Լրահոս
Օրվա լրահոսը

Մութ հարցեր

Հունիս 06,2002 00:00

Մութ հարցեր Օրերս Հայաստանի ժողովրդական կուսակցության ձեռնարկած քննարկման չկայանալը պայմանավորված էր նրանով, որ դրա նախորդ օրը ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստով ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքը։ Չնայած օրենքի ընդունմանը, նաեւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ մտցնելուն, որոնք միտված էին Էրնեկյանի բիզնեսին նպաստելուն, ՀԺԿ-ի համար մի շարք հարցեր բաց են մնացել։ «Միայն հարցեր Էրնեկյան պայմանագրի հանդեպ» վերնագրով 21 հարցերի շուրջ երեկ ՀԺԿ գրասենյակում իրենց անդամների եւ ոլորտի շահագրգիռ անձանց միջեւ տեղի ունեցավ քննարկում։ Այն ներառում էր նաեւ օդանավակայանի տարածքում գործող արհմիութենական կազմակերպությունների մտահոգությունները՝ շարադրված բաց նամակի տեսքով։ Դրանում արհկոմների նախագահներն իրենց դժգոհությունն էին հայտնել ԱԺ պատգամավոր Արմեն Հակոբյանի ելույթից՝ այն պատճառաբանությամբ, որ վերջինս «լինելով «ավիատոր», օդաչու, իր պատգամավորության գործընթացում գոնե մեկ անգամ չէր այցելել «Զվարթնոց» օդանավակայան՝ իմանալու իր կոլեգաների մտահոգությունները, դժվարությունները»։ Ըստ նրանց, Ա. Հակոբյանը տեղեկություն չունի վերջին երեք տարվա ընթացքում քաղաքացիական ավիացիայում կատարվածի մասին եւ ոչ մի անգամ ԱԺ-ում ելույթ չի ունեցել ավիացիայի հետ կապված որեւէ հարցով, իսկ այսօր միանգամից խոսում է բարեփոխումների մասին։ Արհկոմների նախագահները անհանդուրժելի էին համարում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանային համալիրը խաղատների եւ այլ զվարճալիքների կենտրոնի վերածելը, փոխարենը առաջարկելով կառուցել բարձրակարգ սպասարկման սրահներ, սահմանապահ, մաքսային եւ այլ անհրաժեշտ ծառայություններ։ Իսկ ԱԺ-ին, արդարադատության նախարարությանը, ՔԱԳ վարչությանը եւ արհմիութենական կոմիտեին հղված դիմում-նամակում արհկոմների նախագահները պնդում էին, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածի, աշխատողների աշխատանքային պայմանագրերը դադարեցնելու մասին իրենք տեղյակ չեն պահվել։ Ըստ նրանց, չկա նաեւ նշված որեւէ երաշխիք ՀՀ կառավարության կողմից, թե ինչ աղբյուրներից պետք է վճարվեն ազատվող աշխատողների աշխատավարձի 50%-ի չափով առաջարկվող նպաստները։ Քննարկման մասնակիցների համար թե օրենքի ընդունումից առաջ, թե հետո էլ արդիական են մնում հարցերը, թե ինչու չի հայտարարվել կանոնավոր մրցույթ՝ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարման իրավունքի համար կամ ով է երաշխավորում Էրնեկյանի կողմից եւս 30 տարի բիզնեսով զբաղվելը եւ այլն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել