Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՂԱԺԱՄ ԷՐ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼԸ

Հունվար 23,2003 00:00

ՎԱՂԱԺԱՄ ԷՐ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼԸ Թեեւ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի շրջանակներում արդեն նույնիսկ «Քեզ համար, Հայաստան» երգի նոր հոլովակ է նկարահանվել՝ ի նշանավորումն «աղետի գոտի» հասկացությանը հրաժեշտի, երկրաշարժից տուժած բնակավայրեր մեր երեկվա այցելության ընթացքում համոզվեցինք, որ նախընտրական բլեֆ է, թե այն վերածվել է զարգացման գոտու: Եթե Քոչարյանի իշխանության օրոք իրոք աղետի գոտու բնակիչները նման բարեկեցության հասած լինեին՝ ենթադրելի է, որ «սրերով» կընդունեին ու կմերժեին ցանկացած այլ թեկնածուի, բացի գործող նախագահից: Մինչդեռ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն արժանանում էր իրոք ջերմ ընդունելության: Ամեն բնակավայրում, որտեղ կանգ էր առնում ՀԺԿ նախագահը, աղուհացով էին դիմավորում նրան ու «բռնած գործիդ՝ հաղթանակ» մաղթանքով՝ զոհաբերում 2 կամ 3 ոչխար: Իսկ Քարաձոր գյուղում ընդհանրապես ծրագրված չէր հանդիպում, բայց տեղացիները դուրս էին եկել դիմավորելու Կարեն Դեմիրճյանի որդուն եւ այստեղ էլ նրա ոտքերի տակ մատաղ արվեց երկու ոչխար: Հնչում էին բարեմաղթանքներ, օրհնության խոսքեր: Ասենք, Նալբանդ գյուղում ուսուցչուհի Գոհար Հարությունյանը, նայելով Ստեփան Դեմիրճյանին, ասում էր. «Հորը բաց ընտրեցի: Կոմունիստ եմ: Որդուն էլ եմ բաց ընտրելու»: Այլ գովաբանությունները չենք մեջբերում՝ չարժանանալու համար իշխանամետների ավանդական կշտամբանքին, թե «Պրավդայի» ռեպորտաժների ոգով են լուսաբանվում Դեմիրճյանի այցերը: Բայց հակառակը փնտրողները կկարողանային մեջբերել միայն իբրեւ «Կասանդրա, համ էլ ատաման Սոֆիկ» ներկայացած սպիտակցի կնոջ խոսքերը, որը Ստեփան Դեմիրճյանին խնդրեց. «Մեր Քոչարյանի հետ լավ ըլեք, հարազատներ, ըլեք ախպեր, որ բանվորները լավ ըլնեն՝ մեզ էլ օգնեք, ստեղ էլ լավ կվարտիրա գցեք, ասենք՝ էս էլ մեզ ընկեր Ստեփան Դեմիրճյանի անունից»: Կասանդրան անմիջապես արժանացավ այլ սպիտակցիների սաստող բացականչություններին: Իսկ երբ Ստեփան Դեմիրճյանից այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե մտադի՞ր չէ հետեւել Կասանդրայի խորհրդին, մի տարեց տղամարդ կտրեց խոսքս. «Թարգը տո՛ւր: Բրախի՛: Ամենին չեն լսում»: ՀԺԿ նախագահի քարոզարշավային բազմաթիվ ուղեկիցների մեջ էր Արշակ Սադոյանը, որին իրավամբ կարելի է համարել այս թեկնածուի հաղթաթուղթը: Վերջինիս նկատմամբ աղետի գոտու բնակիչների վերաբերմունքը կարելի է բնութագրել «բոլորը նրան ասել՝ օ՜» արտահայտությամբ: Եվ ահա երբ Սադոյանը տարբեր բնակավայրերում հայտարարում էր, թե Քոչարյանը «ինչ-որ չափով՝ օտար է մեզ, ինչ-որ չափով՝ մեր ժողովրդի կողմից ընդունված չէ», չէր գտնվում եւ ոչ մեկը, որ առարկեր նրան, ասեր, թե նախագահը հարազատ է իրենց ու ընդունելի հատկապես աղետի գոտու բնակիչների համար: Հակառակը, մենք անընդհատ լսում էինք գանգատներ՝ ընդ որում, բացարձակապես չփնտրելով բողոքողների: Այսպես, Գոգարանի բնակիչ Սուրեն Մինասյանն ասաց. «Մեր գյուղի մեծ մասը «դոմիկներում» են ապրում: Մենակ Սպիտակում շինարարություն անելով չի նշանակում, որ մարզի ամբողջ 24 գյուղերը կառուցվել են: 10 տարի է՝ ոչ մի բան էլ չի արած: Ռուսաստանից որ եկել էին, նրանց կառուցածից բացի ոչ մի շենք չի կառուցվել»: Նալբանդի բնակիչ Պարույր Մանգասարյանը պնդեց. «50%-ից ավելին ապրում են «դոմիկների» մեջ: Բոլորն անաշխատանք են: Հողամասեր էլ չունենք: Մեզ պետք են ձեռնարկություններ: Ձեր աչքերով տեսնում եք՝ աղետի գոտում ի՞նչն է զարգացել. ոնց եղել է, կար՝ այնպես էլ մնում է: Ապրեն ռուսները՝ եկել, սարքել, գնացել են: Դրանից հետո ոչ մի տեղաշարժ չի կատարվել»: Այս եւ նման բազմաթիվ բողոքներն էին հիմնավորումը, որ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին առիթ տվեց մարտահրավեր նետել. «Աղետի գոտին արդեն գնահատում են իբրեւ զարգացման գոտի: Թող գան եւ ցույց տան իրենց կառուցած աղետի գոտին եւ նոր խոսեն զարգացումից»: Սպիտակի բնակիչները «ո՛չ» պատասխանեցին, երբ Ստեփան Դեմիրճյանը հարցրեց. «Այս վիճակից գո՞հ եք», եւ նա եզրակացրեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աղետի գոտին դարձել է զարգացման գոտի. «Հերթական անգամ համոզվեցինք, որ իսկապես երկու Հայաստան գոյություն ունի. մեկը՝ որ ներկայացվում է, մյուսը՝ որ կա իրականում: Սա է մեր իրականությունը, որ մենք ուզո՛ւմ ենք փոխել եւ իսկապես կարո՛ղ ենք փոխել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել