Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու ձգձգումը

Փետրվար 19,2002 00:00

Ո՞ւմ է ձեռնտու ձգձգումը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դեմ քաղհայցի լսումը։ Հայցվոր կողմը՝ Կրթության վարչության տեսչության նախկին պետ Հովհաննես Սարոյանը պատասխանող կողմից այդպես էլ չստացավ իր պահանջած փաստաթղթերի մի մասը։ Հիշեցնենք, որ Հովհ. Սարոյանը քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների եւ կրճատումների հետեւանքով աշխատանքից ազատված այն աշխատակիցներից է, որ դիմել է դատարան՝ անօրինական համարելով աշխատանքից իրեն ազատելու քաղաքապետի որոշումը։ Այդ աշխատակիցները դատարանում գրեթե նույն հիմնավորումներն են բերում, պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ քաղաքապետարանի Իրավաբանական վարչության պետ Գեւորգ Մհերյանը նիստից նիստ խմբագրում է իր հիմնավորումները, իսկ դատական նիստերը նախագահող դատավոր Գայանե Կարախանյանը դեռեւս վճիռ չի կայացրել ոչ մի հայցի առիթով։ Երեկ եւս դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը ցանկացավ լսել նաեւ արհկոմի ներկայացուցչին, քանի որ մի քանի անգամ արդեն նշել ենք, որ աշխատանքից ազատված Կրթության վարչության աշխատակիցների պնդմամբ արհկոմը իրենց գործերը չի քննել եւ աշխատանքից ազատելու առթիվ իր համաձայնությունը տվել է մեխանիկորեն՝ հանդես գալով որպես քաղաքապետարանի ղեկավար այրերի հլու կամակատար։ Նաեւ գրել ենք, որ Կրթության վարչության անուններն ավելացվել են այս առթիվ արհկոմի որոշումից հետո, ինչպես երեւում է արհկոմի նիստի արձանագրությունից։ Այդ արձանագրության երեք տարբերակ կա, եւ դատարանը դեռ որոշում չի կայացրել, թե դրանից որն է իսկականը։ Համենայնդեպս, հայցվոր կողմի պնդմամբ՝ որոշ փաստաթղթեր հետագայում են «սարքվել»՝ դատական նիստի համար։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Մհերյանը անհիմն որակեց հայցվոր կողմի միջնորդությունները, որոնցով պահանջում էր որոշակի փաստաթղթեր ներկայացնել, եւ պահանջեց մերժել այդ միջնորդությունները, քանի որ հայցվոր կողմը չի հիմնավորել, թե պահանջվող փաստաթղթերը տվյալ գործի համար ապացուցողական ի՞նչ նշանակություն ունեն։ Դատավորը, այնուամենայնիվ, պատասխանող կողմի միջնորդությունների մի մասը բավարարեց՝ պահանջելով պատասխանող կողմից ներկայացնել քաղաքապետարանի քարտուղարի գրությունն՝ ուղղված արհկոմին եւ քաղաքապետի որոշումը՝ հաստիքացուցակը հաստատելու մասին։ Պատասխանող կողմն անընդհատ շեշտում է, թե Հովհ. Սարոյանին ազատել են աշխատանքից, քանի որ տեսչության պետի հաստիքն են կրճատել, սակայն Հ. Սարոյանի կարծիքով, իրեն ազատել են աշխատանքից անձնական նկատառումներով, իսկ հաստիքի կրճատումը միայն շղարշ է։ Իսկ Հովհ. Սարոյանի առարկություններն ու հիմնավորումները Գ. Մհերյանը «հռետորական ճառ» որակեց, որի նպատակը դատական նիստը ձգձգելն է։ Մինչդեռ դատական նիստն առայժմ ձգձգվում է, որպեսզի պատասխանող կողմը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնի։ Իսկ դատավորն էլ դիտողություն արեց, թե պատասխանող կողմը հաճախ դատավորի դերում է իրեն զգում՝ որոշումներ թելադրելով դատարանին։ Նկատողության նաեւ դատարանի դահլիճում հավաքվածներն արժանացան, որոնց գործը, ըստ դատավորի՝ լսելն է, ոչ թե դատական նիստին մասնակցելը։ Այս նիստի ընթացքում այդպես էլ գլխավոր հարցերի պատասխանները չհստակեցվեցին։ Հաջորդ նիստը կկայանա չորեքշաբթի։ Ն.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել