Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ

Հունիս 18,2002 00:00

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ Վերջին շրջանում հանրապետության ապրանքային շուկաներում հաճախակի են դարձել անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջին նիստում անդրադարձավ թեյի, բուսական յուղի, ալկոհոլային խմիչքի (վիսկի) ոլորտներում առկա երեւույթներին եւ արձանագրեց մի շարք փաստեր։ Մասնավորապես, «Հայկ եւ Անդրանիկ» ՍՊԸ-ի կողմից շշալցվող եւ իրացվող վիսկին կրկնօրինակում է շոտլանդական «Ջոնի Ուոլկեր եւ որդիներ» ֆիրմայի ապրանքանշանները։ «Մամիկոնյան Հովհաննես» ԱՁ-ի կողմից արտադրվող եւ իրացվող «սեւ բայխային» թեյի տուփի ձեւավորումը շփոթության աստիճան նմանեցված է հնդկական «Մողուլ Սալյուտ» թեյի ապրանքային եւ սպասարկման նշաններին։ «Աստղացոլք» ՍՊԸ-ի կողմից օգտագործված են իրանական MMC ընկերության «Աֆտաբ» ձեթի ապրանքային եւ սպասարկման նշանները։ Մեկ տարբերությամբ՝ «Աֆտաբը» գրվում է պ-ով՝ «Աֆտապ»։ Իսկ նույն ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Լեպտոն» թեյի արտաքին եւ ներքին փաթեթավորումը կրկնօրինակված է անգլիական հանրաճանաչ «Լիպտոն» ՍՊԸ-ին պատկանող ապրանքային եւ սպասարկման նշաններից։ Հանձնաժողովն ամրագրելով, որ շուկայում առկա այս երեւույթներն անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ են եւ նպատակ ունեն մոլորեցնել հասարակությանը, պարտավորեցրեց համապատասխան տնտեսվարող սուբյեկտներին վերացնել դրանք։ Վերջիններիս տրվել է որոշակի ժամկետ վաճառքից հանելու նշված ապրանքատեսակները։ Նման երեւույթների առկայության դեպքում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսվող խիստ պատժամիջոցներ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել