերի միությանը եւ այլ կազմակերպություններին առընթեր»։ Հայտնի է, որ միջնորդ դատարանների խնդիրը ներքին վեճերի մինչդատարանական հարթումն էր։ Հասարակական կազմակերպությունը, որն իրեն առընթեր դատարան է ստեղծել, ի՞նչ վեճ է լուծում. իր կազմակերպության անդամների՞։ Երեկվա «պատասխանողը» տանը նստած, վերոնշյալ կազմակերպության դատավճիռն իմանալով է իմացել, որ «հրապարակային, դռնբաց նիստ է» եղել։ Եվ իրեն, փաստորեն, օտարել են իր տնից։ Մնում է սարսափով սպասել, թե հասարակական կազմակերպություններից որեւէ մեկին առընթեր դատախազություն եւ առընթեր տրիբունալ երբ կստեղծվի, կողմերիս «մրցակցության» սկզբունքը լիովին ապահովելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել