Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հայտարարություն

Փետրվար 23,2002 00:00

Քաղաքական հայտարարություն Հայաստանի Հանրապետությունը, ԳԽ որոշմամբ՝ 10 տարուց ավելի է, ինչ միացել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին եւ նրան կից կամընտիր արձանագրությանը։ Սրանից ելնելով, մեր երկրի բոլոր օրենսդրական ակտերը համապատասխանեցվել են ՄԱԿ-ի Մարդու համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթներին, իսկ մեկ տարի առաջ մեր երկիրը անդամակցեց Եվրախորհրդին՝ մի անգամ եւս հաստատելով իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին։ Սակայն այսօր մեզանում շատացել են ոչ միայն մարդու տարրական իրավունքները խախտող, այլ ընդհանրապես ժողովրդավարության զարգացումը խոչընդոտող գործողությունները։ Այդ թվին ենք մենք դասում Հանրային հեռուստատեսության եւ որոշ թերթերի լրատվական կողմնակալությունը, իշխանությունների կողմից հրապարակային միջոցառումները խափանող գործողությունները։ Դրա ակներեւ դրսեւորումներից էր համընդհանուր «դահլիճային շրջափակումը», որին այսօր Հայաստանով մեկ ենթարկվում են ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունները եւ միավորումները։ Այսպիսով, հանրապետությունում խաթարված է բնականոն քաղաքական գործունեություն ծավալելու սահմանադրական իրավունքը։ Մենք համոզված ենք, որ այս ապօրինի գործողությունները իրականացվում են իշխանությունների գիտությամբ եւ ցուցմամբ, քանի որ մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով արգելված է իր ենթակայության տակ գտնվող, իսկ գիտության եւ կրթության նախարարի հրամանով՝ բուհերի եւ հանրակրթական դպրոցների դահլիճների տրամադրումը։ ԳԱԱ-ի որոշմամբ՝ արգելվել է այդ համակարգում գտնվող դահլիճներում քաղաքական միջոցառումների անցկացումը, եւ այսպես շարունակ։ Փաստորեն, ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունների մուտքը այս կամ այն դահլիճ արգելված է։ Այսօրինակ դիրքորոշումը մեկուսացնում է հասարակությանը կուսակցություններից եւ, ըստ էության, նպատակ է հետապնդում ընդդիմադիր դաշտը հրահրել անհավասարակշիռ գործողությունների։ Նշենք, որ մտքերի հրապարակային փոխանակման ազատությունը մարդու անքակտելի իրավունքն է, իսկ նրա արհամարհումը եւ խոչընդոտումը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պահանջների անտեսում։ Մենք միակամ ենք եւ լի վճռականությամբ մեր երկրի հասարակական կյանքը վերադարձնելու միջազգային հանրության կողմից ընդունած եւ մեր պետության կողմից ճանաչած ժողովրդավարական նորմերի հունի մեջ։ Պահանջում ենք քաղաքական կազմակերպություններին դահլիճներ չտրամադրելու որոշումը վերացնել, հանրապետության ողջ տարածքում անհապաղ վերականգնել կուսակցությունների ազատ գործունեության (ժողովներ, հանրահավաքներ անցկացնելու) սահմանադրական իրավունքը։ «Սոցիալիստական Հայաստան» միավորում «Սահմանադրական իրավունք» միություն Ազգային ժող.կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն 22.02.2002թ. Հ. Գ. ՀԺԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կիսում է հայտարարությունը ստորագրած քաղաքական կազմակերպությունների տեսակետները եւ գտնում է, որ իշխանությունները պարտավոր են ապահովել քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ազատ գործունեության սահմանադրական իրավունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել