Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲՈՒՀ ՉԵՍ ԸՆԴՈՒՆՎԻ

Հունվար 23,2003 00:00

ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲՈՒՀ ՉԵՍ ԸՆԴՈՒՆՎԻ Դեռեւս անցյալ տարվա վերջին քաղաքապետարանի կրթության վարչությունը մայրաքաղաքի որոշ դպրոցներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում երկու տնօրենի՝ աշխատանքից ազատելու փաստը անհասկանալի պատճառներով թաքցնում էր: Ավելին, վարչության պետի տեղակալ Ս. Աչոյանի հավաստմամբ, իրենք չեն հեռացրել որեւէ ուսուցչի, պարզապես վարչության կատարած ուսումնասիրությունների հետ զուգադիպել է տնօրենների ինքնագիտակցության բարձրացումը, եւ նրանք հասկացել են, որ չեն կարող այլեւս տնօրինել դպրոցը: Ընդհանրապես, կրթության վարչությունը սիրում է պարտակել տնօրենների ամենակոպիտ խախտումներն անգամ, միայն թե նրանք ընդդիմադիր թեւից չլինեն: Վարչությունն այդպես էլ չտեղեկացրեց, որ Երեւանի թիվ 153 միջնակարգ դպրոցում հայոց լեզվի պետական ուսումնական պլանի շրջանակներում եղած նյութը վճարովի էր անցկացվում: Մաթեմատիկայի ուսուցիչն էլ երեխաներին կիսել էր՝ 15 աշակերտի հետ առանձին, վճարովի հիմունքներով պարապելով: ԿԳ նախարարությունը, ստացած ահազանգի հիման վրա, պարզել է հանգամանքները, եւ տնօրենը հեռացվել է աշխատանքից: Իսկ ընդհանրապես ֆինանսական ստուգումները դպրոցներում իրավունք ունի կատարելու միայն ֆինանսների նախարարության աուդիտորական խումբը, ոչ նախարարությունը, ոչ էլ կրթության վարչությունը: Այս մասին հայտնեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը՝ ներկայացնելով դպրոցական նոր կանոնադրության առանցքային կետերը: Մինչեւ փետրվար ամսի կեսերը կավարտվեն դպրոցների կանոնադրության հաստատման գործընթացները: Հիմնական փոփոխությունը, որ կանոնադրությամբ հաստատվել է, դպրոցի կարգավիճակին է վերաբերում: Նախկինում դպրոցը հիմնարկ էր՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ ըստ նոր կանոնադրության, այն պետական, ոչ առեւտրային կազմակերպություն է, որ իրավունք ունի վճարովի ծառայություններ իրականացնելու. լրացուցիչ հանրակրթական ծրագրերի, համակարգչային դասընթացների, արտադպրոցական դաստիարակության, կարող է սննդի կազմակերպում իրականացնել, ուսումնաարտադրական խմբակներ կարող է բացել ու իր արտադրանքն իրացնել: Բացի այդ, պետական սեփականություն հանդիսացող գույքը ամբողջ կազմով եւ արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների եւ նվազագույն աշխատավարձի 10 հազարապատիկից ավելի արժողությամբ գույքի, իբրեւ սեփականություն հանձնվում է դպրոցին, նաեւ՝ այն ամբողջ նոր գույքը, որ դպրոցն ինքն է վաստակել, դրա փոխարեն, դպրոցը կարող է, ասենք, համակարգիչ ձեռք բերել: Եվ այս ամենը համարվում է դպրոցի եւ ոչ թե պետության գույքը: Այսինքն՝ եթե դպրոցը լուծարվի կամ վերակազմավորվի, այդ գույքը դպրոցի կոլեկտիվին միայն կարող է բաշխվել: Շենքն ու շինությունն էլ պետությունը տրամադրում է դպրոցին՝ անհատույց օգտագործման: Իսկ վարձակալության տալու դեպքում գումարները պետք է գան դպրոցի բյուջե, քանի որ դպրոցն իրավունք ունի նաեւ արտաբյուջետային հաշիվ ունենալու: «Որքան էլ ֆինանսների նախարարությունը դեմ էր, կարողացանք ամրագրել, որ անկախ արտաբյուջետային գումարներից, դպրոցը միշտ պետք է ֆինանսավորվի պետության կողմից, որովհետեւ կարող է մի օր մի իրավիճակ ստեղծվել, որ կտեսնեն դպրոցի արտաբյուջեի վրա որոշակի գումար կա, եւ այդ գումարը կարող է դպրոցին մեկ տարի պահել, մեկ տարի պետությունը չտար դպրոցին հասնող գումարը: Անկախ արտաբյուջեի գումարներից, պետական դպրոցը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից»: Ի դեպ, ուսումնական պլանում կա մի բաժին, որ կոչվում է նախասիրական, այդ բաժնի առարկաները կարող է ընտրել երեխան ինքը, եւ դա վճարովի է: Ի դեպ, այն կարող է լինել, ասենք, հայոց լեզուն, որ ուսումնական պլանի մեջ կա: Պարզապես կոնկրետ այդ խորացված նյութը, որ պետք է, օրինակ, բուհ ընդունվելու համար, չկա ուսումնական պլանի մեջ: Սա էլ գալիս է ապացուցելու, որ անվճար ուսումնական պլանով չես կարող բուհ ընդունվել: Նոր կանոնադրությամբ հստակեցված է նաեւ դասարանների խտությունը: Օրինակ, տարրական դասարաններում 40 աշակերտ միասին սովորելու իրավունք չունեն: Սակայն նոր կանոնադրության հաստատման ձգձգման պատճառով այս տարի արդեն նման դեպքեր կան, իսկ հիմա երեխային այլ կոլեկտիվ տեղափոխելը հակամանկավարժական եւ հակահոգեբանական է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել