Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ

Սեպտեմբեր 24,2002 00:00

ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ Այս օրերին Ծաղկաձորի գրողների միության տանը ընդհանուր տնտեսագիտություն դասավանդելու համար վերապատրաստվում են հանրակրթական դպրոցների 40 ուսուցիչներ։ Դասընթացները կազմակերպվում են առաջին անգամ, սակայն կազմակերպիչները հույս ունեն, որ դրանք կլինեն շարունակական։ Ծրագիրը նախաձեռնել է ԱՄՆ տնտեսագիտական կրթության ազգային խորհուրդը, իրականացնում են Հայաստանի տնտեսագետների միությունն ու ԿԳ նախարարության կրթական բարեփոխումների կենտրոնը համատեղ։ «Հանրակրթական դպրոցներում տնտեսագիտական ծրագրերի ներմուծումը մենք ձեռնարկեցինք շուրջ 5 տարի առաջ, շաբաթական 1 դասաժամով։ Հանրապետության 400 դպրոցների 9-րդ դասարանցիները սկսեցին ծանոթանալ կիրառական տնտեսագիտություն առարկային,- տեղեկացրեց կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը,- սակայն երեխաների ընդհանուր քաղաքացիական կրթության մեջ խիստ պակասում էին ընդհանուր տնտեսագիտական գիտելիքները, այն, որպես կրթական տարր, պետք է հաստատուն տեղ գտնի ավագ դպրոցում»։ Նոր առարկայի ներդրումը դեռ պետք է ճանապարհ անցնի. պետք է մշակվեն չափորոշիչներ, ուսումնական ծրագրեր, կազմվեն դասագրքեր եւ, ի վերջո, անհրաժեշտ է գոնե վերապատրաստել յուրաքանչյուր դպրոցի համար գոնե մեկ ուսուցիչ։ ԿԳ նախարարությունը, համապատասխան ֆինանսավորում գտնելու դեպքում, նախատեսում է ներդրման աշխատանքներն ավարտել 1,5-2 տարում։ Իսկ այս դասընթացն այդ գլոբալ ծրագրի սկիզբն է միայն։ Սեպտեմբերի 21-ին Ծաղկաձորում կայացած շնորհանդեսին մասնակցում էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր ԱՄՆ տնտեսագիտական կրթության ազգային խորհրդից, քաղաքացիական կրթության այլ ծրագրերից, տնտեսագետ դասախոսներ ԱՄՆ տարբեր համալսարաններից։ ԱՄՆ հիշյալ խորհրդի ներկայացուցիչ եւ ծրագրի ընդհանուր կոորդինատոր Սվետլանա Սմերդինսկայան նշեց, որ տարբեր երկրներում հաջողությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր սկսել Հայաստանում դեռեւս 2 տարի առաջ, բայց սեպտեմբերի 11-ի դեպքերը խոչընդոտեցին ձեռնարկը։ Հյուրերը խիստ կարեւոր էին համարում նախնական կրթական համակարգում ընդհանուր տնտեսագիտության ներմուծումը, քանի որ նախկին պլանային տնտեսությունից նոր տնտեսական հարաբերություններին անցումը ստեղծել է նոր իրավիճակ, որին, գոնե տեսականորեն, պետք է ծանոթ լինի ինքնուրույն կյանք մտնող դեռահասը։ Ի դեպ, Ազգային ժողովի հաստատած կրթական զարգացման պետական հնգամյա ծրագրում, թերեւս հենց այդ նկատառումներով, մեծ տեղ է տրված տնտեսագիտական ուսուցմանը։ Ինչ վերաբերում է ուսուցիչների ընտրությանը, ապա նրանց թեկնածություններն առաջադրել են Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների կրթության բաժինները։ Ուսուցիչների մեծ մասը տնտեսագետներ են, մնացածը դասավանդում են բնագիտություն կամ աշխարհագրություն։ 7-օրյա սեմինարի ընթացքում նրանց կտրվի 42 ժամ դաս, կդասավանդեն ե՛ւ ԱՄՆ-ից եկած, ե՛ւ տեղի դասախոս-տնտեսագետներ։ Ասենք նաեւ, որ մինչ այս ծրագրի նախաձեռնումը, մի քանի հայ մասնագետներ արդեն վերապատրաստվել են ԱՄՆ-ի տնտեսագիտական կրթության ազգային խորհրդի կազմակերպած սեմինարներում եւ ստացել վերապատրաստողի որակավորում։ Նրանցից մեկը՝ Հայաստանի տնտեսագետների միության անդամ Անահիտ Ադանալյանը, պատմեց, թե ինչպես է ստեղծվել այս ծրագրի գաղափարը. «Երբ վերապատրաստվում էի, ես ծանոթացա ԱՊՀ մի շարք երկրների փորձին, որտեղ արդեն ընդհանուր տնտեսագիտությունը ներմուծված էր պարտադիր ուսուցման ծրագիր։ Արդյունքն ինձ հիացրեց, ես հասկացա, որ մենք շատ հետ ենք մնացել այդ երկրներից։ Այդուհետ մեր միությունը հարցը բարձրացրեց կրթական բարեփոխումների կենտրոնում, որտեղ այն դրական ընդունելություն գտավ եւ այսօր արդեն առաջին քայլերն ենք անում»։ Տիկին Անահիտը տեղեկացրեց նաեւ, որ ապագայում մտադիր են նման դասընթացներ կազմակերպել հենց մարզերում, որն առավել արդյունավետ ձեւ է, նաեւ՝ քիչ ծախսատար։ Ծրագրված է ուսուցիչների վերապատրաստում անցկացնել նաեւ Արցախում։ Ի դեպ, ծաղկաձորյան դասընթացները ֆինանսավորել է ԱՄՆ տնտեսագիտական կրթության ազգային խորհուրդը, եւ չի բացառվում, որ նրանք չհրաժարվեն կամ, ավելի շուտ՝ համաձայնեն ծրագրի հետագա ֆինանսավորմանը։ Իսկ Վիկտոր Մարտիրոսյանի կարծիքով, լավ աշխատանքի դեպքում կգտնվեն նաեւ այլ դոնորներ։ Որպես հեռահար նպատակ, նախաձեռնողները հնարավոր են համարում ընդհանուր տնտեսագիտության ընդգրկումը բուհական քննացուցակում, ներկայիս մաթեմատիկայի փոխարեն։ Մեզ հետաքրքրեց նաեւ, թե ինչպիսի ուշադրություն են դրսեւորում կիրառական տնտեսագիտություն անցնող դպրոցների աշակերտները այդ առարկայի նկատմամբ։ Ի պատասխան, զրուցակից ուսուցիչները միաբերան հավաստիացրին, որ՝ շատ ավելի մեծ, քան պարտադիր առարկաների նկատմամբ։ «Դասի ընթացքում այնքան շատ հարցեր են ունենում թեմայից դուրս, որ երբեմն դժվարանում ենք պատասխանել»,- ավելացրին նրանք։ Դե ինչ, թերեւս այդ բացն ինչ-որ չափով կլրացվի ծաղկաձորյան դասընթացներում։ Համենայնդեպս, անվիճելի է, որ կրթությունը հասարակության զարգացման կարեւորագույն պայմանն է, իսկ առանց տնտեսագիտական կրթության՝ այդ զարգացումը համաչափ ընթացք ունենալ չի կարող։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել