Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Մայիս 09,2002 00:00

ՆԵՐԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ Ինքը՝ եզը, եզակի է, նրա հոգսերն են հոգնակի։ Ցրտերին մի կնոջ ձայն մտավ մրսածի անկողինը եւ պարեղանակը նրանց հասցրեց ջերմություններին։ Պետը, հարստանալուց հետո, ինքնահովանավորվող է դառնում՝ պոետ համարվելու համար։ Պոետը, հարստանալու նպատակով, պետ է դառնում։ Պետի եւ պոետի արանքում՝ Պետիկը մնացել է զարմացած։ Երբ ճշմարտությունը ձեռնտու չէ, այն ոտատակ են տալիս։ Ձեռնտու ճշմարտությունը ընտիր ձեռնոց է կեղտոտ եղունգներով ձեռքի համար։ Խոզը հրի շուրջը պարեց եւ փոխանակ խորոված դառնալու՝ դարձավ հրապարակախոս։ Կատվաշնային հավատարմության ակունքներում առկա է այն, որ կատուներն անհատապաշտ են, մինչ շները՝ խմբակային, ընդ որում, վերջիններս են, որ լինում են նախահարձակ։ Ճշմարտասիրությունն, առանց արիության, փետուր է՝ առանց թռչունի։ Ամենասիրելի իշխանությունն այն մեկն է, որի ղեկին ինքդ ես լինում ամենամոտիկ կանգնածը։ Ժողովրդից պահանջում են հնազանդություն եւ իր իրավունքներից հրաժարվելու ողջամտություն։ Ժողովուրդը տապալված կեսարի արյունն է խմում, ինչպես որ կեսարը խմել է նրա արյունը։ Խնդիրը, վերջին հաշվով, լուծվում է արյան փոխներարկման ինստիտուտի կողմից։ Վատ եղանակը նրա համար է, որ գնահատես լավ եղանակը եւ փառք տաս… պատահականությանը։ Բնական աղետից հասարակականը եւ հասարակական աղետից մինչեւ բնականը՝ յուրաքանչյուր ազգ պարտավոր է հասկանալ, որ այդ երեւույթները իր իսկ փաթաթած շղթաներն են։ Երբ մարդն իմացավ ո՛րն է չարն ու բարին, նրան զրկեցին բարին նախընտրելու հնարավորությունից։ Քո ազգականներից անգամ չես կարողանում գլուխ հանել, ո՞ւր մնաց, թե գլուխ հանես քո ազգից։ Եթե ամեն ինչ հարաբերական է, ապա հարաբերական է նաեւ ինքը՝ հարաբերականությունը, մի բան, որ հանգեցնում է ամեն ինչի բացարձակ պատասխանատվության՝ ամեն ինչի առաջ։ Հիմար լինելու իրավունքը այնպես առատորեն տրված է բոլորին, որ դա չի ընդգրկված ոչ մի պետության օրենսգրքում։ Ազգի կողմից դրժված յուրաքանչյուր քաղաքացի աշխարհաքաղաքացի է դառնում ազգի պատասխանատվությամբ։ Արտագաղթում են ոչ հանուն ժողովուրդների եղբայրության, թեեւ անցնում են աշխարահաքաղաքացիության լայն դռնով։ Պատերազմի սկիզբը միակողմանիությունից է, ավարտը՝ երկկողմանիությամբ է։ Ընտանիքը պատերազմ է խաղաղության մեջ։ Թաղումը տեղի էր ունենում ձմռանը։ «Սառն է»,- լալախառն բացականչեց կինը՝ դագաղում պառկած իր տղամարդու այտը համբուրելուց հետո։ Ջերմությո՞ւնն էր սիրելի։ Լծկան երկու եզներից մեկին որ մորթում են, մյուսը անձնասպան չի լինում, հորովել, ջան, հորովել։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031