Լրահոս
Օրվա լրահոսը

Անօրինակա՞ն էր «Ա1+»-ի փակումը

Ապրիլ 05,2002 00:00

Անօրինակա՞ն էր «Ա1+»-ի փակումը Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովն ապրիլի 2-ի իր որոշմամբ, փաստորեն, հասարակությանը տեղեկացրեց, որ վերջինս չունի տեղեկատվություն ստանալու իրավունք։ Այսինքն, հասարակությանն ինչ-որ բան տեղեկացնելով, հանձնաժողովն իր վրա վերցրեց «Ա1+» հեռուստաընկերության «Այբ- Ֆե» լրատվական ծրագրի գործառույթները։ Դժվար է ասել, թե հասարակությունը սվիններով ընդունեց հանձնաժողովի նոր գործունեությունը։ Կյանքը ցույց տվեց, որ հասարակության համար մեծ տարբերություն չկա՝ «Հայլուրից» է տեղեկատվություն ստանում, «Ժամը» լրատվական ծրագրից, թե «Այբ-Ֆե»-ից։ Այսինքն, հասարակությունը չունի իր տեղեկատվություն ստանալու իրավունքը տեղեկատվություն չստանալու պարտադրանքից տարբերելու խնդիր։ Այսուհետեւ, հասարակության համար չկա որեւէ անկախ լրատվամիջոցից տեղեկատվություն ստանալու հարց, կա «անկախ» հանձնաժողովի որոշում։ Սա ցույց է տալիս «Այբ-Ֆե» լրատվական գործակալության, «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի գործունեության սնանկությունը։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունն իր առջեւ խնդիր չի դրել «Այբ-Ֆե»-ի լուրերի օբյեկտիվությունը «Հայլուր»-ի հակալրատվական կերպարից զատորոշելու: Քաղաքակիրթ երկրներում հենց այս ճանապարհով է հասարակությունը դառնում ժողովուրդ, իսկ երկիրը՝ բռնապետություն։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին։ Վերջինիս անկախությունն ուղիղ համեմատական է տեղեկատվություն չստանալու որոշմանը, քանի որ հանձնաժողովի 6-7 խամաճիկ երբեք էլ չի նայել «Այբ-Ֆե»-ի ոչ մի թողարկում։ «Ա1+»-ի հետ նրանց առաջին եւ վերջին շփումը սահմանափակվում է հանձնաժողովին ներկայացված փաթեթի հետ ծանոթանալով, որն էլ, ըստ նրանց, թույլիկ է։ Հայաստանից թռչելիս Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ խոսքի ազատության ճակատագիրը վճռվում է ոչ թե «Ա1+»-ում, այլ հանձնաժողովի որոշումով։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր բոլոր ժամանակների ամբողջ բառապաշարով ասաց, որ «խոսքի ազատությունը միայն «Ա1+»-ի հետ չի կապված»։ Այս հայտարարությունների հեղինակները «Ա1+»-ի գործունեությունից սովորել են միայն մեկ բան՝ չհամաձայնել։ Նրանք համաձայն չեն։ Ինչպես իմ գործընկերները համաձայն չեն տողերիս հեղինակի այն համոզմունքի հետ, որ երկրի նախագահը հայ ժողովրդի բոլոր ժամանակների ամենապայծառափայլ, ամենասուրբ, ամենաՀիսուսՔրիստոս (վերջին երկուսի հետ համաձայն չեն լինի նույնիսկ «Շողակաթի» իմ գործընկերները), ամենավոյին եւ ներկա դրությամբ ամենաթռած նախագահն է, իսկ վարչապետը՝ ամենաԱրմեն Խաչատրյանն է Տիգրան Թորոսյանից հետո։ Այնպես որ արժեր, որ հասարակությունը մեր երկրի ամենաամենակերպարներից սովորեր այն, ինչ նրանք սովորեցին «Ա1+»-ի գործունեությունից։ ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»-ի թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել