Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐՉԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

Մայիս 02,2002 00:00

ՉԱՐՉԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ Տարեցներիս ականջներում դեռ հնչում են կոմունիստական հորդորները, երբ շատ արարքներ համարվում էին կապիտալիստական ժամանակաշրջանի ժառանգություն։ Մինչ խորհրդային օրենքով փողոցային առեւտուրը քրեորեն պատժելի էր, այլ երկրներում այն սովորական կենցաղ էր։ Օրինակներ՝ ինչքան ուզեք. քայլում ես հայերիս երազած Լոս Անջելես քաղաքի փողոցներով եւ քեզ որպես սովորական ապրանք սեր են առաջարկում կամ իրենց ծառայություններն են գովազդում ապահովագրական գործակալն ու աղանդավորը։ Բեյրութում իմ բարեկամը առանց կասկածելու խաբեբայից գնել էր մի արկղ ընտիր օղի, հետո պարզել, որ շշերից երկուսը լցված են ջրով։ Առեւտրի փողոցային այս ձեւը արագ տարածվեց մեր քաղաքում. շուկաներում իրար հրմշտելով հետ ու առաջ են քայլում բոված սերմեր, սուրճ ու կենցաղային իրեր վաճառողները։ Վերջերս չարչիներից մեկը Գրողների տան մոտ համառորեն համոզում էր ճանաչված արձակագիրներից մեկին, որ անպայման գնի բնական ընտիր մեղրը։ Փերեզակն ի՞նչ իմանար, որ խեղճ գրողը եկել է միություն մի քանի դրամ նպաստ խնդրելու։ Ծայրահեղ թշվառության հասած այս մարդիկ երբեմնի բանվոր-ծառայողներ են, որոնք այլեւս չեն հավատում սին խոստումների եւ պատրաստ են իրենց տունն ու ունեցվածքը փոխելու ինքնաթիռի տոմսի հետ եւ օր առաջ հեռանալու անօրեն երկրից։ Այնինչ, երկրի ղեկավարը կրկին ու կրկին փորձում է համոզել իր կուսակցությանը՝ ասելով, որ ունենք 20 տոկոս տնտեսական եւ 42 տոկոս արտադրանքի արտահանման աճ։ Չենք կասկածում, որ երկրի նախագահն ու կառավարությունը քաջ գիտեն, որ զանազան գործատեղերում, շինարարության վրա ու պահեստներում 12 եւ ավելի ժամ մեջք ծռող մերօրյա ճորտերը ստանում են հազար եւ ավելի քիչ դրամ օրավարձ։ Հ. ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել