Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրի Բուշը

Հունվար 09,2003 00:00

Ապրի Բուշը Ռ. Քոչարյանի պաշտոնավարության 6 տարիների ընթացքում վերջինիս հեղինակած որեւէ ձեռնարկ հայ ժողովրդին, թերեւս, այդքան չի ուրախացրել, որքան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ օրերս հրապարակած նախաձեռնությունը։ Ըստ Բուշի նոր էմիգրացիոն ծրագրի, այս ոլորտը ենթարկվելու է ռադիկալ փոփոխությունների, իսկ դրանց արդյունքում, մասնավորապես, լեգալացվելու է մոտ 14 մլն օտարերկրացիների կեցության կարգավիճակը։ Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է անօրինական կերպով ԱՄՆ ներթափանցած կամ սահմանված օրինական ժամկետներից հետո երկիրը չլքած մարդկանց։ Միացյալ Նահանգներում արձանագրում են, որ Բուշի այս նոր նախաձեռնությունն իր տեսակի մեջ ամենամասշտաբայինն է՝ սկսած 1986 թվականից, երբ անլեգալ էմիգրանտներին «ներելու» ծրագիր հռչակեց այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ Բուշի ծրագիրը, որը դեռեւս պետք է արժանանա Կոնգրեսի հավանությանը, բավականաչափ լայն հեռանկարներ է բացում երկիրը ողողած բազմաթիվ անօրինական էմիգրանտների առջեւ։ Այսպես. այն մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում են գտնվում առանց որեւէ փաստաթղթի, հետեւաբար՝ վիզայի, ժամանակավոր գրանցման դիմաց վճարում կատարելուց հետո կստանան համապատասխան փաստաթղթեր՝ հետագա աշխատանքի իրավունքով։ Այստեղ, սակայն, պետք է նշել, որ նկատի է առնվում ստորակարգ՝ ԱՄՆ քաղաքացիներին ոչ այնքան հարիր աշխատանքը։ Ժամկետանց կամ գրեթե ժամկետանց վիզաներով էմիգրանտների կեցության ժամկետները կերկարաձգվեն երեք տարով, որից հետո ԱՄՆ միգրացիոն ծառայությունների կողմից նրանց կտրվի կեցության ժամկետը երկարաձգելու իրավունք։ Վերջապես, այն «անլեգալները», ովքեր կցանկանան ընդմիշտ մնալ ԱՄՆ-ում, ցանկության դեպքում, ընդհանուր հիմունքներով ԱՄՆ քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություն կստանան։ Բուշի հռչակած «Էմիգրացիոն ամնիստիայի» հրապույրներն այսքանով չեն սահմանափակվում։ Ժամանակավոր վիզա ստացած օտարերկրացիներին կթույլատրվի ԱՄՆ կանչել նաեւ իրենց ամուսիններին եւ երեխաներին, թեեւ այդպիսիք պետք է բավարար ապացույցներ ներկայացնեն իրենց ֆինանսական քիչ թե շատ բարվոք վիճակի մասին։ Այս ծրագիրը լայն ու ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ամերիկյան հասարակայնության շրջանում։ Էմիգրանտական կազմակերպությունները ողջունել են այն, չմոռանալով, իհարկե, հայտարարել, թե «ավելին էին սպասում»։ Բուշի քաղաքական հակառակորդները՝ դեմոկրատ կոնգրեսմեններն արդեն իսկ հասցրել են ծրագիրը որակել իբրեւ նրբին քաղաքական քայլ՝ նախընտրական հեռահար նպատակադրվածությամբ։ Ըստ այդմ, Բուշն այդպիսով իբրեւ թե փորձում է շահել միլիոնավոր լատինամերիկյան ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիների համակրանքը, քանզի անլեգալ էմիգրանտների շուրջ 80 տոկոսը նրանց հայրենակիցներն են։ Անկախ ամեն ինչից, այս ծրագրից, ակներեւաբար, կօգտվեն նաեւ անլեգալ կերպով ԱՄՆ-ում գտնվող հազարավոր Հայաստանի քաղաքացիներ։ Իսկ դա նշանակում է, որ կօգտվի Հայաստանն ամբողջությամբ, քանզի գաղտնիք չէ, որ ՀՀ բնակչության զգալի մասն ապրում է ԱՄՆ-ից եկող տրանսֆերտների հաշվին։ Ստացվում է, որ Բուշը գրչի մեկ հարվածով Հայաստանի համար արեց ավելին, քան մեր «աղքատության վերացման ռազմավարության» ճռճռան ակտիվիստները։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել