Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՆ ԻՄ ՀՈԳՈՒ ՄԻ ՄԱՍՆ Է…»

Փետրվար 08,2002 00:00

«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՆ ԻՄ ՀՈԳՈՒ ՄԻ ՄԱՍՆ Է…» Տաղանդաշատ, խոստումնալից, երիտասարդ երգահան Էդգար Գյանջումյանը բարի է, անմիջական եւ ունի հարուստ ներաշխարհ։ Ազատ ժամանակն անցկացնում է ընկերների եւ մտերիմների շրջապատում։ Նախընտրում է ակտիվ հանգիստը, սպորտաձեւերից՝ լողը։ Շատ է սիրում ընթերցել, որը, ըստ նրա, յուրովի էներգիա է փոխանցում։ Ստեղծագործելը համարում է Աստծո շնորհ եւ վստահ է, որ բոլորն էլ օժտված են ինչ-որ շնորհքով, ուղղակի յուրաքանչյուր անհատ պետք է կարողանա բացահայտել իր ներքին կարողությունը։ – Ե՞րբ սկսեցիր պրոֆեսիոնալ ստեղծագործական գործունեությունդ եւ ո՞րն էր քո առաջին ձայնագրությունը։ – Փոքրուց դաստիարակվել եմ երաժշտությամբ եւ շատ մոտ եմ եղել մշակույթին, սակայն առավել լրջորեն սկսել եմ ստեղծագործել 1997-ից։ Իմ առաջին ձայնագրված ստեղծագործությունը Լեւոն Բլբուլյանի բառերով գրված «Երբ պիտի գաս» երգն էր, որը հնչեց Սյուզան Մարգարյանի կատարմամբ։ – Ավարտել ես ԵՊՀ եւ «Հրաչյա Աճառյան» համալսարանները եւ այժմ աշխատում ես ԱԳՆ-ում։ Երաժշտության դերն ու նշանակությունը քո կյանքում։ – Ստեղծագործելն իմ հոգու մի մասն է կազմում։ Ես չեմ կարող չստեղծագործել, այլապես ինձ թերի կզգամ։ Երաժշտությանս մեջ արտացոլում եմ ինձ շրջապատող աշխարհից ստացած իմ տպավորությունները, զգացմունքներն ու ապրումները, որոնք ինչ-որ ներքին համակարգով անցնելուց հետո իրենց արտահայտությունն են գտնում իմ ստեղծագործություններում, որոնք բոլորն էլ ինձ համար շատ հոգեհարազատ են եւ հավասարաչափ սիրելի։ – Երգեր գրելիս ո՞ւմ հետ ես համագործակցում։ Ինքդ երբեւէ տեքստեր գրե՞լ ես։ – Ես ընդհանրապես երգերի բառեր չեմ գրում։ Համագործակցում եմ տիկին Մետաքսեի, Լեւոն Բլբուլյանի, Վահան Անդրեասյանի, Հովիկ Հովեյանի եւ Մարինա Թագակչյանի հետ։ Ունեմ նաեւ երգեր, որոնց տեքստերի հեղինակները սիրված երգչուհիներ Շուշան Պետրոսյանն ու Սյուզան Մարգարյանն են։ – Երգերդ ինչպե՞ս են գտնում իրենց հասցեատերերին։ – Կան երգեր, որոնք գրելիս արդեն նախապես գիտեմ, թե ում համար է եւ ով է երգելու։ Կան նաեւ այնպիսիք, որոնց կատարողներին ընտրում եմ երգն ավարտելուց հետո։ – Վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած «Armenian music awords» ամենամյա համահայկական երգի մրցույթ-մրցանակաբաշխությունում քո թե «New Century songbook» սկավառակը եւ թե «Հայրենիք» երգը համարվեցին լավագույնը եւ մրցանակներ շահեցին։ Ուրիշ էլ ի՞նչ մրցույթ-փառատոների ես մասնակցել։ – Տարեվերջին «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակներում քաղաքապետարանի կողմից կազմակերպվեց Երեւանին նվիրված լավագույն երգի մրցույթ-փառատոն, որին ներկայացված ավելի քան 50 երգերից մրցանակի արժանացան միայն մի քանիսը, որոնց թվում էր նաեւ իմ երգը, որի խոսքերի հեղինակը Վահան Անդրեասյանն էր, այն կատարում էին Սյուզան Մարգարյանն ու Սիրուշոն։ Բացի դա, տարեվերջին «Ռուբիկոն+» երաժշտական հեռուստածրագրի մրցութային հարցումների արդյունքում «Տարվա լավագույն ստեղծագործող» անվանակարգում ես ճանաչվեցի լավագույնը եւ կրկին արժանացա մրցանակի, իսկ «Տարվա երգ» փառատոնում իմ հեղինակային «Երեկո» երգը ճանաչվեց տարվա երգ։ Ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունները բարձր են գնահատում ե՛ւ պրոֆեսիոնալները, ե՛ւ հանդիսականները։ Խոստովանեմ, որ ամենաբարձր գնահատականը ժողովրդի կողմից սիրված եւ ընդունված լինելն է։ – Ինչո՞վ ես այժմ զբաղված՝ նոր երգեր, նոր ձայնագրություններ… – Տարեսկզբին երաժշտասերների դատին հանձնեցի իմ հեղինակային երկու նոր երգերը, որոնք առաջին անգամ հնչեցին Ամանորի գիշերը եւ, ըստ արձագանքների, արդեն հասցրել են սիրվել ունկնդիրների կողմից։ Երգերից մեկը Վահան Անդրեասյանի խոսքերով գրված «Ձյան երգը» ստեղծագործությունն է, որը կատարում է Նունե Եսայանը, իսկ մյուսը «Իմ Երեւան» երգն է, որը կատարում են մեր սիրված ու ճանաչված երգիչ-երգչուհիներից յոթը։ Այժմ ակտիվորեն աշխատում եմ իմ երկրորդ սկավառակի վրա, որը կազմված կլինի բացառապես գործիքային տասը ստեղծագորությունից եւ նրանցում կհնչի մաեստրո Ջիվան Գասպարյանի անզուգական դուդուկը։ – Իսկ ի՞նչ կասես առաջիկա համերգ-հյուրախաղերի մասին։ – Այս տարի նպատակադրվել եմ Հայաստանում հեղինակային համերգ-երեկո կազմակերպել։ Իսկ ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա ասեմ, որ իմ ստեղծագործություններն առանց ինձ էլ ճամփորդում են եւ մեր երգիչ-երգչուհիների մատուցմամբ հնչում աշխարհի տարբեր ծայրերում եւ, փառք Աստծո, ամենուր վայելում են համընդհանուր սեր եւ ճանաչում։ Հետագայում հնարավոր է նաեւ, որ իմ երգերի բոլոր կատարողների հետ միասին հյուրախաղերով մեկնեմ արտասահմանյան որեւէ երկիր եւ այնտեղ եւս հեղինակային համերգի երեկո ունենամ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել