Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՏՐԱԿԱՆ «ՖԵՄԻԴԱՆ»

Հունիս 06,2002 00:00

ԽՏՐԱԿԱՆ «ՖԵՄԻԴԱՆ» Հայաստանում ընդունված է բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների մասին փաստերը կամ վկայությունները քննության առնել միայն այն ժամանակ, երբ նրանք զրկվում են իշխանությունից։ Ահա պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության անդամ եւ սառեցված դաշնակցական Արթուր Աղաբեկյանին էլ են ժամանակ առ ժամանակ մեղադրում երկու հոգու սպանության կազմակերպման մեջ, բայց այդ պնդումները որեւէ կերպ չեն արժանանում իրավապահ մարմինների ուշադրությանը։ Առաջին անգամ այդ մեղադրանքները հրապարակավ հնչեցին, երբ Արթուր Աղաբեկյանը նշանակվեց ԼՂՀ ՆԳ նախարար։ Իսկ երբ նա պաշտոնի անցավ Հայաստանի ՊՆ-ում, թերթերից մեկն ուղղակի հրապարակեց իր երկու որդիներին կորցրած Սարդարյանի նամակը, որն Արթուր Աղաբեկյանին էր մեղադրում նրանց սպանության մեջ։ Քանի որ հայրենական «Ֆեմիդան» իսկապես կույր ձեւացավ այս ամենի հանդեպ, մնում էր Արթուր Աղաբեկյանին հարցնել. եթե իրականությանը չի համապատասխանում այս ամենը, ինչո՞ւ ինքը չի փորձում պատասխանատվության կանչել իրեն զրպարտելու համար եւ ընդհանրապես երբեւէ չի պատասխանում այս մեղադրանքներին։ «Դրանք իրականությանը չեն համապատասխանում, լրիվ զրպարտություն են,- պատասխանեց գեներալ Աղաբեկյանը։- Կարող եք գտնել Սարդարյանների հորը, որի տղաներն իմ ընկերներն են եղել եւ հարցնել։ Ժամանակին նրանց հայրը սխալ կարծիքի է եղել, այնուհետեւ ամեն ինչ պարզվել է։ Մարդասպանը դատվել է Լեռնային Ղարաբաղում։ Անգամ չգիտեմ՝ կարծեմ դեռ նստած է։ Ոչ պակաս, քան տարին 2-3 անգամ նրանց հայրը լինում է մեր տանն իմ հյուրը, եւ շատ հարցերի մասին խոսում ենք։ Ավելին ասեմ՝ Սարո Սարդարյանն իմ ներկայացմամբ արժանացել է Մարտական խաչի երկրորդ աստիճանի շքանշանի։ Այնպես որ, դրանք հերյուրանքներ են։ Այդ մասին անգամ չեմ էլ ուզում խոսել՝ հին ու ծեծված թեմա է դա։ Հիմա արտահայտեցի իմ տեսակետը եւ կխնդրեմ՝ այսուհետեւ, եթե փորձեն անել նման հարցադրումներ, ճշտեք՝ Սարդարյանների հայրն ապրում է Աբովյանի մարզի գյուղերից մեկում։ Մի առիթով կասեմ, որ նա անպայման այցելի որեւէ խմբագրություն եւ պարզաբանումներ տա»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել