Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ

Փետրվար 26,2002 00:00

ՔՐԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ Անշուշտ, որեւէ պաշտոնյա չի վիրավորվում, երբ ԱԺ պատգամավորը հայհոյում եւ վիրավորում է որեւէ պատգամավորի։ Չի վիրավորվում, երբ որեւէ նախարար վիրավորում է շարքային քաղաքացու եւ կամ… ԶԼՄ ներկայացուցչի։ Պաշտոնատար անձանցից, մասնավորապես, Հովհաննես Երիցյանը հանկարծ ու… վիրավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթից (նոյեմբերի 6-ին տպագրված «2 խորհրդակցություն» հրապարակումից) եւ որոշել է դատի տալ «վիրավորանքի» հեղինակին (խոսքն ընդհանրական իմաստով արված «դեգեներատ պաշտոնյաներ» արտահայտության մասին է)։ Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին երեկ հրավիրել էին Գլխավոր դատախազություն։ Նա պահանջել էր իր դեմ քրեական գործ հարուցելու որոշումը, սակայն դատախազի ավագ օգնական Սերգեյ Աբրահամյանը մերժել էր: Նիկոլ Փաշինյանը ստորագրություն էր տվել չբացակայելու մասին։ Ուշագրավ է, որ ստորագրություն տալը եւս խափանման միջոց է, որը վերջերս, ինչպես հիշում եք, կիրառվել էր նաեւ… նախագահի քաջարի թիկնապահ Աղամալ Հարությունյանի վրա։ Ընդ որում, մի դեպքում՝ բառային վիրավորանքի դեպքում, մյուս դեպքում՝ ֆիզիկական վիրավորանքի, որն ավարտվեց հրապարակային «անզգույշ» սպանությամբ։ Ստորագրություն տալը չբացակայելու համար… վիրավորանք է ԶԼՄ-ների նկատմամբ, այսօրինակ զուգահեռի կողքին։ Սակայն… Մենք հաճախ սիրում ենք համեմատվել քաղաքակրթության որոշակի չափանիշներ մեջբերելով։ Աշխարհի շատուշատ երկրներում նախատեսված չեն հայցեր ներկայացնելու անգամ հիմքեր, պաշտոնատար անձանց կամ պետական մարմիններին վիրավորելու մասին արգելող օրենքներ նույնպես չկան։ Մեծ Բրիտանիայում, 1947-ից հետո, ինչպես արտերկրի իմ գործընկերը տեղեկացրեց, դատական հետապնդման դեպք անգամ չի եղել։ Այնտեղ չկա մի օրենք, ըստ որի՝ պետության ղեկավարին վիրավորելը կամ պետական դրոշը անարգելը հանցագործություն համարվի։ Ի դեպ, Հայաստանում էլ չկա մի օրենք, ըստ որի պաշտոնատար անձանց ընդհանրական «դեգեներատ» ասելը համարվեր վիրավորանք։ Կամ այնպիսի հանցագործություն, որի պատճառով ընտրվեր լրագրողի նկատմամբ խափանման միջոցը եւ գործ հարուցվեր ՀՀ քրօրի 132 հոդվածով։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Քրօրի «Վիրավորանք» հոդվածը պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչեւ մեկ տարի ժամանակով։ Դա «բացվում» է այսպես. «Մարդու պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ խոսքով, գրավոր կամ գործողությամբ հասցված վիրավորանքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել