Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐԶԻԿ, ԱՅԼ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ

Փետրվար 23,2002 00:00

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐԶԻԿ, ԱՅԼ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ Վերջին շրջանում շատ է խոսվում, որ մեր մարզիկների մեծամասնությունը դժվարանում է իր մտքերն անկաշկանդ ու սահուն արտահայտել։ Դա ցավալի իրողություն է։ Բայց պակաս ցավալի չէ, որ ավելի լավ վիճակում չեն նաեւ մյուս ոլորտների ներկայացուցիչները։ Հաճախ ենք ականատես լինում, որ, ասենք, արվեստի, տնտեսության բնագավառի մարդիկ խոսելիս պակաս դժվարություններ չեն ունենում։ Էլ չենք խոսում որոշ պետական, քաղաքական գործիչների, հատկապես պատգամավորների բառապաշարի մասին։ Ամենեւին էլ մարզաշխարհի մարդկանց «փեշի տակ առնելու» նպատակ չհետապնդելով՝ ասենք, որ երեւույթի հիմքերը շատ ավելի խորն են ու շատ ավելի հեռուն են գնում։ Մայրենի լեզով խոսել մարդը նախ եւ առաջ սովորում է ընտանիքում, ապա՝ դպրոցում։ Եվ եթե հիմքը ամուր է դրվում, անկախ հետագայում ընտրված կյանքի ուղուց, մարդն իր մտքերն արտահայտում է հստակ։ Իսկ թե հիմա ինչ է կատարվում հայ ընտանիքներում, դպրոցներում՝ բոլորն էլ լավ գիտեն։ Օրերս Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանում էի, ուր պատանի մարզիկները գալիս են 7-8-րդ դասարանից։ Ուսումնարանի ղեկավարության եւ մոտ երեք տասնյակ սովորողների հետ շփվել, զրուցելու առիթ ունեցանք։ Երեխաների ընդհանուր մակարդակը, հայերենի իմացությունը մեզ բավարար թվաց։ Ճիշտ է, ոմանց կաշկանդվածությունը խանգարում էր։ Ուսումնարանի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանն իր գնահատականներում զուսպ էր, բայց, այնուամենայնիվ չկարողացավ թաքցնել մտահոգությունը, որ երեխաների մեծ մասը դպրոցից գալիս է ցածր գիտելիքներով ու իրենց ուսուցիչներին միշտ չէ, որ հաջողվում է երկու-երեք տարում գրեթե ձեւավորված պատանիների մեջ լրացնել այդ բացը, մանավանդ որ ՕՀՀՈՒ-ում օրվա ռեժիմով սահմանված են օրական երկանգամյա մարզումներ։ Իսկ դա նշանակում է, որ ուսումնարանի սովորողը, հանրակրթական դպրոցի իր հասակակիցների հետ համեմատած՝ տանը դաս սովորելու ավելի քիչ ժամանակ է ունենում։ «Ներկայումս մեր սովորողների թիվը 460 է, որից 60-ը՝ Ծաղկաձորի մեր մասնաճյուղում են,- ասում է Դ. Գաբրիելյանը։- 87 պատանի մարզիկներ եկել են մարզերից, 72-ը ապրում են մեր հանրակացարանում։ Ընդունելությունը կատարում ենք հատուկ մշակված թեստերով, որոնցում բացի երեխայի մարզական վարպետությունից, մեծ կարեւորություն է տրվում նաեւ գիտելիքների ընդհանուր պաշարին։ Անկեղծ ասեմ՝ վերջինը միշտ չէ, որ բավարարում է տարրական պահանջները։ Ինչպե՞ս վարվենք, ասենք, գյուղից եկած այն պատանու կամ աղջնակի հետ, որը սպորտում հեռանկարային երեխա է, բայց դպրոցում ուսուցիչ չլինելու պատճառով այս կամ այն առարկան, դիցուք՝ օտար կամ ռուսաց լեզու չի անցել։ Մեկ ուրիշ, գուցե, ավելի մտահոգիչ իրականություն։ Բավականին մեծ տոկոս են կազմում ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ում ծնողները գնացել են արտագնա աշխատանքի կամ օրվա մի կտոր հացը վաստակելու համար վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր տոնավաճառներում առեւտրով են զբաղված ու զավակներին օրերով ու շաբաթներով չեն տեսնում։ Այս պարագայում ի՞նչ գիտելիքների, դաստիարակության մասին կարող է խոսք լինել։ Մենք էլ հնարավորության սահմաններում այդպիսիներին ընդունում ենք, կանգնեցնում մեծ սպորտի ճանապարհ, ինչ-որ չափով մեղմում նրանց սոցիալական վիճակը, փորձում լրացնել ուսման պակասը։ Բերեմ երկու թիվ. 340 երեխա ուսումնարանում ամենօրյա սնունդ է ստանում, 343 սովորողի ամսական կրթաթոշակ ենք տալիս»։ – Իսկ ֆինանսական միջոցները բավարարո՞ւմ են։ – Իհարկե ոչ։ Շատ բան արվում է էնտուզիազմով։ Ուսումնարանի տարեկան բյուջեն շատ մեծ չէ։ Ասեմ միայն, որ Մոսկվայի նմանատիպ մարզական կրթօջախին մեր բյուջեն զիջում է 6 անգամ։ Նախանցած տարի պետությունը տվել է սահմանված գումարի 60- 65%-ը, 2001թ.՝ 95%-ը։ Մի նուրբ պահ էլ։ Սպորտը յուրահատուկ բնագավառ է։ Այստեղ ամեն բան պետք է հստակ ընթանա, առանց խափանումների։ Ասենք՝ հունիսին անցկացվելու է այս կամ այն կարեւոր առաջնությունը։ Մարզիկը դրան նախապատրաստվել սկսում է ամիսներ առաջ՝ սահմանված գրաֆիկով մարզվում է, մասնակցում ուսումնամարզական հավաքների, միջանկյալ մրցումների՝ այն հաշվարկով, որպեսզի մարզավիճակի գագաթնակետին հասնի հենց առաջնության օրերին։ Նախապատրաստական փուլի ցանկացած խափանում ի չիք է դարձնում ամիսների աշխատանքը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Մինչդեռ պետությունը հենց մեր ուսումնարանի ֆինանսական միջոցները հատկացնում է մեկ-երկու ամիս ուշացումով։ – Քանի որ խոսեցիք հոգսերից, մի քանի խոսք էլ ասեք ՕՀՀՈՒ-ի նյութատեխնիկական բազայի վիճակի մասին։ – Ուսումնարանը մի մեծ համալիր է, որ 16 հեկտար տարածք է զբաղեցնում։ Իրոք, անչափ դժվար է պահպանել մարզումային, կրթական, հանրակացարանային, վարչական մասնաշենքերը, առավել եւս դրանք նորոգելը, մարզագույք ձեռք բերելը։ Սակայն կոլեկտիվի ընդհանուր ջանքերով դա անել առայժմ մեզ հաջողվում է։ Ու հպարտությամբ պետք է նշեմ, որ 16 հեկտարից առայսօր ոչ մի թիզ հող այլ նպատակների չի ծառայել։ Բայց թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե միայն դժգոհում ենք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ երկրի վիճակն է վատ ու մյուս ոլորտներն էլ մերից լավ պայմաններում չեն։ Անհետաձգելի լուծում պահանջող հարցերում մեզ օգնության ձեռք են մեկնում սպորտի պետական կառույցը, ԱՕԿ-ը։ Ինձ շատ է հուսադրում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2002-2004թթ. պետական ծրագիրը», որ հաստատվեց ԱԺ-ում։ Այն նպատակաուղղված է խթանել սպորտը, դարձնել առավել մասսայական, բարձրացնել հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դերը, ուսուցիչների պատասխանատվությունը, որին զուգահեռ այդ տարիները լինելու են հանրապետությունում մարզաբազաների վերակառուցման ու անհրաժեշտ գույքի ձեռքբերման տարիներ։ – Վերադառնանք մարզիկների ընդհանուր կրթամակարդակի հարցերին… – Այդ խնդիրը եղել է նաեւ խորհրդային տարիներին։ Լուծումը միասնական ջանքերով է հնարավոր։ Պետք է ընտանիքները ապահովված լինեն, որպեսզի ծնողները զբաղվեն զավակների դաստիարակությամբ, պետք է դպրոցներում կրթությունը ամուր հիմքերի վրա դրված լինի, մարզաշխարհի մարդիկ, հատկապես մարզիչներն էլ պետք է զբաղվեն ինքնակրթությամբ. մարզիկն աշխատում է նմանվել իր մարզչին։ Մենք ուսումնարանում այս ուղղությամբ աշխատանք ենք տանում եւ առաջին արդյունքներն արդեն տեսանելի են։ Օրինակ, տարեցտարի ավելանում է մեր այն շրջանավարտների թիվը, ովքեր ուսումը հաջողությամբ շարունակում են տարբեր բուհերում։ Իսկ մեր սաներից 15-ը ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն ավարտել է գերազանցության դիպլոմով, երկուսն էլ ընդունվել են ասպիրանտուրա։ Այս ամենը դրական է խոսում ՕՀՀՈՒ-ի մասին։ Սակայն եղածը մեզ չի բավարարում, որովհետեւ մենք գործ ունենք ոչ միայն ապագա չեմպիոնների, այլեւ այս երկրի ապագա քաղաքացիների հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել