Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ»

Հունվար 09,2003 00:00

«ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ» Հպարտությամբ հայտարարում է Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Մելիքյանը: Ներկա խորհրդարանն իր աշխատանքների սկզբում ձեւավորեց ժամանակավոր 3 հանձնաժողովներ, որոնց գործունեությունը գրեթե չի լուսաբանվել: Ուստի առանձնապես հայտնի չէ՝ ձեւավորումից հետո ինչո՞վ են զբաղվել այս հանձնաժողովները, նրանց գործունեության հետեւանքով կատարվե՞լ է որեւէ էական տեղաշարժ: Երկարաշունչ անվանումով՝ «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող» հանձնաժողովի վերաբերյալ մամուլում հայտնված հատուկենտ տեղեկություններից դատելով՝ առայժմ նրանք միայն զբաղվում են Աժ վերահսկիչ պալատի արդեն իսկ կատարած ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքների զննությամբ: «Ո՛չ,- ասաց հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը:- Մենք ոչ միայն Վերահսկիչ պալատից ենք ստացել համապատասխան ստուգումների հետ կապված փաստաթղթեր, այլ նաեւ ԱԳՆ-ից, ֆինանսների նախարարությունից, կառավարությունից եւ այն կազմակերպություններից, որոնք զբաղվել են նման ուսումնասիրություններով: Իսկ փոխառությունների եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկային այլ միջոցների ուսումնասիրությունները կատարում ենք նաեւ առեւտրային բանկերից ստացված համապատասխան փաստաթղթերի ստուգումներով: Փաստաթղթեր ենք պահանջել նաեւ մաքսային ծառայությունից՝ մարդասիրական օգնությունների եւ ապրանքային վարկերի ձեւով ՀՀ ներմուծումների մասին: Դրանից հետո համեմատական ուսումնասիրություն կկատարենք ֆինանսների նախարարությունից վերցված փաստաթղթերի հետ»: Հետաքրքրվեցինք, թե վերոհիշյալ մարմիններից փաստաթղթեր պահանջելուց զատ՝ հանձնաժողովը կատարո՞ւմ է որեւէ ինքնուրույն ուսումնասիրություն: «Առայժմ վերցնում ենք բոլոր այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա կարող ենք կատարել ստուգումներ տեղերում՝ ծրագրերի իրականացման գրասենյակների միջոցով»,- պատասխանեց Գագիկ Մելիքյանը: ԱԺ Վերահսկիչ պալատի 2004-ի ծրագրում բազմաթիվ են վարկային ծրագրերի նախանշվող ուսումնասիրությունները: Փաստորեն ԱԺ երկու մարմիններ զբաղված են նույն գործով, ընդ որում՝ տարակույս չունենք, որ ԱԺ պատգամավորների համեմատ՝ Վերահսկիչ պալատի մասնագետներն այդ աշխատանքը կանեն առավել բանիմացորեն: «ԱԺ վերահսկիչ պալատի ծրագրում այդ ուսումնասիրություններն ընդգրկելը նաեւ մեր նախաձեռնությամբ եւ առաջարկներով է եղել:- հայտնեց հանձնաժողովի փոխնախագահը:- Ուսումնասիրությունների ծավալն այնքան մեծ է, որ հանձնաժողովը չի կարող իր ընդամենը 7-8 հոգանոց կազմով իրականացնել այդքան ստուգումներ: Մենք պետք է նաեւ ներգրավենք համապատասխան փորձագետներ»: Փաստորեն՝ անցած ամիսների ընթացքում չի լուծվել անգամ այդ հասարակ խնդիրը: Ի դեպ, հանձնաժողովը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: «Մենք արդեն ստեղծել ենք համապատասխան գրասենյակ: Ունենք համապատասխան վեբ-սայթ: Ունենք համապատասխան հեռախոսի համար, որով մեզ կարող է դիմել բնակչությունը»,- իրենց նշանակալի ձեռքբերումները թվարկեց հանձնաժողովի փոխնախագահը: Թեեւ անգամ խորհրդարանական թղթակիցներիս աչքով չի ընկել որեւէ հայտարարություն այդ հեռախոսահամարի մասին, որով բնակիչները կարող էին զանգահարել եւ պատմել փոխառությունների եւ դրամաշնորհների անարդյունավետ օգտագործման կամ Սադոյանի բառապաշարով ասած՝ «լափելու» իրենց հայտնի դարձած մանրամասների մասին: Գագիկ Մելիքյանը մեր զրույցի վերջում մտաբերեց եւս մի ձեռքբերում. «Այն միջազգային կազմակերպությունները, որոնք իրականացրել են տվյալ ծրագրերը Հայաստանում, նույնպես տրամադրում են մեզ համապատասխան փաստաթղթեր: Եվ այդ փաստաթղթերի համեմատական ստուգումից արդեն բացահայտել ենք բավականին թվով մարդասիրական օգնություններ կամ դրամաշնորհներ, որոնք չեն գրանցված Ֆինանսների նախարարության կողմից: Եվ դա մեր աշխատանքի արդյունքն է»: Հետաքրքրվեցինք, թե հայտնաբերված խախտումների մասին նյութերն արդեն իսկ ուղարկե՞լ են դատախազություն: «Ո՛չ, քանի որ դեռեւս կազմված չեն դրանց վերջնական եզրակացությունները»,- պատասխանեց պրն Մելիքյանը: Նա նաեւ բացահայտեց, թե իրենց եզրակացությունները վերաբերելու են «ոչ միայն նախորդ տարիներին ստացած վարկերին եւ փոխառություններին, այլ նաեւ տվյալ տարում եւ ապագայում ստացված վարկերին»: Մոգակա՜ն է. դեռ վարկը չստացած՝ արդեն իսկ ունենալու ենք եզրակացությունը դրա օգտագործման արդյունավետության վերաբերյալ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել