Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ենք ու մեր մանկապարտեզները

Հունվար 11,2003 00:00

Մենք ենք ու մեր մանկապարտեզները Մանկապարտեզների համատարած «կոտորածը» սկսվեց 1996 թվականին, երբ վարչատարածքային ձեւավորման նոր համակարգով նախադպրոցական կրթօջախներն անցան համայնքների ենթակայության տակ։ Համայնքները պատրաստ չէին դրան, չկար բավարար իրավական դաշտ։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքում կրթության մասին եզակի՝ 41-րդ հոդվածում միայն նշվում է, որ համայնքի ղեկավարը կազմակերպում եւ կառավարում է համայնքի ենթակայության տակ գտնվող դպրոցները, մանկապարտեզները, արտադպրոցական հիմնարկները եւ այլն, բայց՝ ինչպե՞ս։ «Անօրինականությունը ծաղկում է այնտեղ, որտեղ իրավական դաշտի վակուում կա՝ մեր համայնքապետերին թվաց, թե հայրական ժառանգություն են ստացել եւ ինչպես ուզում են, այնպես էլ կարող են վարվել»,- ասաց ԿԳ նախարարության Հանրակրթական վարչության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Միտոյանը։ Ըստ այդմ, տարբեր ղեկավարներ տարբեր կերպ վերաբաշխեցին իրենց հասած «ժառանգությունը», կապված, թերեւս, սեփական կրթական մակարդակի կամ ինտելեկտի հետ։ Արագածոտնի մարզում լուծարվեցին տասնյակ նախակրթարաններ, դառնալով սեփական առանձնատներ, համայնքային եւ տարբեր գերատեսչությունների ծառայողական շենքեր եւ այլն։ Իսկ Աշտարակ քաղաքում, Երեւանի Մալաթիա -Սեբաստիա, Արաբկիր համայնքներում հիմնովին վերանորոգվեցին եղած մանկապարտեզներն ու դեռ մի քանիսն էլ բացվեցին համայնքի բյուջեի հաշվին։ Փառք Աստծո, 2001 թվականին ընդունված օրենսդրական փոփոխությունից հետո մանկապարտեզների լուծարումը համաձայնեցվում է ԿԳ նախարարության հետ, եւ, ըստ մեր զրուցակցի տվյալների, առայսօր Երեւանում լուծարման դեպք չի արձանագրվել, միայն Գեղարքունիքի մարզում մեկ նախադպրոցական հիմնարկ դարձել է մանկական կենտրոն։ Առաջնորդվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի մեկ այլ՝ 28-րդ հոդվածով, ըստ որի՝ համայնքի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է կարգավորի իր «կաբինետը», շատ համայնքապետեր վարել եւ վարում են կադրային կամայական քաղաքականություն։ Հետեւանքն այն է, որ մանկապարտեզների դաստիարակ-վարիչներից սկսած մինչեւ համայնքի կրթության բաժնի պետեր չեն համապատասխանում ընդունված տարիֆաորակավորման չափանիշներին։ Ավելին ասենք ու թարմ փաստով. տեղական իշխանությունների վերջին՝ աշնանային ընտրություններից անմիջապես հետո նորընտիր թաղապետ ունեցող համայնքների մի շարք մանկապարտեզների տնօրեններ ահաբեկված զանգահարել են նախարարություն։ «Մեզ ասել են՝ ազատման դիմում կգրեք»,- ասել են նրանք։ Վերահսկողության բաժինը պարզել է զանգերի իսկությունը, համոզվել, ապա հիշյալ համայնքապետերին զգուշացրել, որ վարիչներն իրենց պաշտպանության տակ են եւ նման ոտնձգությունները լավ ավարտ չեն ունենա։ Գործը դրական ավարտ է ունեցել։ Այնուամենայնիվ, կրթական ու որակական չափանիշներով վերջին հնգամյակում նախադպրոցական հիմնարկների կադրային «խավը» նկատելի հետընթաց է ապրել։ «Մենք ամեն ինչ անում ենք կադրերի վերապատրաստման համար,- ասաց Հ. Միտոյանը,- այս տարիներին այնքան մեթոդական ձեռնարկներ ենք տպել ու բաժանել մանկապարտեզներին, որքան խորհրդային տարիներին անգամ չենք տպել, բայց կրթության բովանդակությունը ճիշտ կադրերի ընտրությունն է, ոչ թե նրանց վերապատրաստումը»։ Այս հարցում նախարարությունն այլեւս դեր չունի այնպես, ինչպես չունի ֆինանսական հսկողության հարցում։ Բայց որոշ տեղեկությունների տիրապետում է՝ ստացված Ազգային վիճակագրական ծառայությունից եւ գրեթե «ուժի զոռով» կատարված ուսումնասիրություններից։ Մանկապարտեզներում սննդի հարցը լուծվում է ծնողների վճարումներով։ Մնացած կոմունալ-կենցաղային, դիդակտիկ պարագաների, աշխատավարձի եւ այլ ծախսեր հոգում է համայնքը։ Ծախսերի որոշ հատված տրամադրվում է նաեւ պետբյուջեից։ «Այդ դոտացիոն գումարները մտնում են համայնքի ընդհանուր բյուջե եւ բաշխվում ավագանիների որոշմամբ, շատ հաճախ՝ ասֆալտապատման եւ այլ խնդիրների համար,- տեղեկացրեց Հ. Միտոյանը։- Մի համայնքում երկու մանկապարտեզի համար 5 հաստիք են պահում, մյուսում՝ 25 մանկապարտեզի համար կրթության բաժնում 2 հաստիք են սահմանում։ Ամեն ինչ քմահաճույքով է»։ Դրական փաստեր նույնպես կան. Կոտայքի մարզի մի շարք գյուղերում մանկապարտեզներին հատկացվել է սեփական հողատարածք, որից ստացված բերքն ու եկամուտը մանկապարտեզինն է։ Վայոց ձորում եւ մի քանի այլ մարզերում էլ ծնողները գումարի փոխարեն բնամթերք են տալիս՝ նույնպես ելք է։ Շատ թույլ է նախարարության վերահսկողական դերը համայնքներում, նաեւ՝ կապ չկա, հեռախոս չկա։ Մարզերից տեղեկություններ ստանում են հիմնականում կրթության բաժիններից, իսկ հաստատությունների հետ անմիջական շփման միջոցներ նախարարությունը չունի։ Բոլոր այս «չկա»-ների հիմնական պատճառն, ըստ Հասմիկ Միտոյանի, իրավական դաշտի անկատարությունն է, ինչի ուղղությամբ էլ «մենք հիմա աշխատում ենք»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031