Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է

Մայիս 08,2002 00:00

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է Դա ապացուցելը դժվար չէ Այն, որ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ քրեական գործի հարուցումն ու նրան մեղադրանքի առաջադրումն ի սկզբանե ընտրովի է եղել, եղել է ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, ուղեկցվել է դատախազության քննիչների կողմից իշխանազանցության բազմաթիվ փաստերով, այն որ Մ.Սաղաթելյանին միայն 2001-ին են մեղադրանքներ առաջադրվել մի քանի տարի առաջ տեղի ունեցած փաստերի առնչությամբ՝ արդեն փաստում է, որ Մ.Սաղաթելյանը քաղբանտարկյալ է: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սահմանած եւ քաղբանտարկյալին բնորոշող, եթե՝ ոչ բոլոր, ապա՝ բազմաթիվ չափանիշներով Մ.Սաղաթելյանն այսօր հենց այդ կարգավիճակում է: Դա մենք կփորձենք ապացուցել դեռ առաջիկայում: Իսկ երեկ դատարանում մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Կ.Փիլոյանը ու թեեւ նախորդ օրը նա խոստովանել էր, թե իր ճառը գրավոր չի լինելու, այլ՝ կոնսպեկտավորած, այդուհանդերձ, ներկայացավ մի քանի էջի վրա տպագրված փաստաթղթով: Թե մի գիշերվա մեջ այդ անելու համար նա որքա՜ն ջանք էր գործադրել եւ ի՜նչ անքուն գիշեր էր անցկացրել՝ միայն կարելի է ենթադրել, եթե չբացառենք, իհարկե, որ նրան այդ ճառը տրամադրել էր, ասենք՝ Աղվան Հովսեփյանը: Համենայն դեպս, նրա խոսքից ստացված տպավորությունն այնպիսին էր, թե մեղադրողը երկու ամիսներին դատարանի դահլիճում չէր եղել ու վկաների, տուժողների ցուցմունքներին ծանոթ չէր: Այլ կերպ դժվար է բացատրել նրա այն պնդումները, թե Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքները, բացառությամբ՝ վերջինիս վզին փաթաթված, իբր, «առանձնակի հանդգնությամբ հասարակական կարգի խախտում» կատարելը, ապացուցված են: Մեղադրողն իբրեւ այդպիսի ապացույց մատնանշեց, օրինակ՝ «Գնդապետների գործով» նախկին սպաներին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ գնդապետ Ժ.Գրիգորյանի ցուցմունքը եւ նրա ստացած ծանր մարմնական վնասվածքը՝ ծնոտի ջարդվածք: Դա այն դեպքում՝ երբ վերջինս դատարանում հստակ եւ հայերենով հայտարարել էր, որ իր ծնոտը Մ.Սաղաթելյանը չէր ջարդել: Մեղադրողի ճառում այդպես էլ տեղ չէին գտել դատակոչված այն վկաների ցուցմունքները, որոնք կամ ավելի էին խճճել նրա խաղաթղթերը, կամ ուղղակի չէին ապացուցել Մ.Սաղաթելյանի մեղքը: Կ.Փիլոյանը պաշտպանեց Մ.Սաղաթելյանին առաջադրված բոլոր մեղադրանքները, բացառությամբ՝ մեկի: Ի վերջո, նա նշեց գործում առկա մեղմացուցիչ հանգամանքներ. Մ.Սաղաթելյանը դատապարտված չի եղել, մասնակցել է մարտական գործողությունների: Մեղադրողն ասաց, թե ծանրացուցիչ հանգամանք չի կարող ասել, բացի այն, որ ամբաստանյալը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, եւ պահանջեց նրան դատապարտել 8 տարի ազատազրկման՝ ուղղիչ-աշխատանքային գաղութում: Միայն դահլիճից ժամանակին հնչած՝ Ա.Բլեյանի ռեպլիկից հետո, թե դատարանում հանցագործություն է կատարվում՝ մեղադրողն անցնում է իր լիազորությունների սահմանը՝ պատժաչափ պահանջելով, որի իրավունքը չունի, դատավորը ստիպված եղավ արձանագրել այդ փաստը: Հետեւեց պաշտպան Ռ.Գրիգորյանի խոսքը: Նա պարզապես հիմնովին «քանդեց» իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները՝ դատարանին միջնորդելով արդարացնել Մ.Սաղաթելյանին: Նա իր այդ միջնորդությունն ավելի քան երկու ամիս փաստարկում է հիմնավորապես, մեկիկ-մեկիկ: Երեկ էլ Ռ.Գրիգորյանը նշեց ոչ միայն դատախազության՝ նախաքննության ընթացքում կատարած Քրդատօրի մի շարք հոդվածների կոպիտ խախտման փաստերը, այլեւ՝ շեշտեց, որ միայն դրանք բավարար են, որպեսզի դրանց հիման վրա կառուցված մեղադրանքները համարվեն չհիմնավորված, թեեւ առանձին դրվագներով դրանցում ընդհանրապես հանցադեպ չկա, որ դրանք «կարվել» են հատուկ Մ.Սաղաթելյանի համար: Փաստաբանը՝ անդրադառնալով մեղադրանքում եղած առանձին դրվագների, մատնանշեց եւ հաստատեց նույնիսկ դատախազի այն միտքը, թե առանձին դրվագներով եղել են հակասական ցուցմունքներ, որոնք, ըստ պաշտպանի, Քրդատօրի պահանջով պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի: Վերջինս էլ, ի դեպ, օգտվեց պաշտպանվելու իր իրավունքից: Մ.Սաղաթելյանը նշեց, որ մասնավորապես «ակնհայտ սուտ մատնություն» մեղադրանքի ողջ գաղափարը ծնվել է դատախազությունում՝ իրեն դատապարտելու նպատակով, թեեւ նախնական ծրագիրը գործակալ «Շեյթանին» «Հանրապետություն» «գործուղելն» ու այդ կուսակցությանը վարկաբեկելն է եղել, ինչն ինքը կանխել էր: Նա նշեց, թե դատախազը չի ուզում տեսնել այն փաստը, որ գործակալ Հ.Գրիգորյանն իր իսկ առաջին ցուցմունքի համաձայն՝ իր նախաձեռնությամբ է «27»-ի գործով օպերատիվ աշխատանքներ տարել, իսկ այդ ցուցմունքում 50 հազար դոլարի խոստման մասին խոսք չի եղել: Մ.Սաղաթելյանը՝ անդրադառնալով դատապարտյալ Գ. Արզումանյանի եւ գործակալ «Շեյթանի» ակնարկած՝ «27»-ի հնարավոր կազմակերպիչներին առնչվող եւ տարօրինակորեն նույնաբովանդակ ձայներիզի գոյությանը, նկատեց. «Նախաքննությունը չի պարզել, թե Գ.Արզումանյանը որտեղի՞ց եւ ումի՞ց է տեղեկացել այդ ձայներիզի գոյության մասին, ինչո՞ւ նա փախուստի դիմելու այլ պատրվակ չէր հորինել, քան ձայներիզը, որի մասին պատմել էր նաեւ գործակալ «Շեյթանը»: Ինչո՞ւ նախաքննությունն այդ փաստի առնչությամբ քննություն չի վարել: «Ի՛նչ է՝ «27»-ը կոկորդներին է կանգնա՞ծ: Դուրները չի գալիս կազմակերպիչների մասին խոսելը, դրա ուղղությամբ քննությունը վարելը: Հ.Գրիգորյանը ցուցմունքում գրում է «27»-ի գործով Ն.Եղիազարյանի, Մ.Մովսիսյանի տանը եղած հավաքի մասին, որի առնչությամբ օպերատիվ քննություն չի կատարվում, հանձնարարություն չի տրվում, թե՝ չբացահայտված հանգամանքներ կան: Փոխարենը մարդուն վկա են բերում դատարան, որ ասի, թե ինքը Գ.Արզումանյանին ՔՊԻՎ-ում եղած օրերին հաց է տարել: Դա է՞ այս երկրում կատարվող նախաքննության հիմքը: Եթե նախաքննությունը ոչ թե իմ անձի դեմ է եղել, այլ՝ փաստի առիթով, որտե՞ղ են մյուսները»: Մ.Սաղաթելյանն անդրադարձավ մեղադրանքների բոլոր դրվագներին ու նշեց, թե մասնավորապես 96-ի սեպտեմբերյան դեպքերին առնչվող վկայությունները, փաստերը ամբողջովին խեղաթյուրվել են: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ 96-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ընդդիմության ներկայացուցիչներին տարել են ՆԳՆ 6-րդ բաժին ու ծեծել, ինքը եղել է նախագահի նստավայրում, հետո «6»-ի պետ Արմեն Երիցյանի հետ վերադարձել է ՆԳ վարչություն՝ իր աշխատասենյակ. «Այդքանը: Ա.Արշակյանին տարել են իմ տեղակալի՝ Հունան Պողոսյանի մոտ: Ինչո՞ւ չեն կանչել նրան ու հարցրել, թե՝ Մ.Սաղաթելյանն այդ օրը որտե՞ղ է եղել: Բերել, ինձ դարձրել եք հրեշ»: 99-ի նոյեմբերի 5-ին, իբր, «27»-ի գործով ամբաստանյալ Մ.Մկրտչյանին ծեծի ենթարկելու դրվագով եւս Մ.Սաղաթելյանն ասաց, թե ինքն այդ օրը ներկայիս մի շարք գեներալների եւ զինդատախազի հետ եղել է ԱԱՆ մեկուսարանի պետի սենյակում. «Ինչո՞ւ չեք կանչում Ջհանգիրյանին՝ հարցնեք, թե Մ.Սաղաթելյանն այդ օրը պետի սենյակից դուրս եկե՞լ է, քննիչի սենյակ մտե՞լ է, որեւէ մեկին ծեծե՞լ է»: Հստակ է եւ փաստ՝ Մ.Սաղաթելյանին առաջադրված որեւէ մեղադրանք միանշանակ ապացուցված չէ՝ վկայությունները շատ հաճախ նույն դրվագի վերաբերյալ հակասական ու իրարամերժ են եղել, որեւէ փաստի առնչությամբ ամբողջական եւ օբյեկտիվ քննություն չի վարվել: Մնում է, որ այդ ամենի առնչությամբ իր դիրքորոշումը հայտնի դատավոր Վ.Լալայանը: Նրա կայացրած վճիռը լինելու ոչ թե Մ.Սաղաթելյանի, այլ՝ ներկա վարչախմբի դատավճիռը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել