Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԼՂՀ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆ

Ապրիլ 02,2002 00:00

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԼՂՀ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու «Դաշբուլաղ-Բալուջա» 9.7 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը։ Այն արդեն կառուցված «Կիչան-Դաշբուլաղ» հատվածի շարունակությունն է՝ դեպի Ստեփանակերտ։ Հատվածի շինարարությունը սկսվել է 2001 թվականի դեկտեմբերին։ Ներկայումս կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են արհեստական կառուցվածքներ։ Համաձայն պայմանագրի` հատվածը շահագործման կհանձնվի 2003 թվականի գարնանը։ «Դաշբուլաղ-Բալուջա» հատվածը կառուցում է Լեռնային Ղարաբաղի «Վրեժ» ՓԲԸ-ն։ Օրերս Հիմնադրամի գործադիր վարչությունը պայմանագիր է կնքել Լեռնային Ղարաբաղի «Դորոժնիկ» ՍՊԸ-ի հետ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Շեխեր գյուղի մոտ գտնվող կամրջի շինարարության համար։ «Դորոժնիկ» ՍՊԸ-ն ընտրվել է մրցույթով՝ առաջարկելով հնարավոր նվազագույն արժեքը։ Կամրջի շինարարությունը կսկսվի ապրիլին եւ կավարտվի նոյեմբերին։ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին ձգվում է Մարտակերտից մինչեւ Հադրութ՝ անցնելով Մարտունի, Ասկերան շրջաններով եւ Ստեփանակերտով։ Ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը 170 կիլոմետր է, ծրագրի արժեքը՝ մոտ $25,000,000։ Արդեն շահագործման են հանձնված ավտոմայրուղու երկու հատվածներ՝ 30 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել