Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովական նիստ ու կաց

Մայիս 09,2002 00:00

Հանձնաժողովական նիստ ու կաց «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական հանձնաժողովը մոտ երկու ամիս ընդմիջումից հետո երեկ նիստ էր հրավիրել։ Հանձնաժողովականները կրկին ծանրութեթեւ արեցին մինչ այդ քննարկված հարցերը։ Նախորդ նիստի ժամանակ հանձնաժողովը առաջարկել էր դիմել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի վերջինս կրկին դիմի դատախազությանը՝ Նաիրի Հունանյանին ԱԱ մեկուսարանից այլ մեկուսարան տեղափոխելու առաջարկով։ Նման առաջարկը կրկնելու առիթը Ն. Հունանյանի նամակն էր հանրապետության նախագահին։ Եթե այդքան կարեւոր գործով ամբաստանյալը հնարավորություն է ունենում մեկուսարանից նամակներ գրել, ուրեմն այդ մեկուսարանում ամեն ինչ չէ, որ նորմալ է։ Հետաքրքիր է, որ հանձնաժողովի դիմումը ԱԺ ղեկավարությանն է հասել միայն երեկվա նիստից մեկ օր առաջ։ Հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանին պարզապես վրդովեցրել էր այս հանգամանքը։ Մայիսի 22-ին լրանում է հանձնաժողովի աշխատանքների հերթական ժամկետը։ Առաջիկա նիստում հանձնաժողովը որոշում կկայացնի՝ շարունակելո՞ւ է իր աշխատանքները, թե՞ դադարեցնելու։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը հարկ համարեց անդրադառնալ «Առավոտ» օրաթերթի հրապարակումներից մեկին, որում կարծիք էր հայտնվել, թե «27»-ի հանձնաժողովի թեթեւ ձեռքով նախկին մեղադրյալներ Ն. Բադալյանի, Մ. Մովսիսյանի եւ Հ. Հարությունյանի ճակատին հալածյալի դափնի դրվեց, թե հանձնաժողովի միջոցով հնարավոր եղավ նախաքննությունը վարած քննիչներից մի քանիսի նկատմամբ քրգործ հարուցել։ Պրն Գրիգորյանը համաձայն չէ, որ հանձնաժողովը միտումնավոր է հրավիրել այս կամ այն մարդուն, իսկ «ինչո՞ւ քննիչները չեն եկել հանձնաժողով» հարցին պատասխանել է դատախազությունը՝ ասելով, թե քննիչներն իրավունք չունեն հանձնաժողովին ներկայանալ։ Հանձնաժողովի անդամները առանց ծուլանալու շարունակում են խոսել նույն հարցերից՝ հիմնականում մոռանալով, որ այդ ամենի մասին իրենք խոսում են բոլոր նիստերի ժամանակ։ Խորեն Սարգսյանը կրկնեց իր կասկածներն այն մասին, որ գաղութում ոմն կալանավորի հանդիպելով իրենք տպավորություն չեն ստացել, թե «27»-ի նախկին մեղադրյալներից Նաիրի Բադալյանին ծեծի են ենթարկել, բայց հայտնվել է մեկ ուրիշը, որը հանդիպման ցուցակում չի եղել եւ խոսել է ծեծի մասին։ Խորեն Թռչունիչը կրկնեց, որ այդ երկրորդը «սարքած» վկա է եղել եւ, որ նա այլեւս հանրապետությունում չէ։ Հանձնաժողովի անդամներից Գ. Կոստանդյանն իր հերթին, ձեռքի հետ, առաջարկեց՝ «մի անգամ կարելի էր մտնել Հունանյաններենց մոտ։ Ի՞նչ է եղել»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել