Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ «ԲՈՄԺԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Մայիս 18,2002 00:00

ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ «ԲՈՄԺԻ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ «Մեկուկես տարի է՝ Ազգային ռադիոյի կոլեկտիվները գտնվում են «բոմժի» կարգավիճակում, մի կերպ գլուխները պահելով, յոլա գնալով ապրում են»,- հայտարարում է Տիգրան Հեքեքյանը։ Նա նաեւ համոզված է, որ «հանրապետությունում այս մոդելի վրա կարելի է հասկանալ, որ նման վիճակը շատ բնագավառների է բնորոշ»։ Մաեստրոն այս ամենից անկարողության եւ անտարբերության տպավորություն է ստանում, սակայն, նրա կարծիքով, մեղքը չպետք է միայն ղեկավարների մեջ տեսնել։ «Կարծես վիրուս լինի, մի հիվանդություն, որը հայտնվելով առողջ մարդու մարմնում, չի թողնում, որ նա լիարժեք գործի։ Երեւի այդ վիրուսը կարելի է անվանել չիմացություն, ոչ բարձրակարգ պրոֆեսիոնալիզմ եւ պետական շահի վրա թքած ունենալու քաղաքականություն»։ Տ. Հեքեքյանը թեեւ ուրախ է, որ Ա. Ամիրյանն է նշանակվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, սակայն զարմացած է, որ Ազգային ռադիոն վերակազմավորվելով Հանրայինի՝ իբրեւ նրա իրավահաջորդ, ժառանգել է միայն «բոլոր լավ բաները» եւ հրաժարվել պարտքերից։ Արդյունքում տուժել են Ազգային ռադիոյի կոլեկտիվները, քանի որ նրանց ճակատագրի համար ի պաշտոնե պատասխանատու մարդիկ գտել են, որ «եղած միջոցները նպատակահարմար չէ նրանց վրա ծախսել»։ Մաեստրոն փաստում է, որ Ազգային ռադիոյի խմբերը տասնյակ տարիներ եղել են աշխարհի լավագույն սիմֆոնիկ երգչախմբերի ու նվագախմբերի թվում. «Ինչ վերաբերում է Ռադիոյի կամերային երգչախմբին, ապա նա ունի արժեք, պատմություն (ստեղծվել է 1929թ.), եւ նրա կորուստը հաստատ մեծ եւ անփոխհատուցելի կլինի»։ Նա այդպիսի երգչախմբի լինել-չլինելու մասին մտածելն անգամ համարում է անբարոյականություն։ Տ. Հեքեքյանը տեղեկացրեց, որ տարին չսկսած, տասնյակ հրավերներ են ստանում Ռադիոյի կամերային երգչախմբի անունով, սակայն ամեն ինչ ի չիք է դառնում անհրաժեշտ ֆինանսների բացակայության եւ ստեղծված անորոշ վիճակի պատճառով։ «Հովանավորներ գտնելու դեպքում ես կարող եմ ստեղծել մի ուրիշ այդպիսի երգչախումբ (տեսականորեն հնարավոր է), բայց ամենաքիչը 10 տարի կպահանջվի, որ այն աշխարհում ունենա նույնպիսի վարկանիշ, ինչպիսին Կամերային երգչախմբինն է»,- կարծում է Տ. Հեքեքյանը։ Ի դեպ, նրանից տեղեկացանք նաեւ, որ Ազգային ռադիոն երգիչներին աշխատավարձ չի վճարել դեռեւս 2000 թվականից (2000թ. հունվարից ԱՌ-ն Կամերային երգչախմբի հետ պայմանագրային հիմունքներով է աշխատել, ինչի համաձայն, պարտավորվել է վճարել նրանց ձայնագրությունների դիմաց, որը, սակայն, չի արել)։ Ըստ որոշ լուրերի, այս առումով երգչախմբում լուրջ խմորումներ կան, որոնք, հարցի դրական չլուծվելու դեպքում, հնարավոր պայթյուն են ենթադրում։ Մաեստրոն վստահ է նաեւ, որ Ազգային ռադիոյի ձայնագրման ստուդիան համապատասխան ուշադրության դեպքում ի վիճակի կլիներ աշխատել օրական 20 ժամ՝ «պահելով ե՛ւ իրեն, ե՛ւ կոլեկտիվներին», սակայն «հանգամանքների» բերումով այն այսօր «պարապ» է, «նրա փոխարեն մասնավոր ստուդիաներն են ծաղկում ու փողեր աշխատում»։ «Ես, որ «ծնվել» եմ ռադիոյում ու հեռուստատեսությունում, եւ այդ կառույցներում արդեն աշխատում եմ 17 տարի, ու քաջ գիտեմ բոլորի պարտավորություններն ու անգամ հաճախակի փոփոխվող կանոնակարգը, հիմա ոչնչից տեղյակ չեմ։ Ինձ թվում է, որ այստեղ նույնիսկ կան աշխատողներ, որ իրենց սեփական գործունեությունից իսկի տեղյակ չեն»,- ասում է Տ. Հեքեքյանը։ Մաեստրոն անդրադարձավ նաեւ իր՝ իբրեւ դիրիժոր եւ «Հայաստանի փոքրիկ երգիչների»՝ ասպարեզում ոչ այնքան հաճախ լինելուն։ Նա այդ ամենը պատճառաբանեց հանրապետությունում առկա ոչ ճիշտ երաժշտական քաղաքականությամբ եւ ուրիշների նման «փող ուզելու» սեփական «շնորհքի» բացակայությամբ. «Իր տասնամյակին հասած «Հայաստանի փոքրիկ երգիչների» գործունեությանն այսօր մեծ հարցական է սպառնում։ Երգչախումբը չի կարողանում գոյատեւել միայն քաղաքապետարանից ստացած փշրանքներով, այն դեպքում, երբ բազմաթիվ հրավերներ ունի։ «Հայաստանի փոքրիկ երգիչները» նույն պատճառով չի կարող նաեւ կազմակերպել միջազգային մրցույթներ ու փառատոներ»։ Տ. Հեքեքյանը չհերքեց, որ թեեւ մտերիմ է ՀԲԸՄ-ի երեւանյան գրասենյակի գործադիր տնօրեն Ա. Ղազարյանի հետ, սակայն դա փրկություն չէ։ Հիշեց, որ բազմիցս դիմել է միությանը այս կամ այն հարցով (եւ «դիմել է միայն այն դեպքերում, երբ վստահ է եղել, որ պետության վարկանիշի բարձրացման հարց կա») եւ շարունակ մերժում է ստացել։ Դրա համար էլ ավելորդ է համարում «Մշակույթի դեսպան» տիտղոսին արժանացած «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ առնչվող որեւէ հարցով նորից ՀԲԸՄ-ին խնդրելը։ Ընթերցողին հիշեցնենք, որ վերջերս Եվրոպառլամենտում հավաքված 250 երգչախմբերի խորհուրդ է ստեղծվել, որի ղեկավարումն առաջարկվել է պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանին։ Սակայն նա հրաժարվել է գայթակղիչ առաջարկից, ինչի համար չի զղջում. «Թեեւ դա բարձր աշխատավարձ էր, աշխարհի մշակութային կիզակետում գտնվելու լավագույն հնարավորություն, բայց ես հրաժարվեցի, որովհետեւ չեմ սիրում նավը լքել, երբ այն լավ վիճակում չէ»։ Մաեստրոն դժգոհում է, որ հաճախ արվեստագետներին մեղադրում են պետությունից օգնություն ակնկալելու համար. «Ախր նույնիսկ կապիտալիստական սիստեմում բազում կոլեկտիվներ դոտացիա են ստանում պետությունից։ Այդ երկրներում լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում գեղագիտական դաստիարակության բացթողում, մշակութապես մերկ ու դատարկ հասարակարգ, եւ ինչքան դժվար է այն ղեկավարելը»։ Զրույցի վերջում Տ. Հեքեքյանը մի տխուր եզրահանգում էլ արեց. «Այսպես շարունակվելու դեպքում մեր ազգը կվերածվի ամբոխի, էթնիկ խմբի, որն ապրում է որոշակի տարածքում։ Իսկ այդ «որոշակին» ոչ այլ ինչ է, քան մի ամբողջ երկրագունդ»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել