Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ

Ապրիլ 02,2002 00:00

ՀՖՖ ԳՈՐԾԿՈՄՈՒՄ Անցած շաբաթվա վերջին կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին երկրի 11-րդ առաջնության օրացույցի եւ Հայաստանի հավաքական թիմերի գլխավոր մարզիչների հաստատման հարցերը։ Կարճատեւ բանավեճից հետո Հայաստանի առաջնության խաղացանկը հաստատվեց։ Իսկ ահա հավաքականների գլխավոր մարզիչների հաստատումը որոշվեց հետաձգել մինչեւ ապրիլի 10-ին հրավիրվելիք գործկոմի հաջորդ նիստ։ Դրա պատճառն այն էր, որ ՀՖՖ գործկոմի անդամները պահանջում էին, որպեսզի թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը։ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը ներկայացրեց մասնագետներին, ովքեր հավակնում են զբաղեցնել համապատասխան պատասխանատու պաշտոններ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունների ստանձնումը առաջարկվել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանին։ Նրան օգնելու է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը։ Երիտասարդական եւ օլիմպիական հավաքականների, որոնք, ըստ էության, նույնն են, ղեկը վստահվել է Աշտարակի «Միկայի» նոր գլխավոր մարզիչ, ռուսաստանցի Վալերի Գլադիլինին։ Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը կղեկավարի հանրապետության մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը։ Իսկ ահա օրերս Երեւան ժամանած արգենտինացի մարզիչ Լոպեսին առաջարկվել է մինչեւ 17 տարեկանների հավաքականը՝ հաշվի առնելով, որ դրա կորիզը կազմում են «Փյունիկի» պատանիները եւ Լոպեսն այժմ աշխատում է այս ակումբի մարզչական կազմում։ Ապրիլի 10-ին բոլոր նշված մասնագետները կներկայացնեն իրենց ծրագրերը գործկոմի անդամներին եւ եթե դրանք հավանության արժանանան, ձեռնամուխ կլինեն իրենց պարտականությունների կատարմանը։ Նիստում հայտարարվեց նաեւ, որ հանրապետության առաջին լիգայի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 19 թիմ։ Եվ այն ակումբները, ում հայտը կբավարարվի, պետք է մուծեն $1500-ի չափով անդամավճար։ 1-ին խմբի մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 25-ին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել