Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՋՍԿ-ԵՐՆ ԵՆ

Ապրիլ 06,2002 00:00

ՄԵՂԱՎՈՐԸ ՋՍԿ-ԵՐՆ ԵՆ Անցած տարի Արարատի մարզի Արտաշատի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղը ստացել է 72 մլն խմ ջուր, որի հասույթը 303 մլն դրամ էր։ Մինչեւ դեկտեմբերի 31-ը գանձվել էր նշված գումարի 61%-ը՝ 185 մլն դրամ։ 2001թ. օգոստոսի 14-ին մասնաճյուղի տնօրեն նշանակվեց Թադեւոս Թադեւոսյանը, որը նախորդից ժառանգեց չվճարված գումարների պարտքը։ Այսպես, մինչեւ նշված ժամանակահատվածը, տարածաշրջանը ստացել է 54 մլն խմ ջուր, որի դիմաց վճարվել էր ընդամենը 60 մլն։ Թադեւոսյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը ջուր սպառող կազմակերպությունների կամ ընկերությունների (ՋՍԿ) հետ չկանոնակարգված աշխատանքի արդյունք է, ասել է թե՝ որոշ համայնքներում նորմալ չէ գյուղացի- ՋՍԿ փոխհարաբերությունը։ Վերջիններս մասնաճյուղից վերցնելով ոռոգման ջուրը՝ վաճառում են այն, որի դիմաց վճարում են մասնաճյուղին։ Նա նշեց, որ հիշյալ կազմակերպությունները չեն կարողանում նորմալ կազմակերպել իրենց աշխատանքային գործունեությունը, որի հետեւանքով գանձումների տոկոսն իջնում է։ Միայն Արտաշատի տարածքում գործում է 41 ՋՍԿ, որոնց մեծ մասը, ըստ տնօրենի, դեռեւս կայացած չէ։ Թադեւոսյանը նշեց, որ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն գյուղապետերը, որոնք ճիշտ չեն կատարում հիշյալ կառույցների տնօրենների ընտրությունը։ Ինչ վերաբերում է ջրօգտագործողներին, ապա, Թադեւոս Թադեւոսյանի հավաստմամբ, Արտաշատի տարածաշրջանում անցած գյուղատնտեսական տարում նրանք հիմնախնդիրներ չեն ունեցել։ «Խնդիրը միայն վճարումներն են, իսկ չվճարողները ջուր չեն ստանա, ի վերջո, պետական բյուջեն պետք է համալրվի»,- ասաց նա։ ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել