Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՍՊԱՍՈՂ

Փետրվար 23,2002 00:00

ՄՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ՍՊԱՍՈՂ «Հայտնի է, որ «Կյանքի հմտություններ» առարկան ժամանակին սվիններով են դիմավորել դպրոցների տնօրենները, համոզված, որ այն կնպաստի աշակերտների վարքի անկմանը։ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժիշկ Ա. Մուշեղյանն էլ մի առիթով դժգոհում էր, որ ԿԳ նախկին նախարարի հրամանով կրճատվել է «Կյանքի հմտություններին» հատկացված ժամաքանակը։ Նախարարը, ըստ Մուշեղյանի, աննպատակահարմար էր գտել դրա ուսուցումը բարձր դասարաններում, ինչի պատճառով «Սեռավարակներ» եւ «Թմրանյութեր» թեմաները դուրս են մնացել ծրագրից։ Մի բան եւս հայտնի է, կյանքն իր դրական ու բացասական բոլոր անակնկալներով խուժում է դպրոցների դուռ-պատուհաններից ներս, իսկ պլատոնական սիրո մասին ռոմանտիկ զրույցները բարձր դասարանցիների մեջ արդեն ընդամենը ժպիտ են առաջացնում։ Որովհետեւ դպրոցականները հաճախ թեեւ ոչ գրագետ, սակայն ավելի հետաքրքիր ու «գործնականի» մղող ինֆորմացիա են ստանում կամ իրենց ավագ ընկերներից, կամ փողոցից ու հեռուստատեսությունից։ Իսկ դպրոցներում, դասղեկի ժամերին, նրանք, բնականաբար, չեն կարող իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները ստանալ մի շարք պատճառներով (կոմպլեքսավորվածություն, համադասարանցիների եւ դասղեկի մոտ անդաստիարակ կամ «այլասերված» երեւալու մտավախություն եւ այլն)։ Ըստ վիճակագրության՝ երեկվա բարձր դասարանցիների, այսինքն այսօրվա ուսանողների 78,2%-ը անկանոն սեռական կյանք է վարում, եւ նրանց միայն 1/3-ն է պահպանակներ օգտագործում։ Չնայած 90%-ը տեղյակ է վարակի հնարավոր ուղիների մասին։ Վիճակագրությունը նաեւ «աղաղակում» է, որ Հայաստանում սեռավարակների հայտնաբերման նպատակով 20 անգամ ավելի պակաս հետազոտություններ են կատարվում, քան Վրաստանում եւ Ադրբեջանում։ Իսկ ամեն րոպե աշխարհում սպիդով վարակվում է 16 մարդ, որից 5-ը երիտասարդներ։ Ըստ ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի տվյալների՝ Հայաստանում սեռավարակների 46%-ի պատճառը ներերակային ներարկումներն են, իսկ 44%-ը վարակվում է սեռական ճանապարհով։ Նույն կենտրոնի հետազոտություններից պարզվում է, որ ներկայումս ՄԻԱՎ դեպքերի թիվը զգալիորեն գերազանցում է 1998թ. գրանցված դեպքերի թվին։ Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակման հիմնական ուղին հետերոսեքսուալ փոխանցումն է (բոլոր վարակակիրների 47,7%-ը), 0,8%-ի վարակի փոխանցման ուղին հոմոսեքսուալիզմն է։ Այս վիճակագրության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող բոլոր մասնագետները միակարծիք են՝ դեռ դպրոցից երեխային պետք է տրվեն համապատասխան գիտելիքներ՝ հետագայում նրան ավելի ցավոտ խնդիրներից հետ պահելու համար։ Կրթական բարեփոխումների կենտրոնի փոխտնօրեն Սարիբեկ Հակոբյանից տեղեկացանք, որ ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի ու մարզերի շուրջ 150 դպրոցներում փորձնական կարգով ուսուցանվում է «Կյանքի հմտություններ» առարկան։ Այն դասավանդում են համապատասխան վերապատրաստում անցած ուսուցիչներ։ Ըստ Ս. Հակոբյանի՝ այս պահին առարկան դեռեւս ուսումնական պլանի պարտադիր առարկայացանկի մեջ չէ։ Առաջիկայում միայն, երբ ամփոփվեն արդյունքները, պարզ կդառնա՝ ընդլայնե՞լ դրա ուսուցումը, թե՞ ոչ։ «Կյանքի հմտությունները» ներկայումս ուսուցանվում է 1-6-րդ դասարաններում, իսկ բարձր դասարանցիները դեռ երկար կսպասեն իրենց հուզող հարցերի պատասխաններին։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել