Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա հայցապահանջ, կա դատարանի վճիռ

Հունվար 23,2003 00:00

Չկա հայցապահանջ, կա դատարանի վճիռ Միջնորդ դատարանը չի կիրառում դատավարական օրենսգրքի պահանջները «Ես Միջնորդ դատարանին հողի սեփականության իրավունքի վերաբերյալ հայց չեմ ներկայացրել, դատաքննություն տեղի չի ունեցել, բայց վճիռ է կայացվել, որով իմ սեփական հողամասը բաժանվել է այլոց միջեւ»,- Ինֆորմացիայի ազատության կենտրոնին հայտնեց երեւանաբնակ Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը: Նրա ասելով, վճռի գոյությունն իրեն հայտնի է դարձել 2002թ. մայիսի սկզբին՝ երբ կադաստրի աշխատակիցները բակում չափագրումներ են սկսել՝ իրեն պատկանող հողատարածքը Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնին (ՄԻՊՀԿ) առընթեր միջնորդ դատարանի 2002թ. փետրվարի 20-ի վճռի հիման վրա բաժանելով տան մյուս սեփականատերերի միջեւ՝ դուրս թողնելով տկն Մսրյանին: Վերջինս հայտնեց, որ 2001 թվականի մայիսի 13-ին դիմել է ՄԻՊՀԿ՝ խնդրելով պարզաբանել իր սեփականատիրական իրավունքները՝ ունեցած հողի նկատմամբ, որը դեպքերի բերումով վիճարկելի էր դարձել: Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանի ասելով, գրավոր պատասխանի փոխարեն Կենտրոնից հեռախոսազանգով պահանջել են 35 հազար դրամ վճարել՝ հարցը միջնորդ դատարանի միջոցով լուծելու համար: «Ես առարկեցի, պատճառաբանելով, որ ոչ մի դատական հայց չեմ ներկայացրել, սակայն ստիպված եղա 2001 թ. հունիսի 16-ին գումարը վճարել մեր տուն ուղարկված Կենտրոնի աշխատակցին»: Անցնում են ամիսներ, ու դարձյալ պատասխան չստանալով, հոկտեմբերի 19-ին Պ. Մսրյանը երկրորդ դիմումն է գրել Կենտրոնին՝ նշելով, որ պահանջված գումարն ինքը վճարել է, սակայն Կենտրոնն ընթացք չի տվել իր դիմումին: Այս նամակին նույնպես չեն պատասխանել: Վեճ հողի համար Պերճանուշ Մսրյան-Օքսուզյանը պատմեց, որ հարեւանուհին՝ Սիլվա Պարունովան, որին տարիներ առաջ վաճառել էր տան երկրորդ հարկը, որոշել էր վաճառել իր հարկաբաժինը: Հարեւանուհին՝ տան մյուս սեփականատերերին՝ տիկին Պերճանուշին եւ նրա երկու դուստրերին, առաջարկել է վաճառել ողջ առանձնատունը, ասելով, որ այդպես ավելի շահեկան կլինի: «Մենք համաձայն էինք միայն այն դեպքում, եթե վաճառքը նպաստավոր լիներ: Գնորդ գտնվեց եւ սկսեցին որոշել, թե ում ինչքան գումար պետք է հասնի: Այդ ժամանակ ասացին, որ ինձ ոչինչ չի հասնում, որովհետեւ իմ անունով ոչ մի կառույց չկա: Առանձնատան մյուս սեփականատերերի հետ սկսեցինք վիճարկել հողի սեփականության իմ իրավունքը եւ ես լսելով ՄԻՊՀ կենտրոնի գոյության մասին՝ դիմեցի նրանց իրավական պարզաբանում ստանալու խնդրանքով»: Հանրապետության վաստակավոր շինարար-ճարտարապետ Պ. Մսրյան-Օքսուզյանը հայտնեց, որ 928 քմ տարածքով՝ Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի թիվ 1 հասցեի հողամասն իրեն հատկացվել է 1946թ. Երեւանի քաղսովետի գործկոմի որոշմամբ՝ անհատական բնակարանային շինարարության համար: Կառուցել է երկհարկանի առանձնատուն, 1973թ. տան երկրորդ հարկը վաճառել է հարեւանին: 1991թ. հողամասը սեփականաշնորհվել է որպես անհատույց սեփականություն առանց վերագրանցման պահանջի: 1995 թվականին տիկին Պերճանուշը նոտարական պայմանագրով իր հարկաբաժինը կիսել է երկու աղջիկների միջեւ: «Ոչ մի գործարքում հողի օտարում կամ մասնատում չեմ կատարել, ինձ թողել եմ հողի եւ նրա վրա գտնվող չգույքագրված կառույցների սեփականության իրավունքը (որոնք չեն հիշատակված նվիրատվության պայմանագրերում)»,- ասում է տիկին Մսրյանը: Իրավական օգնության փոխարեն՝ միջնորդ դատարանի վճիռ Մեր հարցին, թե ինչի հիման վրա է վճիռ կայացվել՝ Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Մարտիրոսյանը եւ Միջնորդ դատարանի նախագահ Ս. Բեգլարյանը մատնացույց արեցին Պ. Մսրյանի դիմումը՝ ուղղված Կենտրոնին: Կենտրոնի տնօրեն Սմբատ Մարտիրոսյանը գտնում է, որ Պ. Մսրյանի դիմումը կարելի է համարել հայցադիմում եւ քաղաքացուն պատասխանել միջնորդ դատարանի վճռով: Իբրեւ վճռի օրինականության հիմնավորում, նրանք ներկայացրին երկու միջնորդ համաձայնագրեր՝ կնքված Պերճանուշ Մսրյանի եւ նույն հասցեի սեփականատերեր Ս. Պարունովայի ու Ա. Օքսուզյանի միջեւ եւ Կենտրոնին վճարված 35 հազար դրամի կտրոնը: Համաձայն «Միջնորդ դատարանի (ՄԴ) մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի՝ հայցվորը պետք է ներկայացնի հայցադիմում, որտեղ պետք է նշված լինեն հայցվորի պահանջները, կողմերի անունը եւ հասցեն, հայցվորի պահանջների հիմքերը հաստատող ապացույցները, հայցագինը, ինչպես նաեւ հայցադիմումին կցված փաստաթղթերի ցանկը, միջնորդ դատարան կազմավորելու առաջարկությունը, հայցվորի նշանակած դատավորի անունը եւ այլն: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ Մանրամասները՝ առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել