Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ պատժամիջոց թաղապետարանում

Փետրվար 23,2002 00:00

Աննախադեպ պատժամիջոց թաղապետարանում Մի վերելակի օրինակով Հայաստանի անկախացումից հետո մեր 9 հարկանի շենքի (Շիրազի 38 շենքի 2-րդ մուտք) վերելակը նույնպես անկախացավ, մատնվեց անգործության եւ մինչեւ օրս չի աշխատում։ Մենք՝ շենքի բնակիչներս, բազմիցս դիմել ենք Մաշտոցի շրջանի այն ժամանակվա գործկոմի, հետագայում թաղապետարանի ղեկավարությանը։ Խոսք տվեցին անպայման «վերակենդանացնել վերելակը», բայց խոսքը մնաց խոսք։ Այս քաշքշուկը սկսվել է 1997 թվականի նոյեմբերի 4-ին, երբ մենք բողոքեցինք համայնքի «Շ» եւ «ՇՓ» ՓԲԸ սոց. ԲՇՏ-ի (ի դեպ, նորագույն հապավումների մի ամբողջ տառակույտի խառնաշփոթ, որն, ինչ խոսք, անհեթեթությամբ տեղ կգտնի Գինեսի գրքում) տնօրեն Ա. Ավետիսյանին՝ պահանջելով աշխատեցնել մեր շենքի երկրորդ մուտքի վերելակը։ Նա ասաց՝ մոտ օրերս վերելակը կաշխատի։ Սակայն վերելակը նրա հետ չհամաձայնեց։ 1999թ. ապրիլի 20-ին մեր շենքի 2-րդ մուտքի 17 բնակիչների ստորագրությամբ դիմումով ներկայացա Աջափնյակ համայնքի թաղապետ Կարապետյանին։ Նա խոստացավ մի քանի օրվա ընթացքում աշխատեցնել վերելակը։ Դարձյալ՝ սուտ։ 1999 թվականին Աջափնյակ համայնքի հանրահայտ ընտրություններից հետո նոր թաղապետ ընտրվեց Մկրտչյան ազգանվամբ մի անձնավորություն։ 1999թ. սեպտեմբերի 8-ին նույն 17 բնակիչների ստորագրությամբ դիմումի պատճենով ներկայացա նրան՝ խնդրելով իր կարգադրությունը՝ վերելակը գործարկելու համար։ Ընդունեց մեր դիմումը եւ պատասխանեց. «Մի քանի օրից վերելակը կաշխատի եւ ես ձեզ հետ միասին վերելակով կբարձրանամ»։ Սակայն այս խոստումը եւս հօդս ցնդեց։ Այսքան քաշքշուկներից հետո մենք ստիպված 1999 թվականի նոյեմբերի 24-ին դիմեցինք Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Բազեյանին։ Սակայն նա էլ չբավարարեց մեր օրինական պահանջը։ Վերելակային պատժամիջոցի այսքան տարիներ ձգձգվող բյուրոկրատական քաշքշուկը, բնակիչների օրինական պահանջը բավարարելու նկատմամբ ցուցաբերվող բացարձակ արհամարհանքը վերադաս չինովնիկների կողմից՝ մեր մեջ առաջ է բերում բուռն հիասթափություն, զզվանք, զայրույթ եւ ցասում։ Սա դեռ բոլորը չէ։ Հարկ չհամարելով նշել բարձրահարկ շենքերում վերելակի ծայրահեղ անհրաժեշտությունը, 2000 թվականի հուլիսի 20-ին դիմեցինք Հայաստանի վարչապետ Ա. Մարգարյանին։ Վերջինիս աշխատակազմից պատասխանեցին, որ մեր դիմումի պատասխանը կստանանք քաղաքապետարանից։ Սպասելով երեք ամիս եւ քաղաքապետարանից չստանալով ոչ մի պատասխան, ելնելով սույն հարցի լուծման անհրաժեշտությունից, 2000 թվականի հոկտեմբերի 26-ին դիմեցինք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կատարելով եւս մի փորձ։ Նախագահի աշխատակազմից նույնպես պատասխանեցին, որ մեր դիմումի պատասխանը կստանանք քաղաքապետարանից։ Անցել է ավելի քան մեկ տարի 3 ամիս, եւ քաղաքապետարանը արհամարհելով Քոչարյանի եւ Մարգարյանի աշխատակազմերի հանձնարարականները, քար լռություն է պահպանում՝ մոռանալով, որ դիմումի ետեւում մարդիկ են կանգնած, հասարակ, բայց մարդիկ։ Ասում են Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ։ Սպառելով մեր դիմումները բարձր մակարդակի բոլոր պաշտոնյաներին, մեկ անգամ էլ փորձենք դիմել Եվրախորհրդին։ Գուցե… Շենքի 2-րդ մուտքի ողջ բնակիչների անունից՝ ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Վաստակաշատ ինժեներ, աշխատանքի վետերան, անհատական թոշակառու, սպորտի վարպետ, աշխարհի ռեկորդակիր, ՀՀ բազմակի եւ անփոփոխ չեմպիոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել