Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացմանն աջակցելու կոչ

Հունիս 13,2002 00:00

Զարգացմանն աջակցելու կոչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման օրվանից անցել է 10 տարի։ Այսօր՝ շնորհավորելով հոբելյանի առիթով, ուրախությամբ փաստում ենք, որ տասնամյա ժամանակահատվածում Հիմնադրամը հսկայածավալ աշխատանք է կատարել մեր Հայրենիքի ու Ժողովրդի համար։ Ավելի քան 75 միլիոն դոլար ընդհանուր արժեքով շուրջ 200 ծրագրեր են իրականացվել, որոնք լուծել են Արցախի, աղետի գոտու, Հայաստանի այլ շրջանների հրատապ խնդիրները՝ բավարարելով հարյուր172հազարավոր մարդկանց կենսական կարիքները։ Գնահատանքի եւ երախտագիտության արժանի շատ գործեր են արվել եւ այսօր էլ արվում են Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի մեր ժողովրդի առատաձեռն նվիրատվություններով, մեր միասնական ու համախումբ ջանքով։ Հայաստանում եւ Արցախում այսօր էլ մեր գործուն մասնակցության կարիքն են զգում վերականգնման, նորացման ու զարգացման շատ ու շատ ծրագրեր, որոնք հայրենի պետությունը միայնակ ի զորու չէ իրագործելու։ Ինչպես նախորդ տասնամյակում, ապագայում էլ Հիմնադրամը կանգնելու է պետության ու ժողովրդի կողքին՝ իրականացնելով համազգային նշանակություն եւ կարեւորություն ունեցող ծրագրեր։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս պարտավորությունն իրենն է համարում, քանզի ընդգրկումով եւ առաքելությամբ եզակի մի կառույց է, որին մասնակից են Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, եկեղեցիների հոգեւոր պետերը, ավանդական երեք կուսակցությունները, ազգային-բարեսիրական կազմակերպությունները, անվանի անհատներ։ Եվ այս համընդհանուր ներկայությամբ են պայմանավորված Հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունը, բնույթն ու ծավալները։ Աղետի գոտու վերականգնման, ենթակառուցվածքների նորացման ու զարգացման մշտական ծրագրերի շարքում Հիմնադրամի այսօրվա ամենաառաջնահերթ եւ խոշոր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի շրջաններն իրար միացնող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունն է։ Ղարաբաղի տնտեսության ողնաշարը համարվող ավտոմայրուղու կառուցումն ավարտին հասցնելն անհետաձգելի անհրաժեշտություն է։ Այս ծրագրի հաջող եւ արագ իրագործումից է կախված Արցախի մեր հայրենակիցների սոցիալական եւ տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծումը, անհրաժեշտ կենսամակարդակի ապահովումը։ Մենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներս, նոր տասնամյակի շեմին հույսով եւ վստահությամբ կոչ ենք անում հայ ժողովրդի զավակներին, ազգային հաստատություններին ու կազմակերպություններին, նրանց կառույցներին ու շրջանային մասնաճյուղերին, անվերապահ կերպով մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարդասիրական ծրագրերին, որոնք միտված են մեր հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը, նրա խաղաղ ու ապահով ապագային։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել