Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Փետրվար 23,2002 00:00

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ-ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Խաղը կոչվում է Սահմանադրություն, խաղում են շատ լուրջ մարդիկ՝ խաղասեղանին նետելով նվիրական իղձերն ու իշխանական լծակները, որ այլ պետություններում կհակասեր ժողովրդավարությանը, բայց մեր երկրում արվում է «հանուն ժողովրդավարության»: Խաղի կանոնները ի սկզբանե խախտված են, խաղը համարյա չունի էլ կանոններ: Խաղի ընդունված կանոններ լինում են իրենց հարգող երկրներում, իսկ իրենց հարգող երկրները ամեն նախագահի հետ սահմանադրություն չեն փոխում: Երկրներ կան, որ առանց սահմանադրության են ապրում ու դեռ չեն կործանվել. շատ ավելի ժողովրդավար են, շատ ավելի կայուն, շատ ավելի բարեկեցիկ: Սահմանադրություն հնարելու ու փոփոխելու հոգս էլ չունեն: Իսկ մենք ապրում ենք Եվրամիություն մտնելու աղոտ հույսերով ու Եվրախորհրդին անդամակցելու համար տրված խոստումների գերության մեջ: Մի կարգին չհասկացած, թե ինչ է տալիս Եվրախորհրդին անդամակցելը գործնականում, բացի զանազան հանձնաժողովների մոնիտորինգներից ու խորիմաստ եզրակացություններից, ստիպված ենք ընդունել կյանքի նորմեր, որոնք շատ հեռու են մեր պատկերացումներից ու ցանկություններից: Օրինակ՝ ամբողջ Եվրոպան իր ամուլ աքցաններում առած համասեռամոլությունը պիտի համարենք օրինական: Այն պարագայում, երբ նույն այդ Եվրոպան գլուխ է կոտրում բնակչության ծնելիության նվազման եւ մահացության աճի, այսինքն՝ ազգի ծերացման՝ ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի դեմ արդյունավետ քայլեր գտնելու համար: Բայց եւ հանուն ժողովրդավարության շատ երկրներ օրինականացնում են համասեռամոլների «ամուսնությունները»: Չի կարելի «խոչընդոտել» մարդու ազատության դրսեւորումները: «Հետամնաց» հայերս էլ իբրեւ «եվրոպական արժեքներ կրող», չենք ասում, թե ազգի ֆիզիկական առողջությունը, բարոյական կերպարը պահանջում է…8230 սեռական նորմալ հարաբերություններ տղամարդու ու կնոջ միջեւ: Դե արի ու բանաձեւիր այդ «նորմալը»: Պիտի նաեւ «համաձայնենք», որ աղանդներին դավանելու ազատությունը նույնպես մարդու բնական ազատություններից է, որ չի կարելի կաշկանդել եւ պարտավոր ես ազգի ոչ միայն բարոյական հիմքերը քայքայող, այլեւ՝ հոգեւոր արժեքները կործանող աղանդներն ընդունել իբրեւ օրինական ու համարյա թե օրինաչափ: Համենայնդեպս՝ գոյության լիարժեք իրավունք ունեցող: Նույնիսկ այն դեպքում, երբ հիանալի գիտես՝ ով ու ինչու է դառնալու աղանդավոր, երբ վտանգում ես սեփական երկրիդ ռազմական ներուժը, քաղաքացիներիդ դարձնում վարձու հավատացյալ, որ իր «հավատի» դիմաց ոչ թե երկնային արքայության են արժանանում, այլ երկրային բարիքների: Այս ամենի մասին բազմիցս գրվել է, խոսվել ու ոչինչ էլ նորություն չէ: Բայց համարյա ոչինչ էլ չի փոխվել: Հայ առաքելական եկեղեցին դեռ այնքան չի հզորացել, որ կասեցնի հոգեւոր ամայացումը՝ իր հովանու ու պաշտպանության տակ առնելով իր հոտը: Պետությունն էլ ստանձնել է պարտավորություններ, որ պիտի կատարի: Նույնիսկ եթե այդ պարտավորությունների կատարմանը երկրում դեմ են բոլորը: Խոսքը, իհարկե, մահապատժի վերացման մասին է: Աստծո տված կյանքը մարդն իրավունք ունի՞ խլել, թե՞ ոչ՝ բանավեճերը հազարամյակներ են գլորել: Ի դեպ, դահիճները վարձատրվել են այսօրվա չափանիշներով համարյա վարչապետների չափ՝ մի քիչ պակաս տիրակալից՝ ակներեւաբար նաեւ իբրեւ բարոյական փոխհատուցում կատարած աշխատանքի դիմաց: Քրիստոնեական բարոյականությունը բնականաբար դեմ պիտի լինի մահապատժին՝ «Մի սպանաները» խոսուն պատվիրան է: Բայց նույն Աստվածաշունչը սովորեցնում է՝ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Ավաղ, քրիստոնեության 2002 տարում մարդկությունը դեռ չի սովորել ապրել պատվիրաններով: Հազիվ թե առաջիկա մի քանի տարում դարձի գա: Ի վերջո՝ մահապատժի վերացումը սոսկ օրենքով չի կարող կարգավորվել, ոչ մի երկիր ու ոչ մի պետություն այդ քայլին միանգամից չեն հանգել, ժամանակ է պետք, որպեսզի հասարակական գիտակցության մեջ արմատավորվեն մարդու որոշմամբ մարդուն կյանքից չզրկելու հիմքերը: Այնուհանդերձ՝ նույնիսկ այդ դեպքում անհասկանալի ու անբացատրելի է մնալու հարցը՝ ինչու՞ հանցագործը կարող է Աստծո դեր ստանձնել ու իր կարծիքով մեղավորին կամ իրեն ինչ-որ հարցում խանգարողին կյանքից զրկել, իսկ պատիժը պիտի լինի մի քանի տարվա, առավելագույնը՝ ցմահ բանտարկություն: Ո՞ր իրավունքով ենք ոտնահարում հանգուցյալների՝ մարդու իրավունքները: Մահապատժի ընդունման ու վերացման փաստարկները կշեռքի նժարներին դնելիս իրոք դժվար է որոշել՝ որն է ծանր կողմը: Բայց անդրադառնալով Եվրոպայի խորհրդի պահանջներին ու այդ պահանջների կատարման պարտադրանքին՝ արձանագրում ենք տարօրինակ փաստ՝ մարդու իրավունքների ազատության ջատագովումով՝ բացահայտ բռնություն է գործադրվում ոչ միայն անհատների, այլեւ պետության վրա: Այո, Հայաստանի Հանրապետությունը իբրեւ պետություն այս պահին՝ քանի դեռ ընթանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության դատաքննությունը, քանի դեռ մահապատժի վերացումը ուղղակիորեն դառնում է ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական փաստաթուղթ, պատրաստ չէ փոխըմբռնման հուշագրի վավերացմանը ամբողջությամբ: Եվրոպայի խորհուրդը, որ կայունության պահանջ է դնում՝ նպաստում է քաղաքական անկայունությանը, որովհետեւ այս հարցում քաղաքական ղեկավարության հարկադրված զիջողական ու համաձայնողական կեցվածքը ուղղակի հակադրվում է հասարակական կարծիքին ու ընդդիմությանը: ԵԽ-ի կեցվածքը սկզբունքայի՞ն է այս պարագայում: Հազիվ թե: Երբ քեզնից ակնհայտ թույլին ու քեզնից կախում ունեցողին ես «հաղթում», դա բոլորովին էլ հաղթանակ չէ: Պատմության մեջ հազարավոր օրինակներ կան, երբ հաղթողը շատ ավելի մեծ խնդիրների է բախվում, քան պարտվողը: Պատահաբար չէ թեւավոր խոսք դարձել պյուռոսյան հաղթանակ եզրույթը: Վրաստանը ԵԽ-ին անդամակցել է Հայաստանից առաջ՝ ստանձնելով որոշակի պարտավորություններ, որոնցից մեկը թուրք-մեսխեթցիների վերադարձն է: Հայաստանից ոչ պակաս ռազմական-քաղաքական-տնտեսական խնդիրներ ունեցող, Աբխազիայի, Աջարիայի հակամարտությունների տեր երկրի խորհրդարանի նախագահը չի երկնչում բացեիբաց հայտարարել, որ նույնիսկ ԵԽ անդամակցությունից զրկվելու գնով անլուծելի է համարում այդ խնդիրը մոտ ապագայում: Ի՞նչ պատժամիջոցներ պիտի կիրառվեն Վրաստանի նկատմամբ: Վերջիվերջո, ճշմարտությունը մեկն է՝ ներքին ռեսուրսներով ուժեղացրու երկիրդ ու մի սպասիր քեզնից ուժեղների օգնությանը: Երբ Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքով Ռուսաստանը զրկվեց ձայնի իրավունքից, ոչ քաղաքականապես, ոչ տնտեսապես չկազմալուծվեց: Ուներ որոշակի խնդիր, որի լուծումը տեսնում էր եւ կարճ ժամանակից նույն ԵԽԽՎ վերանայեց իր որոշումը: Հարցը ոչ թե Չեչնիայի խնդրի ու ՀՀ-ում մահապատժի վերացման խնդրի տարբերություններն են, այլ՝ սկզբունքը: Ի վերջո՝ հանրահայտ է, որ խնդիրներն առաջանում են, երբ առկա են լուծման նախադրյալները եւ չեն լուծվում, քանի դեռ այդ նախադրյալները չկան: Ոչ մի պարտադրված լուծում չի կարող արդար լինել: Ոչ մի պարտադրված լուծում չի կարող տեւական լինել: Ընդունելի լինելու մասին ավելորդ է խոսելն իսկ: Իսկ Սահմանադրությու՞նը՝ իր բարեփոխումների գործընթացով: Անշուշտ, Սահմանադրության փոփոխությունները պետք են իշխանությանը իր ամրապնդման համար՝ թե ներքին, թե արտաքին: Եթե իշխանական լծակների ուժեղացման խնդիրը նույնիսկ չլուծվի էլ, այս ամբողջ պատմությունը երկրի ներսում հրաշալի առիթ է խոսելու ու ապացուցելու նախկինների ոչ միայն քրեական ու քաղաքական, այլեւ՝ իրավական ու գաղափարական սխալները, որոնց հետեւանքն է նաեւ ահա այս իրավիճակը, որ ներկաները ոչ մի կերպ շտկել չեն կարողանում: Դե իսկ երկրի դրսում եւս իմիջի բարելավման խնդիր կա՝ Վենետիկի հանձնաժողովում, միջազգային բոլոր կառույցներում, բոլոր բանակցություններում ամրագրվում է՝ տեսեք ինչ անշեղ ենք առաջ գնում ժողովրդավարության ճանապարհով՝ նույնիսկ Օրենքների օրենքի վրա ենք ձեռք բարձրացնում: Իսկ գուցե նախ հարկ էր օրենք ընդունել օրենքի մասին, որ սահմաներ՝ ինչ է օրենքը, ինչպես է ընդունվում ու գործում, ինչ է կատարվելու չգործելու դեպքում, եւ անպայման ամրագրվեր, որ օրինագծից օրենք ճանապարհին այնպիսի փորձաքննություն անցկացվեր, որ ընդունման հաջորդ երկուշաբթին չնշանավորվեր օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ: Եվ վերջինը՝ կարող են լինել հրաշալի օրենքներ, խնդիրը դրանց կատարումն է: «Ռուսաստանը գոյություն ունի, որովհետեւ վատ օրենքներն ավելի վատ կատարվում են» Սալտիկով-Շչեդրինի հայտնի կարծիքը իր ժամանակի օրենքների մասին հիանալի մխիթարություն է մնում նաեւ մեզ համար: Ավաղ: Իհարկե, նախագահի մտավախությունը, թե Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն իր ցանկացածի պես չի անցնի, մի քիչ խորամանկություն է, մի քիչ շողոքորթություն ժողովրդին՝ թե ձեր կարծիքից այդքան վախենում եմ ու ձեզ այդքան բանի տեղ եմ դնում, մի քիչ էլ ցուցադրական ելույթ է՝ նախատեսված դրսի սպառման համար. տեսեք՝ որքան բաց ու թափանցիկ է մեր երկրում ամեն ինչ: Պարզապես նախագահին չէին հիշեցրել, որ մի քանի ամիս առաջ ինքն էր հայտարարել, թե կա մի նախագիծ ու վերջ: Եվ խնդիրը խորհրդարանական կառավարման մոդելի ընդունելի-անընդունելի լինելը չէ, խնդիրը բացահայտ ճնշումն է նույնիսկ այն պարագայում, երբ բացարձակ ճիշտ ես, երբ երկիրդ իրոք պատրաստ չէ խորհրդարանական կառավարման ու նախագահական կառավարումը ճիշտ է: Իսկ դա լինում է, երբ վստահ չես ուժերիդ ու սեփական ճշմարտությանդ էլ կասկածում ես: Ինչ խոսք, կայունության հիանալի հաստատում է: Ոչ ոք չի էլ կասկածում, որ Սահմանադրության փոփոխությունների նախագահական տարբերակն ընդունվելու է: Սահմանադրական հաջորդ փոփոխությունների գործընթացը կարող է սկսվել կամ մեկ տարուց հետո, կամ՝ վեց: Ներկա նախագահը վերընտրվելու դեպքում հազիվ թե ինքն իր սխալները ուղղելու ցանկություն ունենա, իսկ նոր նախագահը հաստատ կօգտվի այդ հնարավորությունից: Ու ամեն ինչ կսկսվի նորից: ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել