Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործություն-ակնածանք՝ անհատի հանդեպ

Ապրիլ 05,2002 00:00

Ստեղծագործություն-ակնածանք՝ անհատի հանդեպ Վերջերս (մարտի 20-ին) լրացավ անվանի նկարիչ, հայ գեղանկարչության դասական, իրատեսական արվեստի մեծ նվիրյալ եւ հետնորդ Հրանտ Ստեփանյանի ծննդյան 84-ամյակը։ Սովորելով Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում, շնորհաշատ նկարիչը դեռեւս ուսանողական տարիներին մեկընդմիշտ կողմնորոշվեց դեպի ռեալիստական արվեստը։ Կարճ ժամանակում հաղթահարելով դպրոցի ոճական ազդեցությունը, նա հասնում է գույների հնչողության, թափանցիկության, համատարած արտացոլումների կիրառման. բնությունից ստացած տպավորությունները դառնում են անմիջական, տարածությունները՝ օդառատ, մարդկային կերպարները՝ բովանդակալից։ Ընդ որում, հավատարիմ մնալով նաեւ հայ եւ համաշխարհային արվեստի դասական սկզբունքներին, նա ելակետ է դարձնում իրական կյանքն իր անսահման բազմազանությամբ։ Հ. Ստեփանյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ է հատկացված բնանկարին, թեեւ նրա ստեղծագործական ընդգրկումները լայն են. վրձնել է դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային թեմաներով գործեր, առանձին ֆիգուրներ, ծովանկարներ։ Դժվար է առավելություն տալ նշված ժանրերից որեւէ մեկին, թեպետ դիմանկարի ժանրն ակնհայտորեն գերակշռող է։ Նկարիչն առանձնահատուկ ակնածանք է դրսեւորել անհատի կերպարի նկատմամբ՝ հարգելով մարդու անհատականությունը, գնահատելով նրա արժանիքները, ըմբռնումները։ Նրա լավագույն դիմանկարներում ամուր գծանկարը, հագեցած գույները, հարուստ նրբերանգները, նպատակային տեխնիկական հնարքները կերպարներին տալիս են վառ արտահայտչականություն եւ գեղանկարչական հմայք, ինչպես, օրինակ, ասվածն արտացոլվում է ջութակահար Ավետ Գաբրիելյանի, նկարիչ Բարդուղ Վարդանյանի, բանաստեղծներ Վահագն Դավթյանի, Համո Սահյանի, ակադեմիկոս Ծատուր Աղայանի, Հրաչյա Ներսիսյանի, Ֆադեյ Սարգսյանի եւ այլոց դիմանկարներում։ Հրանտ Ստեփանյանի լավագույն աշխատանքներից ցուցադրված են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում («Խոհանոցում»-1953թ.), Հայաստանի ազգային պատկերասրահում («Ինքնանկար»- 1949թ., «Հայերի գաղթը»-1949թ., «Շախմատասերներ»-1946թ., «Այգի Ռիգայում»-1946թ., «Խոստա Սամշիթի անտառում»-1959թ.) եւ արտերկրի բազում այլ պատկերասրահներում։ ՀՀ հանրագիտարանի վերջին՝ ընթացիկ հատորում նախատեսվել է ներառնել տեղեկություն նաեւ Հրանտ Ստեփանյանի մասին։ ԳՈՀԱՐ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930